Երբ մարդը ժամանակ ունեցավ ու ետ նայեց, տեսավ, որ անցյալը սուզվում է մոռացության մեջ։ «Չի կարող պատահել,-եղավ առաջին միտքը։ Ամեն անգամ, երբ հընթացս մի հայացք էր ձգել անցյալին եւ շտապ վերադարձել առօրյային, տպավորվել էր, թե այնտեղ ամեն ինչ կարգին է։ Որ այնտեղ, հիշողության դարանում օրերի ընթացքը տպված է անկորուստ, եւ միայն ժամանակ է պետք՝ պատկերաշարքը մտովի շարժման մեջ դնելու համար։ Բայց ահա ժամանակ ունեցավ եւ տեսավ, որ կյանքը իր հետքերը մի ծայրից ջնջում է։

«Ի՜նչ վիրավորական է,-մտածեց մարդը։ Այլեւս հասկանալի էր, անդունդը առջեւում չէ, որի եզրին ընդհատվում է կյանքը։ Որ մահը դարանակալ չի սպասում առջեւը՝ մի տեղ, այլ հուշիկ, գոյության հետքերը ջնջելով՝ գալիս է թիկունքից եւ երբ հասավ քեզ, առջեւում ոչինչ չի լինելու։ Եվ ոչ էլ անցյալում, որ ափսոսաս։ Եվ, այնուամենայնիվ, ափսոս էր այդ կյանքը։ Ափսոս էր այդպես մանրամասնորեն ապրել ու մատնել մոռացության։ Ափսոս էր այդ երեխան։ Խավարող հիշողության մեջ կայծկլտացող այդ լույս երեխայի պատկերն էր ափսոս, որ անիմանալի է ինչպես՝ լուծվեց այս մռայլ կազմի մեջ — ինքը անէացավ՝ անհասկանալի է երբ։ «Գրողը տանի քո անհավես մարմինը,-դառնացավ մենակ մարդը։

-Ի՜նչ լավ էր, այն երեխան չգիտեր քո գոյության մասին։ Եվ զգույշ, որպեսզի մարմնի մեջ մի տեղ մի ջիլ ցավոտ ձիգ չտա, զգույշ եւ ուշադիր վեր կացավ՝ իր համար սուրճ դնելու։ Հիմա ինքը պիտի խնձոր կլպելիս լիներ։ Կամ որդու հեծանիվը սարքելիս պիտի լիներ։ Կամ նման այլ բաներ, որ տանը անում են 50-ից հետո։ Այնինչ, հիմա իր ողջ կենսագործունեությունը ուղղված էր սեփական անձը սպասարկելուն։ Եվ ամեն մի գործողություն եթե ոչ անիմաստ, գոնե ձանձրալի էր։ Կլպած, կտրտած ու բոլորեքյան ափսեի մեջ շարած խնձորի համից ուրախացող չկար, հեծանիվը արագ գործի գցող հոր ձեռքի հմտությունով հպարտացող չկար, եւ նա դարձել էր ինքն իր ջանքերի սպառողը, ինքն իրեն գնահատողը՝ սալաթի համուհոտի հարցում, նույնիսկ ինքն իր ունկնդիրը, որովհետեւ սկսել էր ինքն իր հետ խոսել։ Երեք հարյուր քայլի վրա պետք է լիներ ծովը, որի ո'չ շունչն էր զգացվում, ո'չ ձայնն էր լսվում, որովհետեւ ծովը քաղաքից կտրում էր գիշեր-ցերեկ շառաչող մայրուղին։ Մայրուղուն կպած միհարկանի տներով ավանը ցերեկը կարծես չէր ապրում։ Մարդիկ դրսում էին լինում միայն հույժ անհրաժեշտության բերումով, իսկ մայրամուտից հետո երեխաներին քշում էին տները, որովհետեւ արեվածագից շատ առաջ սկսում էր տապը, իսկ երեխաները պիտի առնեին իրենց քունը եւ դպրոց գնային։ Տունը կարծես թե բարեխիղճ էր կառուցված եւ հնարավորին չափ մեկուսացված էր աշխարհից, բայց մողեսի ձագերը ծակուծուկ գտնում, սողոսկում էին զովի այդ դրախտը, որտեղ մարդը մենակ տերուտնօրեն էր՝ պատերով, առաստաղով հանդերձ անհասկանալիորեն ահռելի մի տարածքի, որտեղ օրվա տապից կարող էր շունչ քաշել միլիոն մողես։ Բայց մողեսների բախտը չէր բերել, որովհետեւ կենվորը զզվում էր սողուններից եւ առհասարակ լպրծուն բաներից։ Նա մինչեւ քսան տարեկան դառնալը նույնիսկ մակարոն չէր կերել (իսկ բրինձ չէր ուտում, որովհետեւ մեծ եղբայրը չէր ուտում), եւ երբ տնեցիները ճաշի էին նստում, մայրը ամեն անգամ հոգեպահուստ մի բան գտնում էր նրա համար։ Իսկ խաշի հանդեպ զզվանքը հաղթահարեց կամքի գերագույն լարումով։ Բայց դա, երեւի, անխուսափելի էր, որովհետեւ խաշը ոչ միայն հնարավորություն էր տալիս կիրակի առավոտ վաղ հավաքվել ընկերներով, այլեւ արարողություններից զուրկ հայ կյանքում խաշ ուտելը միակ ամբողջական արարողությունն է, որ կապված չէ հուղարկավորության, ցեղասպանության եւ այլ արհավիրքների հետ։ Այդ ժամանակ էլ սովորեց օղի խմել։ Թե այլ հարավցիներ ինչու են օղի խմում, չհասկացավ, բայց ինքը օղի սկսեց խմել՝ խաշի հանդեպ զզվանքը հաղթահարելու համար։ Թեեւ օղի խմելն էլ մի առանձին զզվանք էր։ Իսկ փորոտիքը, այնուամենայնիվ, ափսեից հանում էր միշտ, ինչպես մինչ այդ սոխն էր հանել։

...Պարզվեց, որ հեռուստացույցի էկրանից պոկ չգալու մարդկային կարողությունը անսահման է։ Նայել լինում էր գրեթե անընդհատ՝ օրուգիշեր եւ շաբաթներ շարունակ, նաեւ բազմոցի մեջ ննջել-արթնանալով, եւ հայտնի չէր՝ դա կբերի ծույլ-անմեղ ապուշությա՞ն, թե՞ ներսում դավադիր պրկվող մի լար հանկարծ կճայթի։ Մտածելու ընդունակությունը կորցնել պետք չէր ամեն պարագայում։ Իսկ գրելը մտածելու լավագույն ձեւն է։ Նման դեպքերում առաջին միտքը, որ գալիս է չնչին երկրի պաշտոնազրկված գեներալի գլուխը, հավատարմության ու դավաճանության, հեղափոխության ու հակահեղափոխության հավերժ թեման է։ Բայց այնքան ժամանակ չէր անցել, որ քաղաքականության թողած խորշանքը անցած լիներ, այնքան էլ թարմ չէին տպավորությունները, որ վիրավորվածությունը ձգտեր ժայթքելու։ Նաեւ այդքան անխելք չէր, որ մտածեր, թե իր կյանքի օրինակը մեկնումեկին դաս կլինի։ Պատմությունը ե՞րբ է մեկնումեկին դաս եղել, որ այսուհետեւ ինչ-որ մեկի համար լինի։ Ամեն ոք, ամեն սերունդ իր անկապտելի իրավունքն է համարում սեփական սխալների վրա սովորելը եւ այդ իրավունքից օգտվում է առավելագույնս ագրեսիվ։ Եվ երբ բավականաչափ սխալված է լինում, որպեսզի կարողանա դաս քաղել սեփական սխալներից, գալիս է հաջորդ սերնդի սխալվելու ժամանակը։ Ելքը անպաճույճ օրագրությունն էր։ Չորս պատերի մեջ անցկացրած աննման օրերի նկարագրությունը գերադասելի էր թվում, քան աննկատելիորեն բարձրաձայն մտածելուն անցնելը, ինչի նշանները երեւում էին։ Մնում էր հեռու վանել օրագիր պահող տասնչորս տարեկան աղջկա պատկերը։ Այդ պատկերը հուշում էր սենտիմենտով ցեխ դառնալու վտանգը, ինչը ոչնչով լավ չէր վաղաժամ զառամախտից։ Որոնք, գուցե, նույն երեւույթի երկու դրսեւորումներն էին։ Բայց ահա գրիչը երկար ժամանակ չէր նստում ձեռքին։ Երեւի այդպես եղել էր առաջին անգամ սափրվելիս։ Այդպես հաստատ լինում է տեւական հիվանդությունից հետո շապիկի կոճակները կոճկելիս։ Երբ տարին տարվա վրա սուրճը դնում են օգնականները, գրում են օգնականները, զենքը յուղում են, հեռախոսը լիցքավորում են... Հարկադիր պորտաբույծի այդ առօրյայում գրելուց մնում է մակագրելը, մտածելուց՝ այլոց մտքերին հավանություն տալը կամ չտալը, իսկ մնացած բաներից' միայն այն, ինչ չեն անում ուրիշի ներկայությամբ նույնիսկ օրուգիշեր թիկնազորով շրջապատված գեներալները։ Եվ երբ մարդը վերջնականապես մնում է մենակ, երկար ժամանակ չի կարողանում հասկանալ՝ դա ծերությունի՞ց է, թե՞ անբանության վարժվելուց։ Այդպես շփոթված է լինում դպրոցականը ամառային արձակուրդներից հետո։ Թե՛ գրիչը չի նստում ձեռքին, թե՛ չի կենտրոնանում թելադրության վրա։ Իսկ դասատուն բութ է ու չի հասկանում, որ թելադրության փոխարեն երեխային պետք է շարադրությունով, աստիճանաբար ամռան օրերից ետ բերել դասարան։ ... Սուրճը այս անգամ էլ թափվեց։ Սեւեռուն նայում էր սրճեփի բերանին, նույնիսկ երկու քայլ չարեց գավաթը ողողելու համար, բայց փրփուրի բարձրանալը չնկատեց։ Խնդիրը հիմա այն էր՝ անմիջապես մաքրի՞, քանի դեռ թափվածքը չի չորացել տաքացած էմալի վրա, թե՞ մնա սուրճ խմելուց հետո։ Հետոյին մնալը ժամանակ էր խլելու։ «Իսկ ժամանակիդ ի՞նչ է եղել,- հեգնեց Մենակը։ Ժամանակ առ ժամանակ բեռնատարի մի հռնդյուն, մարդատարի մի շչակ հիշեցնում էր, որ տան պատերից դուրս, այնուամենայնիվ, ինչ-որ կյանք կա։ Այդ կյանքի գոյությունը հիշեցնում էր, մեկ էլ, ճնճղուկների ձայնը մայրամուտից հետո։ Որտե՞ղ են ճնճղուկները թաքնվում ցերեկը անստվեր այս երկրում։ Ինքը ինչքան պիտի ապրի այս երկրում, որ արմավենու ստվերը համարի ստվեր, եւ ճնճղուկների ճռվողյունը արմավենու սաղարթների մեջ հնչի համոզիչ։ Ավելի համոզիչ կլիներ կաչաղակի գոյությունը։ Կամ ավելի բազմերանգ մի բանի։ Իսկ ճնճղուկը պատկերանում է վաղ գարնան հալոցքի ջրերի մեջ ցայվելիս։ Եվ եթե ծառի գոյությունը անխուսափելի է այդ պատկերի մեջ, ծառը պիտի ուռի լինի կամ ծիրանի ծառ՝ խոնավ շիվերը բողբոջելու խոստումով մգացած։ Եվ եթե հալոցքի ջրերում ձմռան անսնունդ օրերին նիհարած, բայց գարնան վրա առույգի եկած ճնճղուկը կա, հնարավոր չէ, որ կողքը չհայտնվի փողքերը քշտած ու սանդալները բոբիկ ոտքերին, ճիպոտը ձեռքին, չփչփոցով ճնճղուկներին հալածող երեխան։ «Արդյո՞ք քո որդին քո կորցրած մանկության որոնումը չէ,-զգուշորեն, եռման սուրճի առաջին կումը անելու նման մտածեց Մենակը։ Հիմա սուրճը պետք էր խնամքով տեղափոխել աշխատասենյակ - այդպես անվանել էր երկու սենյակներից մեկը, որտեղ չէր քնում։ Մոխրամանը վերցնի՞ հետը, թե՞ կվերադառնա... Բայց վերցրեց հետը։ Իհարկե, շտապելու տեղ չուներ, բայց եթե ողջ կյանքում շարժումներդ արդյունավետ դարձնելուն ես վարժվել, դա անհնար է փոխել, թեկուզեւ օրդ անվերջանալի լինի, եւ ժամանակդ' անսահման։ Այդպես էլ չսովորեց սուրճը ափսեով խոհանոցից տեղափոխել սենյակ։ Ափսեին դրած թափում էր։ Եվ երբ մի քանի տարի առաջ կռահեց, որ պետք է բաժակը առանձին պահել, ափսեն՝ առանձին, արդեն ուշ էր։ Նաեւ վիրավորական էր այդքան ուշ հասկանալը։ Նույնքան վիրավորվեց իր համար ու հպարտացավ որդու համար, երբ տեսավ՝ ինչպես էր դեռ վեցամյա որդին օճառում մի ձեռքը՝ ուղղանկյուն օճառը մի ափի մեջ պտտեցնելով։ Այդ տարիքում, երբ մի կյանք է վատնվում կոշիկի քուղերը կապել սովորելու վրա, դժվար է մտածել, թե մի տեղ մեկ անգամ տեսել-սովորել էր։ Բարեբախտաբար, ինչ-ինչ հմտություններ կապիկից դեռ մնացել են մարդու մեջ եւ եթե մեր մեջ չեն դրսեւորվում, մեզնով փոխանցվում են մեր երեխաներին։ Մի խոսքով, եթե սուրճը չէր մատուցվում, խմում էր առանց ափսեի։ Բայց այն դեպքում, երբ պահը ներքուստ հանդիսավոր էր թվում, վերադառնում էր խոհանոց՝ ափսեն բաժակին հասցնելու։ Միաժամանակ փոխում էր մոխրամանը։ «Եվ եթե այդպես է,- մտածեց Մենակը՝ առանց հեռուստացույցի պատկերը ընկալելու,-եթե քո երեխան քո կորցրած մանկության որոնումն է, ապա ի՞նչ էր քո մանկությունը, եթե ոչ ծնողիդ որոնումը իր սեփական մանկության...ե։ ... Ծխախոտը կպցրեց ֆիլտրով ծայրից։ Սխալ կպցնելիս առաջին ռեակցիան այն էր լինում, որ ծխախոտը արագ շուռ էր տալիս եւ հալված ֆիլտրով վառում լեզուն։ Հետեւյալ շարժումով միայն ծխախոտը նետում էր մոխրամանի մեջ։ Այդ բանի հետ արդեն հաշտվել էր։ «Այդ դեպքում ո՞րն է քո հատվածը այդ շղթայում։ Ե՞րբ է երեխան ձերբազատվում ծնողից։ Մեծանալով՝ ինչքա՞ն։ Կռահելով ի՞նչ։ Արդյո՞ք ամեն նոր երեխայով ծնվում են նորից, փորձում են վերհիշել մի տարիք, երբ մահվան մասին նույնքան պատկերացում ունեն, որքան' կյանքի, այսինքն՝ ոչ մի... Կյանքի անվերջանալիության զգացողության կարճ մի շրջան, որը գուցե կարիք ունի վերստին, շարունակաբար խաղարկվելու՝ որպես իսկական վարկածը չափահաս մարդու արդեն կարծես թե չեղած կյանքի... Չեղած, որովհետեւ կյանքը այնտեղ էր, որտեղ չկար մահվան գիտակցումը։ Հետո զարմանալիորեն եկավ մահվան գոյության գիտակցումը, անմիջապես էլ սարսափը՝ անհասկանալիի հանդեպ, հետո՝ տարակուսանքը, բայց' ինչո՞ւ։ Եվ այնուհետեւ դա եղավ ոչ թե կյանք, որ էր մինչեւ Առաջին Սարսափի Պահը, այլ մահին խաբս տալու հնարքների մի երկար ընթացք։ Այլ անդուլ ստորաքարշություն Աստծո առաջ։ Սուրճը դառը թվաց։ Առավել դառը, քան անշաքար սուրճը պիտի լիներ։ Արժեր մի կտոր շաքարով քաղցրացնել օրը, վերջին հաշվով նոր շաբաթ էր սկսվում։ Անցած տասնմեկ ամիսների օրերի հաջորդականության մեջ միայն այն էր տեղի ունենում, որ շաբաթը սկսվում, շաբաթը վերջանում էր։ Չհաշված, որ օրը լուսանում-օրը մթնում էր։ Բայց անկախ այն բանից՝ օրը ուշ կմթնի, թե շուտ կլուսանա, անկախ այն բանից՝ լուսինը կբոլորի, թե' ոչ, ժամանակի հոգեմաշ ընթացք կոտորակող արհեստական շեշտեր են հարկավոր։ Օրը՝ առաջին բաժակ սուրճից հետո, շաբաթ օրը կիրակիից առաջ, թեթեւ երեքշաբթին՝ ծանր երկուշաբթի օրվանից հետո... Երկրի ձգողականությունը բավարար է մարդուս կանգուն պահելու համար, բայց բավարար չէ հոգեկան հավասարակշռությունը պահպանելու համար՝ ժամանակի անբեկբեկ ընթացքի մեջ։ Մարդը չի կարող ժամանակի ձյութե հոսքի մեջ լռած հոսել ու ծեփվել տիեզերքի անհունությանը։ «Գոհացիր սուրճիդ այս պահի համով,-ինքն իրեն խորհուրդ տվեց Մենակը։ Պետք է վայելել այն զգացողությունը, որ այսօր նույն սուրճից ես խմում, ինչ խմել ես տասնհինգ տարի առաջ։ Չի բացառվում, որ վաղուց արդեն դա նույն սուրճը չէ, հնարավոր է, որ համն է արդեն ուրիշ, բայց համի հիշողությունը ասում է՝ նույնն է։ Չի բացառվում նաեւ, որ եթե երբեւէ կորսվի անգամ համի զգացողությունդ, համի հիշողությունը թույլ չի տա կռահել այդ մասին։ Հնարավոր է անգամ, որ երբ մահը մոտ լինի, ապրելու սովորույթը թույլ չի տալու կռահել այդ մասին։ Ամեն անգամ խոհանոցի պատուհանից դուրս նայելը խիզախություն էր։ Իսկ դուրսը անշարժ արմավենին էր՝ հարեւանի բակում, եւ' իր տան պարսպի կուրացուցիչ ճերմակ պատը։ Այս ճերմակությունը ինչի՞ համար է։ Արեւից երկնքին նայել չի լինում, ծովը կուրացնում է առավել անգութ, ցամաքային այս համատարած ճերմակը մի՞թե նրա համար է, որ տառապանքը կատարյալ լինի։ Ծովի մոտիկությունը ոչնչով չէր զգացվում։ Հարավային ծովը անապատի շարունակությունն է հեղուկ վիճակում։ Դեռ պիտի շնորհակալ լինել ծովին, որ չի խաշում ձկներին ու շպրտում ափ։ ... Անապատի անողորմ աստված, դու հո լավ գիտես, որ այստեղ պիտի ծնվեր Փրկչի առասպելը։ Այստեղ պիտի ծլեր Դրախտի հույսը, որովհետեւ կլոր տարին ցերեկը դժոխք է, եւ մութը, որ սառը գույնի էր լինելու, տաք է դժոխքի կպրեկարասի նման, եւ օդի շարժումը ոչ թե քամի է, այլ կրակի բոցերի պես լիզում է մարդուս մարմինը։ Այստեղ չէր կարող հավատը մոլեռանդ չլինել, որովհետեւ երկրային դժոխքից փրկվելու այլ միջոց չկա՝ մոլեգնորեն փրկություն հայցելուց եւ փրկությանը մոլեռանդորեն հավատալուց բացի։ Եվ չէր կարող փրկիչը մարդու տեսքով չլինել, քանի որ ավազուտներում եւ ապառաժների մեջ օգտակար ու ապավեն բան չկա, որը տոտեմի դեր ստանձնելու պիտանի լիներ։ Ուղտին չի կարելի ուտել, հեծնել եւ հավատալ միաժամանակ։ Եվ պաշտամունքի առարկան մնում էր էլի մարդակերպը, որը, սակայն, ծնված պիտի լիներ մեզ նման անօգնական։ Եվ չիմանար ճանապարհը այն մյուս, իսկական կյանքի։ Իսկական, որովհետեւ այս մեկը կարծես թե չստացվեց։ Չստացվեց, որովհետեւ չգոյության հակառակը չի կարող տառապանքը լինել։ Ոչ ոք իր կամքով չի եկել այս աշխարհ անգոյությունից, եւ ուրեմն կյանքը չի կարող պատիժ լինել, որովհետեւ պատիժ չի հասնում անմեղին։ Ոչ ոք իր կամքով չի եկել, հետեւաբար, նրա համար չի եկել, որ գնալը լինի ցավագնորեն գիտակցելի։ Վերջին հաշվով, կյանքը այնպիսի գին է, որի դիմաց բնությունը չէր կարող հատուցել նենգությամբ։ Անցումը դեպի անէություն, ամենաքիչը, պիտի լինի չգիտակցված, ինչպես չի գիտակցվել ծնունդը։ Հակառակը կլիներ անտրամաբանական։ Հյուլե առ հյուլե տրամաբանված տիեզերական գոյության այս ընթացքի մեջ անտրամաբանական այդ պահը չի կարող լինել։ Գոյության վերջի գիտակցում չի կարող լինել, որովհետեւ չի կարող լինել վերջին պահի գիտակցումը։ Վերջին պահի գիտակցումը բացառվում է, որովհետեւ դրան պիտի նախորդի նախավերջին պահի զգացողությունը։ Բայց ամբողջ հարցն այն է, որ հենց այդ պահի ընկալումն է անհնար, որովհետեւ ոչ ոք մինչեւ վերջ չի հավատալու վերջին պահի անխուսափելիությանը։ -Պիտի որ չհավատա,-ցածրաձայն ասաց Մենակը։ Այդ օրերից մի օրը նա քնից կտրուկ արթնացավ ու հասկացավ, որ նախորդ պահին սիրտը մի երկվայրկյան դադար էր առել։ Եվ հասկացավ, որ այդպես է լինում։ Դադարը, ժամանակավոր, թե հավերժ, չեն զգում։ Զգում են դադարից վերադառնալը։ Ինչպես ուշաթափությունից ետ գալն են զգում եւ չեն զգում գնալը։
Վանո Սիրադեղյան