Կան մարդիկ, որոնց համար անվանափոխությունը բնական երևույթ է, կան մարդիկ էլ, որոնք պարզապես ծաղրում և չեն ընդունում անունը փոխած մարդկանց: Այդպես պատահեց և ինձ հետ, երբ ես մի տխուր առիթով գյուղ էի գնացել: Գնացի այն տունը, որտեղ իր մանկությունն էր անցկացրել Տիգրան Հայազնը: Սրտի խփոցով բաց արեցի դուռը և ձայն տվեցի.
- Տանը մարդ կա՞:
Պատասխանող չեղավ: Մտա ներս, կանգնեցի հյուրասենյակում: Կրկնեցի իմ հարցը: Զգացի, որ ննջասենյակում մարդ կա: Չէի սխալվել: Քիչ անց ննջասենյակի դուռը բացվեց և դուրս եկավ Տիգրանի մայրը: Ուշադիր նայեց ինձ, չճանաչեց:
- Սաշան եմ,- ասացի ես, գրկեցի ու համբուրեցի տիկին Ամալյային:
- Սաշա՞ ջան, էս ո՞նց է եղել…,- նույն ողջագուրանքով պատասխանեց ինձ տիկին Ամալյան:
- Դե….,- և ասացի, թե ինչու եմ եկել գյուղ:
- Հա, գիտեմ: Սիրուշը լավ կին էր, Վալոդիս հետ երեկոյան կգնամ հոգեհանգստին: Սոված կլինես, սպասիր հաց դնեմ…
- Չէ, սոված չեմ, դուք հանգիստ նստեք. մի քիչ խոսեմ ձեզ հետ՝ դուրս եմ գալու:
- Վալոդս ցախանոցում փայտ է ջարդում: Գնամ, կանչեմ…
- Չէ, ի՛նչ եք ասում, ես ինքս կգնամ Վալոդի մոտ…
Ցախանոցի մթության մեջ Վալոդը ջարդած ցախի կտորներն էր դասավորում:
- Էս խեր լինի…,- ինձ տեսնելով, Վալոդը թողեց գործը, ճակատի քրտինքը սրբեց և ողջագուրվեց ինձ հետ:
- Եկել եմ, որ… Դու քո գործն արա, ես գնամ, մամայի հետ մի քիչ խոսեմ:
- Վերջացնում եմ, ձեռքերս լվանամ, գամ,- ասաց Վալոդը:
Քիչ անց Վալոդը եկավ և իրար հետ գնացինք, մի քանի րոպե կանգնեցինք Սիրուշենց բակում:
- Հը, չգնա՞նք գերեզմանոց,- առաջարկեցի Վալոդին:
- Գնանք,- պատասխանեց Տիգրանի կրտսեր եղբայրը:
Սկզբում այցելեցինք իմ Հրաչ քեռու գերեզմանին, համբուրեցինք գերեզմանաքարը, մի րոպե լուռ կանգնեցինք գլուխներս խոնարհած:
Այստեղ, գյուղում էր: Ես այն ժամանակ տասնմեկ-տասներկու տարեկան տղա էի: Ամառային արձակուրդներին գալիս և մնում էի պապիս ու տատիս մոտ: Եվ հենց որ նրանցից իմ կարոտն առնում էի, վազում էի Հրաչ քեռուս մոտ: Նա ինձ շատ էր սիրում, և այն ժամանակ, երբ նա եկավ Երևան և քառասունհինգ տարեկանում ընդունվեց ինստիտուտ, ավելի կապվեց ինձ հետ և ավելի շատ սիրեց ինձ: Եվ քանի որ հեռակա ֆակուլտետում էր սովորում, քննությունների ժամանակ գալիս և Հին Նորքի մեր տանն էր մնում: Ես արդեն կարդում էի և, շատ:
Գրադարանում աշխատող Արփիկը երբ ինձ տեսնում էր, ասում էր.
- Էս քսան հատ գիրքը բավարա՞ր է,- և ցույց էր տալիս սեղանի մոտ դրված գրքերի կապոցը:
- Ես ձեզ իմ մոր չափ սիրում եմ,- ասում էի գրադարանավարուհուն և առանց քարտը ստորագրելու, տուն էի տանում գրքերը:
Գրադարանը քառասուն հազար կտոր գիրք ուներ: Հին Նորքի Գաբրիել Սունդուկյանի անվան դպրոցում սովորածս ժամանակ, ութերորդ դասարանից սկսած մինչև տասներորդ դասարանը գրադարանի գրեթե բոլոր գրքերը կարդացել էի: Կարդում էի օրը վեց հարյուր էջ:
Ես արդեն տասներորդ դասարանում էի սովորում: Հրաչ քեռիս որպես ուսանող մնում էր մեր տանը: Նա շատ էր զարմանում իմ ընթերցասիրության վրա, և մի օր էլ հարցրեց ինձ.
- Կարո՞ղ ես ասել՝ ո՞վ է Իսքյանդարը:
Ես իսկույն հիշեցի Եղիշե Չարենցի ռուբայաթը.
Ասում են՝ վիթխարի հերոս, հանճարեղ է եղել Իսքյանդարը.
Շարժել է, խառնել է իրար ազգեր ու ցեղեր Իսքյանդարը.
Բայց գիտե՛ս դու շարժումն ու ընթացքը և գիտես՝ չլիներ թե ընթացքը -
Աշխարհում և մի շյուղ անգամ դժվա՛ր թե շեղեր Իսքյանդարը:
Չասացի, որ Չարենցից եմ հիշում և ոչ էլ արտասանեցի. պարզապես պատասխանեցի.
- Ալեքսանդր Մակեդոնացին է Իսքյանդարը:
Հրաչ քեռիս զարմացած նայեց ինձ, հետո ամուր-ամուր գրկեց, ինչպես ինքն էր սիրում գրկել և համբուրեց ճակատս:
Հրաչ քեռիս թաղված է գյուղի նոր գերեզմանատանը: Այդտեղից Վալոդի հետ իջանք հին գերեզմանատուն: Ճանապարհին ինչ-որ բանի մասին էինք խոսում ես և Վալոդը:
- Լսիր, Սաշ…
- Ես իմ անունը փոխել, դարձրել եմ Հրանտ,- ընդհատեցի Վալոդին, որ ինձ այլևս Սաշ կամ Սաշա չասի, այլ՝ Հրանտ:
- Մարդու վրա ինչ անուն որ նրա ծնողներն են դնում՝ այդպես էլ պետք է մնա… Թե չէ…,- առարկեց ինձ Վալոդը և երկար բացատրում էր, թե ինչու:
Խանութից մի շիշ օղի վերցրեցինք, պանիր և հաց: Երկար փնտրում ու չէինք գտնում Աբգար պապիս և Գարան տատիս գերեզմանը: Վերջապես գտանք. զառիթափ մի թմբի վրա էր, որի ներքևի մասում, հիշում եմ՝ առվի ջուր էր հոսում: Հիմա էլ ջուր չի հոսում, առուն էլ կորած է սիզախոտերի մեջ:
Առաջ երկաթե մի ցուցանակ կար, որի վրա գրված էին գերեզմանում թաղվածների անունները: Հիմա այդ էլ չկար, փոխարենը՝ խոտերի մեջ չերևացող մի քանի հին տապանաքարեր էին թաղված՝ մոռացված ու լքված:
Օղորմաթաս խմեցինք ես ու Վալոդը: Երկուսս էլ խոստացանք, որ պապիս և տատիս գերեզմանին մեծ ու աչքի ընկնող շիրմաքար կդնենք…
Լավ է, որ ժամանակին Երջո քեռիս չուգունե ցանկապատի մեջ էր առել գերեզմանը. ինձ որ մնար՝ այդ էլ չէր լինի…
Որպես սիրո ապացույց՝ ես մի թղթի կտորի վրա գրեցի, որ երբեք չեմ մոռանա Աբգար պապիս և Գարան տատիս: Գրածս դրեցի նրանց հողադամբարանին և դուրս եկանք լքված գերեզմանից…