Մի՛ գողանա

Օդը 'ձանձրույթի խարանից դուրս եկածը, միօրինակ էր ու տաղտկալի: Այն ինձ պետք չէր այլևս: Բայց ես'ծաղկավաճառս, շարունակում էի ապրելը'իմ առջև դրված այդ անարվեստ պարտադրանքը: Շուրջս ոչ ոք չկար: Ոչինչ չկար: Միայն ես էի ու ծաղիկները: Միայն վարդերն էին հևում, և լսվում էին մարդկային ոտնաձայները, որոնք կարծես ժամացույցի սլաքը գողացել ու գոչում էին:
Հանկարծ ես ինձ մի խցում զգացի: Խուց էր՝ չորս պատերով: Սրտիս զարկերը կանգնել էին, օդը չէր հասնում թոքերիս, արյունը երակներումս սառել էր, և հանկարծ ես ես'մի կաթ արյուն, դուրս եկա այդ խցից, երբ ինձ ասացին.
-Այս վարդերն ի՞նչ արժեն:
Սթափվեցի: Նայեցի ձայնի ուղղությամբ: Դու էիր կանգնել իմ առաջ: Շանթահարվածի նման ոտքերս դողում էին, դողում էին և ձեռքերս: Նայում էիր ինձ հանդարտ հայացքով, իսկ ես քեզ'ապշահարի նման:
Մի´ գողանա սիրտս ,անգու´թ արարած, մի´ գողանա: Բայց դու'անխիղճդ, սիրտս պոկեցիր, գողացար: Եվ ես արդեն առանց սրտի, աչքերս փակել էի և երազում էի. մենք լուռ քայլում էինք փողոցով: Քո փխրուն մատները, դեմքս շոյելով, հասնում էին շուրթերիս, որոնք 'որպես երկթերթ վարդեր, վաճառվում էին քո գնորդ շուրթերին: Դեռևս հեռվում գտնվող գնացքի ձայնի նման քո շշունջն էի լսում, զգում էի օծանելիքիդ բույրը: Բացվեց սենյակի դուռը, և մենք դանդաղ առաջ ընթացանք: Թվում էր'շուտով գործելու էինք մի հանցանք, որ զանցանք էր քեզ համար, իսկ ինձ համար մի անմիտ ծաղկավաճառի անրջանք: Քո ձեռքերն ազատեցին երբեք որևէ ձեռքի չհպված մեջքս, և դու շտապեցիր սուրճի հետևից: Ինձ համար ամեն ինչն էր սեր: Եվ ես տեսնում էի այն'այդ վերացական գոյականը. ահա այն նկարից կաթ-կաթ ծորում էր սեր կոչվածը, այն թղթից ևս'սեղանին դրված: Իսկ սուրճը…Սուրճն ասես մենք լինեինք, որ խառնվել էինք իրար և եփվում էինք, վառվում: Մեր մեջ ծնվում էր կրակոտ ու ժայթքոտ սերը, որն ուզում էր բարձրանալ, թափվել, տարածվել աշխարհով մեկ, հորդանալ անհուն գետի նման:
Սուրճից տաք սիրո անթափանց գոլորշին էր բարձրանում: Դու խմում էիր, իսկ ես սարսափում էի: Թվում էր'շուտով ապականվելու էր մի անմիտ աղջկա խաղաղ կյանքը, խաթարվելու էր մի հիմար ծաղկավաճառի հանգիստը: Սուրճի մի կումը լցվեց բերանս, կոկորդս վառեց, հասավ ստամոքսիս: Վառեց հոգիս: Ամբողջությամբ վառված էի: Դու կամաց-կամաց մոտենում էիր, իսկ ես…Սիրտս արագ զարկում էր'տրը´փ-տրը´փ…
Գիշեր էր, ամենակուլ գիշեր. մութն իր սև երախը բացել և փորձում էր կուլ տալ տեղ-տեղ մնացած լուսավոր կետերը, իսկ ես առանց սրտի, ծանրացած հոգով ասում էի քեզ' մի´ գողանա սիրտս, անխիղճ արարած,մի´ գողանա…
Երազներով տարված տեսնում էի մեզ. դու էիր, կողքիդ ես'միամիտ ծաղկավաճառս, իսկ սեղանին կիսատ թողած սուրճի բաժակն էր, որ վաղուց սառել էր:
-Հե՜յ,այս վարդերն ի՞նչ արժեն:
-Ի՞նչ:
-Կնոջս համար այս վարդերն եմ ուզում գնել , ի՞նչ արժեն:
-Դու՞ք…Կի՞ն…Սրանք …Ներեցե´ք…1000 դրամ:
-Ինձ մի փունջ տվե´ք:
Կնոջ համա՞ր: Երկու բառ,երկուսն էլ ամենակործան ինձ համար: Գողացված սրտով կանգնած մնացի: Վարդերի փունջը ձեռքիս էր, անտարբեր էի ամեն մեկի, ամեն ինչի նկատմամբ: Արցունքներս աչքերիցս չէին հորդում, այլ կիտվում էին ներս' չեչաքարի պես ծակծկված հոգուս մեջ: Ատելությամբ նայում էի քեզ, քեզ'ամուսնացածիդ:
-Հե՜յ,ագա´հ մարդ,մի´ գողանա սիրտս,հե՜յ…