Հայրենիքի, անշուշտ, մեծն է լավը: Ինչպես եւ վարունգի' կանաչը: Աղջկա՝ կույսը: Կրծքի՝ երկու հատը: Ազգի՝ համաշխարհայինը: Դեպուտատի՝ օգտագործածը: Ռեզինի կոմպլեմենտարը՝ վերջում գլխին քաշելու համար: Խմբագրի՝ քյարթուն: Պուտանկի՝ մատղաշը: Խաշի՝ թափանցիկը: Իկեբանայի՝ ժինգալով հացը...
Ազգին չկպչենք: Որովհետեւ ազգը չի կարող լինել ախմախ: Անհատապես, բոլորը կարող են լինել անխելք, բայց հավաքականորեն ազգը լինում է երկու տիպի. ամերիկացու տիպը՝ տուպոյ, հարուստ ու անդարդ, եւ հայի տիպը՝ շուստրի, թշվառ ու մտահոգ: Մի խոսքով՝ անբախտ:
Ո՞վ չէր ուզենա, որ իր երկրի բյուջեն լինի Ամերիկայի բյուջեի չափ, բանակը՝ չինականի, Փոքր Մասիսը՝ Մեծից բարձր, իսկ Հայրենիքը՝ մի քանի հատ, ու բոլորը՝ պատմական: Նաեւ՝ ծովից ծով:
Ընդհանրապես, սովորական «սկտրչի» ազգերը ընդամենը մեկ հայրենիք են ունենում, բայց արի ու տես, որ այն ոչ միայն սիրում են, այլև, որքան էլ տարօրինակ թվա, այնտեղ ապրում են: Անկախ այն բանից՝ մեծ է, թե փոքր: Հաստ է, թե բարակ: Երկար է, թե կարճ: Քարից հաց քամելու մազոխիստական հաճույքի հնարավորություն պարգեւում է, թե ոչ: Պատմական թշնամի ունենալու բերկրանք պատճառում է, թե չի պատճառում:
Ճիշտ է, ամենքն էլ հոգու խորքում ուզում են մեկից ավելի հայրենիք: Նրանք էլ են հոգու խորքում ուզում մի քիչ ավելի լեն դաշտ, մի քիչ ավելի խոր գետ: Բայց որովհետեւ բոլորն են ուզում՝ ամենքը ստիպված յոլա է գնում եղածով. կինը՝ աստծո տված ամուսնու ներուժով, ամուսինը՝ իր կնոջ նաղդով: Ձախ ու աջ շեղումներն էլ լինում են անհատական թուլությունների շրջանակներում, ոչ թե մերի նման ազգային-համազգային-մղձավանջային: Համենայն դեպս, հրապարակային քննարկման առարկա չեն դարձնում մեծն ու փոքրը, հաստն ու բարակը, կանաչն ու ճլորածը: Համենայնդեպս, ուստեն՝ ի նշան բողոքի, պատին զարկելով չի ջարդում իր չաքուչը, ինչ է թե՝ ուրիշինի կոթը բռնելու ավելի հարմար է:
Լոռեցիք անհիմն շատն ու մեծը ուզող ուզվորի համար ազդեցիկ մի խոսք ունեն, թե՝ «Շատը գոմշի թրիքն է, իսկ մեծը՝ իշի ****»: Հասկացանք: Խոսքը մեր մեջ, եթե հայրենիքումդ չես ապրում, քո համար ի՞նչ տարբերություն՝ մեծ է, թե փոքր, հաստ է, թե բարակ, պատմական է, թե ներկա: Բայց սա մահկանացու հայաստանցու միտք է, այլ ոչ կենցաղային ու քաղաքական գողուբոզի, որի համար մեծը նշանակում է կուշտ ու անպատասխանատու: Մի տեղ ապրում են, մյուս տեղը գողանում, երրորդ տեղը թռցրածը թաքցնում, չորրորդ տեղը շնանում... Էլ չեմ ասում բնածին ապուշության մասին: Բայց պարզվում է՝ նրանք դա մեզ համար են անում: Մեզ համար են պահանջում մեծ Հայաստան: Իրենց հազար տարի պետք չի: Այդ մեզ ու ազգի համար են իրենցը ճղում: Իրենց ո´չ նախնիներն են ապրել այս հողում, ո´չ իրենք են ապրում, ո´չ էլ իրենց սերունդներն են ապրելու: Այդ մեծ հայրենիքը, պարզվում է, նրանք ուզում են մեզ ու մեր երեխաների համար: Իսկ մենք երկու ոտքներս դրել մի ոտնամանում ու գոռում ենք՝ «Չէ՜, մենք պուճուր Հայրենիք ենք ուզում»:
Ճիշտն ասած, մենք էլ ենք մեր հոգու խորքում մեծ Հայրենիք ուզում, ինչպես ամեն մի կով փորի, թե մայրական բնազդով ուզում է ավելի ընդարձակ մարգագետին: Բայց ի տարբերություն մայրական-անասնական բնազդով ընդարձակ մարգագետին տենչացող կովի, մենք չենք ուզում ազգովին դառնալ այն թերմաշը, որը, հենց կողքից մեկը գոչում է՝ «Հրե´ս խիարը», աղը առած վազում է՝ վրան ցանելու: Իհարկե, գոնե մեկ անգամ կծելու հույսով: Բայց ինչո՞ւ սկսեցինք ու վերջացրինք կանաչ խիարի պատմությամբ: Չէ՞ որ խոսքը Հայրենիքի մասին էր լինելու: