Խորհրդավոր է այն ամենն, ինչ կապվում է Լեոնարդո Դա Վինչի անվան հետ: Նրա կյանքն ու գործունեությունը գերհագեցած էր գաղտնիքներով, որոնք չեն կարողանում բացահայտել մինչև օրս:
Իտալացի հայտնի նկարիչ, ճարտարապետ, գիտնական, ինժեներ, վերածննդի ժամանակաշրջանի ամենավառ ներկայացուցիչներից մեկը՝ Լեոնարդո Դա Վինչին, ծնվել է Վինչի քաղաքում՝ 1452թ.: Միայն մի քանի տասնամյակ առաջ է պարզվել, որ Լեոնարդոյի մայրը հասարակ գեղջկուհի էր, հայրը՝ նոտար, իսկ ինքը՝ Լեոնարդոն, կրթություն է ստացել տանը: Նա հրաշալիորեն տիրապետում էր քնար նվագելու արվեստին և տառապում դիսլեքսիա հիվանդությամբ:
1479թ. լքելով Ֆլորենցիան՝ Լեոնարդոն սկսում է ճանապարհորդել Եվրոպայում, աշխատելով որպես ճարտարապետ, պաշտպանական շինությունների մասնագետ՝ սկսում է գործունեություն ծավալել որպես գեղանկարիչ: Լեոնարդո դա Վինչիի (Լեոնարդո դի սեր Պիերո դա Վինչի) ամենահայտնի ստեղծագործություններն են՝ «Մոնա Լիզա», «Խորհրդավոր ընթրիք», «Աստվածամայրը քարանձավում», «Կզաքիսով կինըե» (ենթադրվում է, որ այն, դա Վինչիի սիրուհու՝ Չեչիլա Գալերինայի դիմանկարն է), «Քրիստոսի մկրտությունը», «Ավետում» և այլ բազմաթիվ ստեղծագործություններ:
Ամբողջ աշխարհին հայտնի քանդակներից և գեղանկարներից բացի, նա մարդկությանը կտակել է բազմաթիվ գիտական ուսումնասիրությունների, նախագծերի, կանխատեսումների 13.000 ձեռագիր, 7000 օրագիր, որոնց մի մասը վերծանված չէ մինչև օրս:
Պատմաբանների հավաստիացմամբ՝ «Գիտակցության ամենաբարձր աստիճան ունեցող այս հանճարը», զբաղվել է բոլոր հնարավոր գիտություններով՝ մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, աստղագիտություն, բուսաբանություն, կատարել է մարդու և կենդանիների անատոմիայի և ֆիզիոլոգիայի բազմաթիվ ուսումնասիրություններ:
Դա Վինչին մահացել է 1519 թ.: «Ազնիվ եղիր ինքդ քեզ հետ և պատասխանիր միայն մեկ հարցի՝ գոնե մեկ բան դու արե՞լ ես մարդկության համար…»,-սրանք էին դա Վինչիի օրագրի վերջին տողերը…
Լեոնարդո դա Վինչիի ձեռագրերի հիմնական մասը կոդավորված է: Նա դա արել է մեկ հիմնական նպատակով՝ մարդիկ պետք է աստիճանաբար զարգանան այդ ամենն ընկալելու համար: Լեոնարդոն գրել է ձախ ձեռքով, աջից ձախ ուղղությամբ, չափազանց փոքր և շրջված տառատեսակներով: Դրանք հնարավոր է ընթերցել բացառապես հայելու օգնությամբ:
Դա Վինչին հաճախ զրուցում էր հանելուկներով: Նրա ամենասիրելի զբաղմունքների թվում էր ռեբուսների ստեղծումն ու ճաշատեսակների հորինումը: Լեոնարդոյի կողմից ստեղծված բազմաթիվ կերակրատեսակներ առանց բաղադրատոմսի որևէ փոփոխության մինչև օրս պատրաստում են իտալական բարձրակարգ ռեստորաններում:
Դա Վինչին համոզված էր, որ երկիր մոլորակի վրա իրականում գոյություն չունեն անշունչ առարկաներ: Ցանկացած իր և երևույթ, նույնիսկ մատնահետքերը՝ իրական են և շնչավոր: Ենթադրվում է, որ նրա՝ «Մոնա Լիզա» կտավը, ստեղծվել է իր համոզմունքներն ամրապնդելու և ապացուցելու նպատակով: Հետագայում նրա հիմնական ապացույցը դարձավ նկարի «կենդանի» լինելը. անգամ հարյուրամյակներ անց նկարին նայելիս պարզ է դառնում, որ նկարի հերոսուհու հայացքը հետապնդում է դիտողին:
Լեոնարդոն պաշտում էր օգտագործել և խոսել հակադիր հակադրությունների լեզվով: Նա չէր սիրում ավարտել ստեղծագործությունները և համարում էր, որ «ավարտել, նշանակում՝ «սպանել»: Հեղինակը բազմաթիվ գլուխգործոցներ ավարտելուց հետո դրանք ոչնչացրել է ջրով կամ կրակով: Կտավը պահպանելու դեպքում նա գրեթե բոլոր կտավներում, ներկերի հատուկ բաղադրությամբ ստեղծել է «անվերջության պատուհան»:
Ամստերդամի համալսարանի գիտնականներ, ԱՄՆ-ի և Եվրոպական մի շարք երկրների հոգեբաններ, վերլուծելով Ջոկոնդայի ժպիտը եկել են այն եզրակացության, որ ժպիտը պարունակում է 83% երջանկություն, 9% պաշտպանություն, 6% վախ, 2% չարություն:
Լեոնարդո դա Վինչի՝ լեգենդ-գյուտարար
Բացառապես Լեոնարդո դա Վինչիի շնորհիվ է, որ մարդկությունն այսօր ունի՝ ինքնաթիռ, անկարգել (парашют), ռազմական մեքենա, գնդացիր, հրձիգ, ատրճանակի օղակաձև կողպեք, ավտոմեքենա, լուսարձակ, շնչող և բարակ թաղանթով ձեռնոցներ, մկրատ, հավի տապակա («գրիլ») պատրաստող սարք, մեխանիկական սրճաղաց, շամփուր, լուսարձակ, ակվալանգ, ջրասույզի բաճկոն: Նրա ձեռագրերում հայտնաբերվել, ապա կիրառվել են վերը թվարկված իրերի նախագծերն ու պատրաստման եղանակները:
Լեոնարդո դա Վինչի՝ առակագիր
« -Վեր կաց, վեր կաց վերջապես, այ քնկոտ, տես, արևն արդեն 8 ժամ է, ինչ դուրս է եկել, բա այդքան երկար կմնա՞ն անկողնում: Քեզ եմ ասում, վեր կաց,- դժգոհությամբ տղային արթնացնում է գյուղացին:
-Հոգնեցրիր, ինչո՞ւ ես աղմկում, ինչո՞ւ ես ստիպում ու դեռ արևի օրինակն էլ աչքս խոթում, - կիսաքնկոտ արտասանում է տղան, -արևի ու իմ հոգսը, գործը նույնը չեն, նա դեռ շատ երկար ճանապարհ ունի անցնելու ու տես, թե որքան աշխատանք: Այ, եթե ես էլ ունենայի նույն քանակությամբ աշխատանք, կարթնանայի արևի հետ…»: