Այդ ամբողջ ժամանակ, չնայած իր հաջողություններին, Յուջինը տրտնջացել էր անցնող ժամանակի համար, որովհետև յուրաքանչյուր օրը, յուրաքանչյուր ժամը դեպի ծերություն էր տանում, իսկ իրականում ինչի՞ էր նա հասել: Որքան նա ավելի էր նայել կյանքին իր փորձությունների միջով, այնքան ավելի խորն էր զգացել, որ իր բոլոր ջանքերը անիմաստ են եղել: Իրականում ի՞նչ է տալիս մարդուն հաջողությունը: Մի՞թե մարդը պայքարում է, որ ձեռք բերի տներ, հողամասեր, սքանչելի կահ-կարասիք ու բարեկամներ: Արդյոք կյանքում իսկական բարեկամություն կա՞, և ի՞նչ է բերում նա իր հետ. խոր բավարարվածությու՞ն: Գուցե որոշ դեպքերում դա ճիշտ է, բայց հիմնականում ինչպիսի՜ տխուր ծաղր է իր տակ թաքցնում այդ, այսպես ասած, բարեկամությունը: Որքան հաճախ մարդիկ մտերմանում են իրար հետ հանուն անհատական շահերի, եսասիրական նպատակների և ամեն տեսակ մեքենայությունների: Մենք մեծ մասամբ բարեկամական կապեր ենք պահպանում միայն նրանց հետ, որոնք հասարականորեն մեր դիրքի մարդիկ են: Լա՜վ բարեկամ: Արդյոք կա՞ այդպիսին: Կարո՞ղ էր ինքը երկար ժամանակ իր բարեկամը համարել մի մարդու, եթե նա կյանքում եղել է ձախողակ: Հասարակությունը բաժանված է խմբերի, և յուրաքանչյուր խումբ ունի յուր օրենքները, կյանքի երևույթների նկատմամբ որոշակի չափանիշ, ուրիշներին պարտադրում է իր ազդեցությունը և վայելում նրանց հարգանքը: Կոլֆաքսն առայժմ իր ընկերն է, նույնը և Վինֆիլդը: Իր շուրջը պտտվում են հարյուրավոր մարդիկ, որոնք առերևույթ ուրախանում են նրա ձեռքը սեղմելով: Բայց ինչի՞ համար էր այդ: Նրա համբա՞վն է պատճառը: Իհարկե: Ազդեցությու՞նը: Այո՛: Նա իր անհատական ուժի ու կարողության չափով կարող է չափել իր բարեկամներին, ուրիշ ոչ մի բանով:
Այնուհետև, սերը...Ի՞նչ է նա ստացել սիրուց մինչև այժմ: Երբ մտքով ետ է գնում, նրան թվում է, թե բոլորը, յուրաքանչյուրը, այս կամ այն կերպ կապված են եղել իր հետ կոպիտ զգայական կապերով: Կարո՞ղ է ասել, թե ինքը երբևէ իսկապես սիրել է: Իհարկե ոչ, ո՛չ Մարգարետ Դաֆին, ո՛չ Ռուբիին, ո՛չ էլ Անջելային, թեև իսկապես սիրո տեսակետից վերջինս ավելի մոտիկ էր, ո՛չ էլ Քրիստինա Չենինգին: Այս բոլոր կանայք շատ էին դուր եկել նրան, ինչպես Կառլոտա Վիլսոնը, բայց երբևէ նա սիրե՞լ է սրանցից մեկնումեկին: Երբեք: Անջելան գրավել է իրեն շնորհիվ նրա նկատմամբ ունեցած իր համակրանքի, ասում էր Յուջինն ինքն իրեն այժմ: Ինքը նրա հետ ամուսնացել է խղճահարությունից ստիպված: Եվ ահա ինքը, այդքան տարիներ միասին ապրելուց, այդքան երկար ճանապարհ անցնելուց հետո, այժմ մտածում է, որ երբեք իսկական սեր չէր ունեցել նրա նկատմամբ: Ահա այժմ Սյուզաննա Դեյլը իր կատարյալ հոգով ու մարմնով, և ինքը գժվում է նրա համար, և այդ ոչ թե հանուն հեշտասիրության է, այլ սիրո: Ինքն ուզում է լինել նրա հետ, բռնել նրա ձեռքը, համբուրել շրթունքները, նայել ժպիտին. ավելին չի ուզում: Ճիշտ է, Սյուզաննան ֆիզիկապես ունի իր հմայքը: Վերջ ի վերջո մարմինն էլ կհրապուրեր իրեն, բայց նրա արտաքին տեսքը, մտքի գեղեցկությունը...այնտեղ է հմայքը: Նրան տանջում էր այն վիշտը, որ ինքը ստիպված է հեռու լինել Սյուզաննայից և չգիտեր, թե երբևէ կկարողանա՞ տիրել նրան...
Թեոդոր Դրայզեր «Հանճարը»