(Աստվածային մերկության հասնելու փորձ)

Մեզ մերկ-մերկ հանում շպրտում են լույս աշխարհ: Այն էլ' Ո՞վ…Մեր ամենակրող, ամենասիրելի, ամենամեր Մայրը, Մերը' կարեկցումի, գոյավորման, գյուտավորման անդառնալի կյանք-մահ-կյանք տագնապահարությամբ, անհեռանկար, աննկարազարդ տեսլապատկերով…

Ինքը մեզ է ազատում, մենք իրեն…Եվ ուրեմն, թերևս, մերկությունն ազատության առաջին արտածումն է…

Քանի դեռ մերկ չէ բառն ու ապրումը ցմաշկ տկլոր չէ, գրելը դավաճանության պես է, կեղծ է, զավեշտալի, այնպես, ինչպես արտաամուսնական գիշերանք-կենակցումից տուն վերադարձած տղամարդը կամ կինը, կարևոր չէ, թե ով, որը ետուառաջ է հագել ներքնազգեստը…կամ սեռաբանության ընթացքին' մորեմերկության մարմնաբույլին' որպես կենտ գուլպա…Գուլպան հանիր շպրտիր, ազատորեն…չես մրսելու, ոտքերդ տգեղ են, կեղտոտ են, թե այլ ինչ, քո ոտքերն են, նրա ոտքերն են, երրորդի…

Մերկ կանայք նման են ինքնախոստովանության, եթե չենք բռնանում, հակառակ դեպքում նրանք ...նմանվում են խոստովանական ցուցմունքի: Եդեմական առասպելի խորհուրդը Ադամ-Եվայի մերկությունը չէր, նրանց ազատությունն էր' դիցուք, մերկ….

Աստված մի բան գիտե, որ մեզ մերկ է սկզբնավորում…Աստված մի բան գիտեր, որ աշակերտների մերկ ոտքերը խոնարհաբար լվանում էր…

Աստված մի բան գիտե, որ մերկ ու արձակ տիեզերքում է, քան զգեստավորված Երկրի վրա: Մենք էինք, չէ՞, որ համարյա կիսամերկացրինք նրան, Ծանր Խաչը դրեցինք մերկ ուսերին ու թե…գնա Մեռի, արի…Սիրեմ….Մերկացրինք, մահացրեցինք (գոնե առժամանակ, գոնե մեր մեջ), որ հանդերձավորված, խումբ-խումբ, ոհմակ-ոհմակ, խտրական ու համընդհանուր, նույնասեռ ու տարակերպ ազատագրվենք Վերևից եկող ազդականչերին ապավինելուց….Ավելի հեշտ է վերև բարձրացնել, վերև նետել, քարկոծել, սվինահարել, իսկ զղջումի սակավադեպ պահերին' նաև Վերև նայել, քան Վերանայել մեր վարքն ու հայացքները…

Որովհետև մեզ սովորեցրեցին, որ Աստված ենք….Աստված դարձանք, մարդ' ոչ…

Որովհետև ներքևը հիշեցնում է գահազրկում, ափսոսանք, ցավ, մարմնավորում է մարդեղացում, մերկացնում է մեզ' ցուցանելով ոչ թե մեր մարդկայնությունն, այլ' մարդաբանությունը:

Հողափոսում վարիիջեցվող մարմինը շորածածկ, անմերկ է: Աստծո դուռը ճամփելիս մի վերջին ճիգով մտադրվում ենք քողարկել մեր բծավոր, սևուսպիտակ, գարշաբույր, մարմնային կյանքը...զարդարում ենք մարմինը, սափրում, լողացնում, ծաղկադրասանգում, թաշկինակ խցկում, այլ պարագաներ' բարձ ու դիմանկար տեղավորում, որ Աստծուն պատմելու բան ունենանք….գնում ենք, ետ գալու անսքող, մերկ ցանկությամբ…բաղձանքով:

Մեր' երկրավորվելու, լույս աշխարհ գալու օրվանից մտածում ենք մնալու մասին, դրա համար էլ ամեն գնով միտված ենք դերասանքի, խորամանկության, սադրանքի, զգեստավորման ու այլնի մասին: Գնացողին ճանապարհում ենք' մեր մնալը հնարավորինս հարմարվետ դարձնելու համար, ամեն ինչ անում ենք, ճառաբանում ենք, լացում ենք, հարբում ենք, սփոփում ենք' ի տես դրսի, բայց ոչ Վերևի…

Աստված մի բան գիտե, որ չորս եղանակ է ստեղծել, որ տոթակեզ գարուններ, անապատներ է ստեղծել ու ջուր…Աստված մի բան գիտե, որ մեզ սպասում է' Լողացնողի համբերությամբ ու Լողացածի մաքրությամբ և հյուրընկալությամբ..
Գրելը, ապրելը, սիրելը հանճարեղաբար ու բնաբուխ գեղեցիկ է իր մերկության մեջ, ինչպես լոգանքի տաշտակում զվարճացող կամ ճչացող մանուկը…Մինչդեռ հանդերձյալից առաջ տրված այս կյանքում շարունակաբար նորացնում ենք սեփական զգեստապահարանը, կարծես մի մեծ տոնի ենք պատրաստվում, հանում-հագնում-հանում ենք, որ չասեն մերկ ենք, միս ենք, մաշկ ենք: Բայց, ի՞նչ է, մի մաշկ մաշող չե՞նք, հմուտ կամ անտաղանդ դերձակ չենք, ինչ ենք, մանեկեն ենք, տիկնիկ, շորադարսյալ մարմին, քան Մարմնի ու Հոգու ներդաշնակ մարմնացում: Հանդերձավորվում ենք, որ չմրսենք' այդպես էլ չիմանալով, որ ցուրտը ներսից է փչում:

Աստված մի բան գիտեր, որ հագուկապով, արտաքնաբար ու երկրապես նմանվեց մեզ, որպեսզի փորձեր մեր' իրարից ու իրենից տարբերվելու մարմաջն ու անմարդկայնությունը…Աստված մի բան գիտե, որ անտարբեր չէ մեր նկատմամբ...

Արա Ալոյան