Այս օրերին համացանցում լայն քննարկման թեմա է դարձել Ուկրաինայում ռուս անվանի զորավար Կուտուզովի արձանն ապամոնտաժելու լուրը: Զարմացողներին հիշեցնեմ, որ մեր երկրում էլ ազգային զարթոնքի պոռթկումը հասավ այն ծայրահեղության, որ Երևանում ավիրվեցին Պուշկինի ու Չեխովի արձանները, և դրա համատեքստում վերանվանվեց Արաբկիր վարչական շրջանում գտնվող Կուտուզովի փողոցը: Ի դեպ, այդ փողոցի վրա է գտնվում այն շենքը, որտեղ շուրջ 20 տարի ապրել եմ: Մենք էլ էինք զարմացած հետաքրքրասերներին կիսահումորային պատասխաններ տալիս, որ դե երևի մեր իշխանավորները պարզել էին, որ Կուտուզովն էլ էր կոմունիստ եղել:

 


Իսկ Կոտուզովին չի կարելի մի աչքով նայել: Բավական է նշել, որ պատմությունն արդեն շուրջ 200 տարի Ալեքսանդր Սուվորովին ու Միխայիլ Կուտուզովին կանգնեցրել է մի շարքում՝ համարել նույն մեծության զորավարներ, թեպետ առաջինն աչքի է ընկել իր խիզախությամբ ու ռազմական տաղանդով, մարդ ով Իզմայիլի անառիկ ամրոցն է գրավել ու ալպյան արշավանքն իրականացրել, իսկ երկրորդը՝ զինվորների մարտական ոգին բարձրացնելու ու հավատը վերականգնելու համար ստիպված թշնամու դեմ կռվի է բռնվել՝ Բորոդինոյի ճակատամարտում ու պարտություն կրել, հետ քաշվել, Մոսկվան հանձնել, իսկ հետագայում բոլոր հանձնած բնագծերը հետ նվաճել ու փայլուն հաղթանակ տարել պատերազմում:

 


Այո, Կուտուզովի օրինակը բավական ուսուցանելի է, երբ զորահրամանատարն իր ուժերը ճիշտ է գնահատել ու հասկացել, որ չհիմնավորված խիզախությունը՝ սեփական զինվորների արյան հաշվին, երբեք գերադասելի չի կարող լինել, կշռադատված նահանջից ու սեփական աստեղային պահը ճիշտ ընտրելուց ու օգտագործելուց:
Այս հարցի վրա միայն արձանի ավերման առիթով չէի ծանրանա, ես սա առանձնահատուկ կարևորեցի մեկ այլ առիթով: Անցյալ տարի նախագահական ընտրություններից առաջ բավական ազդեցիկ ուժեր ու անհատ գործիչներ հրաժարվեցին մասնակցել ընտրություններին: Իհարկե, դա արդարացիորեն հիասթափություն առաջարեց հասարակության մոտ, որի բացարձակ մեծամասնությունն օր առաջ ցանկանում է տապալված տեսնել այս ապազգային իշխանություններին: Շատերը կարծում էին, որ պայքարն արդեն կարող է շարունակվել հաջորդ ընտրությունների ժամանակ, իսկ դա 4 տարի հետո էր, մինչդեռ օրով ապրող մեր շատ հայրենակիցների համար դա ուղղակի անընդունելի էր: Բայց երբ հիմա տեսնում ենք, որ քաղաքական դաշտում գնում է կոնսոլիդացիայի պրոցես, որ դա կարող է հանգեցնել հաջողությունների ու հասարակության մոտ էլ կամաց-կամաց հույսը վերականգնվում է, իշխանությունների մոտ դա մի իսկական զայրույթ է առաջացրել, քանի որ չէին սպասում նման զարգացումների:

 

Սա է պատճառը, որ իշխանական քարոզչամեքենան առավոտից երեկո ողողում է հանրային տարածքն այն պարզունակ մտքերով, թե ինչպես կարող են այս ուժերը միավորվել ու հաջողության հասնել, երբ մի տարի առաջ չպայքարեցին: Դե եթե չեն կարող, ապա փոխանակ ուրախանաք, ինչո՞ւ եք այդքան զայրացել, մի՞թե լավ չէ, որ ձեր դեմ դուրս են եկել ժամանակին պայքարից հրաժարվածները: Բայց դե հասկանալի է, որ իշխանությունը քաջ գիտակցում է, որ ոչ իշխանական ուժերն ու քաղաքացիական շարժումները չեն պատրաստվում կռիվ տալ իշխանության համար հարմար պահի, երբ վերջինս ուժեղ է:

 

Չէ՞ որ իշխանության ուժերը գնալով մաշվում են, իսկ նրա դեմ պայքարողներն իրենց օրակարգով, իրենց ռազմավարությամբ ու մարտավարությամբ են պայքար մեղելու: Եվ որքան էլ իշխանության կողմից կոչեր հնչեն, թե դուրս եկեք պայքարի բաց դաշտ, այլապես ձեզ վախկոտ կհայտարարենք, չպետք է մոռանալ, որ Նապոլեոնն էլ էր այդ կերպ փորձում «թասիբի» գցել Կուտուզովին՝ դուրս գալ պայքարի, սակայն այդպես էլ չհաջողվեց, և ինչպես առանց մեկ փամփուշտ կրակելու Կուտուզովը թողեց մայրաքաղաքը, ճիշտ այդպես էլ հետ վերցրեց Մոսկվան:

 


Ուզում եմ, որ անվանի զորավարի այս հանճարեղ տակտիկան մեզ համար էլ վարակիչ լինի, քանի որ մեզ համար էլ է շատ թանկ մեր հայրենակիցների յուրաքանչյուր կաթիլ արյունը: Մենք այնքան քիչ ենք ու այնքան թանկ մեկս մյուսիս համար, որ որևէ մեկի զոհաբերության գնով, քաղաքական շահեկան դիրք ստանալու ճանապարհով, հաղթանակ չենք ակնկալում: Վստահ եղեք, որ այս իշխանությունները կհեռանան հետևողական, օր-օրի ուժգնացող ճնշման արդյունքում, որի հիմքն արդեն դրվել է տարբեր քաղաքացիական շարժումների շնորհիվ, իսկ վճռական պայքարի մեկնակետը դառնալու է մարտի մեկի հանրահավաքը:
Այնպես որ, թող մեր իշխանությունները Նապոլեոնից լավը իրենց չերևակայեն:

 

 

 

Էդվարդ Անտինյան