1914 թվականն էր, Ղուկաս Խաչատրյանը, Իշխան գյուղի բնակիչ, բնիկ իշխանցի, 29 տարեկանում զորակոչվում է թուրքական բանակ, թողնելով ընտանիքը, բաղկացած տասը անձից, որոնցից հինգը իր զավակներն էին' երեք տղա և երկու աղջիկ:
…Վրա էր հասել 1915 թվականը: Սպանդ: Եղեռնի հարվածի ուժգնությունից շատ մանուկների, պատահել է նաև մեծերի' անուններն են ջնջվել ու մոռացվել ոչ միայն եղբայրների ու քույրերի հիշողությունից, այլև, փաստեր կան' նաև ծնողների: Բռնի տեղահանությունը' տունը, գյուղը, քաղաքը կորցնելը, մի խոսքով Հայրենիքից զրկվելը այնպիսի մի երևույթ է, կայծակի այնպիսի հուժկու հարված, ինչը ժամանակակից ընդունված տերմինով կոչվում է «սթրես»: Այդ հարվածը ոմանց հասցրել է խելագարության, ոմանց' ջղերի պրկման, որ ուղեկցվել է ամբողջ կյանքում կամ էլ' հիշողությունից ջնջել է արյունակցի, հարազատի պատկերն ու անունը: Այսպես ուրեմն' Ղուկաս Խաչատրյանը, 1914 թ. զորակոչվեց թուրքական բանակ: Այդ թվականից ոչ ընտանիքը և ոչ Ղուկասը միմյանցից լուր չառան, մինչև…
1955 թ., օգոստոսի 20: Հենց սկզբից ասեմ' դա մի օր էր, երբ մեր ընտանիքը հայտնվեց պտտահողմի մեջ: Պատուհանից դուրս էի նայում: Տեսա մի անծանոթ մարդու, որ մոտեցավ և կանգնեց մեր դռան առջև: Դուրս եկա'
-Ում եք ուզում…
-Ղուկաս Խաչատրյանի տունն է,-հարցրեց:
-Այո,- ասացի: Նա շարունակեց.
-Փարիզից նամակ ստացե՞լ եք:
-Առհասարակ ստանում ենք, բայց այս քանի օրս' ոչ: Սակայն դուք ո՞վ եք, ինչո՞ւ եք հարցնում, ի՞նչ է պատահել:
Մարդը զգաց, որ անհանգստացա, ասաց.
-Վատ բան մի մտածեք: Ես Ղուկասի որդու, Ղազարոսի ընկերն եմ: Ֆրանսիայից վաղուց եմ ներգաղթել: Լուր ունեմ, որ ֆրանսահայ մի խումբ զբոսաշրջիկներ այսօր ժամանելու են Երևան: Նրանց մեջ է նաև Ղազարոսը:
-Ե՞րբ են գալու,- հարցնում եմ:
-Մոտ մեկ ժամ հետո:
Լուրն այնքան անակնկալ էր, որ ես, անծանոթին մոռացած, բղավեցի.
-Մայրիկ, արի տես ինչ է ասում այս մարդը: Ղազարոսն է գալիս, արդեն եկել է… Դու երեխաներին նայիր, ես վազեմ հայրիկին իմաց տամ: Ալմաստ մայրիկը շփոթմունքից իրեն կորցրած. «Վա՜յ, քոռանամ ես, տղան եկել է, իսկ մենք խաբար չենք»:
Անծանոթից տեղեկացա, որ ֆրանսահայերն ավտոբուսով Էջմիածնից կժամանեն Երևան, Մոսկվա կինոթատրոնի հրապարակ, «Ինտուրիստ» հյուրանոցի դիմաց:
Համալսարանի Սև շենքը մեր տնից հազիվ մի կանգառի չափ էր հեռու: Վազելով գնում եմ, մի կողմից էլ արցունքներս են թափվում: Ղուկաս հայրիկին ինչպե՞ս նախապատրաստեմ: Համալսարանի առաջին հարկում աշխատողներից ում հանդիպում եմ, հարցնում եմ.
-Ղուկասին եմ փնտրում, պարետի օգնականին, որտե՞ղ է:
Քիչ անց, չգիտեմ որ հարկից, սկեսրայրիս գտան բերեցին:
-Հայրիկ, գնալու ենք տուն: Շատ լավ, շատ ուրախ բան է պատահել:
-Ասում ես լավ բա՞ն է պատահել: Հապա ինչո՞ւ կուլաս:
-Հայրիկ, Ֆրանսիայից հայեր են եկել: Ղազարոսից լուր ունեն:
Ես գրկում եմ հայրիկի ուսերը և ասում.
-Ղազարո՛սն է եկել… – Եվ' լսում եմ հայրիկին, որ ասում է.
-Աս աղջիկը խենթ է, ի՞նչ կըսես, Ղազարո՞սն է եկել:
Իսկ ես, ի պատասխան' որտե՞ղ է հեռախոսը, Ահարոնին իմաց տանք:
Մինչև մենք տուն հասանք, Ահարոնն արդեն դռան առջև մեզ էր սպասում: Ալմաստ մայրիկը, ուրախությունից իրեն կորցրած, ասում է.
-Շուտ ըրեք, տղան էկել է, շուտ, գնացեք, առեք ու բերեք…
Երեքով արագ-արագ Պլանի գլխից, Աբովյան փողոցով իջնում ենք: Հայրիկը մեջտեղում: Ես ու Ահարոնն ստեպ-ստեպ նայում ենք նրան: Վախենում ենք: Ասում են, չէ՞, ուրախությանն ու հուզմունքին էլ է դժվար դիմանալը: Դեմքը, ասես, քարացել է, ոչինչ չի արտահայտում: Քանի՜ տասնամյակ է անցել: Եվ հիմա, ընդամենը մի քանի րոպե անց, հանդիպելու է որդուն:
Քառասունմեկ տարի անց: Թեև հետո, նրանք, որ ներկա էին եղել կամ ուրիշներից իմացել, ասելու էին' լսե՞լ եք հայր ու որդի քառասուն տարի անց հանդիպել են իրար:
Խորհրդավոր քառասուն թվի կողքին ի՞նչ է այն մեկ տարին, որ ավելացնեին: Երբ հասանք «Մոսկվա» կինոթատրոն, տեսանք, որ հրապարակը լցված է մարդկանցով: Մեծ մասը ֆրանսահայ հայրենադարձներ էին, խոսում էին արևմտահայերեն կամ ֆրանսերեն: Շատերի ձեռքերում ծաղկեփնջեր կային: Անցորդներից ոմանք կանգնում էին' այս ո՞ւմ եք դիմավորելու: Ավտոբուսն ուշանում էր: Մարդիկ անհամբեր էին: Ղազարոսի ընկերը, ով մեզ լուր էր բերել, բազմության մեջ գտավ մեզ և կանգնեց մեր կողքին: Նրա միջոցով արդեն ոմանք իմացել էին' հայրն սպասում է Եղեռնի ժամանակ կորցրած որդուն: Եվ չէին հեռանում: Սպասում էին:
Վերջապես: Մենք երեքով կանգնած ենք ավտոբուսի դռան դիմաց: Մի կողմից ես, մյուս կողմից Ահարոնը բռնել ենք հայրիկի ձեռքերից: Մեկ առ մեկ իջնում են, իսկ մենք լարված ուշադրությամբ զննում ենք նրանց: Լուսանկարներով շատ ենք տեսել, բայց արդյո՞ք կճանաչենք:
Եվ ահա դռան բացվածքում երևաց Ղազարոսը: Ես, որ հուզմունքի չեմ դիմանում, բղավեցի.
-Ղազարո՜ս…
Որդին որքան նման էր հորը: Ինչպես ասում են' մի խնձոր կիսած: Եթե ոչ մի լուսանկար էլ տեսած չլինեի, այդ նմանությունը բավական էր, որ անմիջապես ճանաչեի:
Ղազարոսն իջավ և գրկեց հորը, իր նմանակին: Նրանք չէին խոսում, ոչ էլ իրար էին նայում: Նրանք պարզապես գտել էին իրար, ամուր փաթաթվել էին, որդին' վեց տարեկանի հիշողությամբ, հայրը' քսանինը: Մեզ շրջապատած մարդիկ ասում էին.
-Հայր ու որդի են, Եղեռնի ժամանակ էին իրար կորցրել…
Թե ֆրանսահայերը, որ տեղյակ էին Ղազարոսի ճակատագրին, թե պատահական անցորդները, բոլորը ուրախ, այս ու այն կողմից ասում էին' շնորհավոր լինի, աչքերդ լույս լինի: Փաստորեն ֆրանսահայ առաջին զբոսաշրջիկների այցը հայրենիք զուգադիպեց այս ուրախ և չափազանց սրտառուչ անակնկալին: Ինչպես Ալմաստ մայրիկն էր պատվիրել' երեքով Ղազարոսին առինք ու տունբերինք:
Մենք մի սենյակ ունեինք: Երկրի նման լողքարը կտուրին: Հայրիկին, իր երկու որդիների' Ղազարոսի և Ահարոնի հետ այդտեղ տեղավորեցինք: Իսկ Ալմաստն ու ես, երկու փոքրիկներիս հետ կից հատվածում մնացինք: Երբեմն սենյակից ձայներ էին լսվում'
-Հայրիկ, կհիշե՞ս…
-Ղազարոս, կհիշե՞ս…
Մինչ կեսգիշեր հայր ու որդի զրուցում էին: Իշխան գյո՞ւղն էր վերակենդանացել: Այդ քաղցր հուշերից հետո ամեն մեկն իր գլխով անցածն էր պատմում, լռելով ամենադաժան եղելությունների մասին:
Ահարոնը, փոքր որդին, գիշերային զրույցների ունկնդիրն էր: Նա շատ խորն ապրեց այդ ցնցող իրադարձությունը: Վերջապես նա հնարավորություն ունեցավ ասելու' եղբայրս: Մի քաղցր բառ, որ երբեք բարձաձայն չէր արտասանել: Եվ' ունկնդիրը եղավ իր հոր և մեծ եղբոր գիշերային երկար զրույցներին:
Իսկ ցերեկները…
Տասը օր Ղուկաս Խաչատրյանի տան դուռը, ինչպես ժողովուրդն է ասում, դարձել էր ջաղչի դուռ: Գալիս էին Ղազարոսի ընկերները, ովքեր տարիներ առաջ էին ներգաղթել Հայաստան: Նրանք հարցուփորձ էին անում Փարիզի իրենց ընկերներից, բարեկամներից: Գալիս էին հայրիկի ընկերները, մեր հարևանները, ազգականները: Համարյա ամեն օր մեր սեղանի շուրջ մեկ կամ երկու անծանոթ էին նստած լինում: Հատկապես մեկը, բեղերով, խոշորակազմ մի տղամարդ: Նրանց գնալուց հետո պարզվում էր, որ այդ մարդիկ անծանոթ էին թե՞ Ղազարոսին, թե՞ մեր ընտանիքի անդամներին: Տարօրինակ մի բան էլ բացահայտվեց: Ղազարոսի գալու օրվանից մեր տան դիմացի այգում, պահակի նման մի մարդ էր կանգնում, ուշադիր հետևելով գնացող եկողներին: Մեզնից առաջ այդ բանը հարևաններն էին նկատել: Կապիտալիստական երկրից զբոսաշրջիկներ էին եկել, Ֆրանսիայից առաջին խումբը…
Ի՞նչ իմանաս, ի՞նչ կարող էր պատահել: Այնուամենայնիվ, ոչ տանը, ոչ էլ դրսում հսկողությունը չխանգարեց, որ մեր թանկագին հյուրը, տասը օրը, ինչպես գիշերները, այնպես էլ տեսարժան վայրերն այցելելուց հետո, մեր տանն անցկացներ:
Ներողամիտ եղեք, որ հոր և որդու բացառիկ հանդիպման մեջ ներթափանցեց վերոհիշյալ ցավալի իրողությունը: Չէ՞ որ տասնամյակներ շարունակ այն եղել էր մեր կյանքի անբաժան մասը: Սովետի ամենատես աչքը ամենուր էր թշնամի որոնում:
…Լուրը հասել էր նաև Ավետիք Իսահակյանին: Ասում են, թե ծերունազարդ բանաստեղծը շատ էր հուզվել ու արտասվել: Ասել էր' «Հայ ժողովուրդ, սա՞ էր լինելու քո ճակատագիրը»:
Ասել էր' «Նորից վերքերս թարմացան»:
Իսկ ես համոզված եմ, որ սրտի ցավով ասած կլինի նաև' Քույրիկ, ասա, ո՞րն է ճամփան Բինգյոլի…
Հոր և որդու հանդիպումից մի լուսանկար է մնացել, շատ խորհրդանշանական լուսանկար: Հայրիկն իր որդուն տարել էր համալսարանը ցույց տալու: Սև շենքը: Բոլոր հարկերը, դահլիճները, լաբորատորիաները տեսնելուց հետո, միասին իջել էին բակ, որտեղ հուղարկավորված էր Հակոբ Մանանդյանը, առաջին ռեկտորը:
-Ղազարոս, ուզում եմ իմանաս, որ նա շատ մեծ մարդ էր, բարի էր, գիտուն էր, զրուցասեր էր: Իմացի, համալսարանի հիմնադրման համար նա մեծ գործ է արել: Իսկ ինձ, ծանր օրե րիս մխիթարել ու սիրտ է տվել: Եկ, տղաս, Ահարոնը թող մեզ լուսանկարի շենքի դիմաց, 1922 թվականից մինչև օրս ո՛չ թե երկրորդ, այլ իմ առաջին տունն այս է եղել:
Ձայն Համշենական
N 5-6 2012թ.