«Իշխանությունն իրեն արտոնել է բռնության կոչեր հնչեցնել, սակայն տասնյակներին պահել անազատության մեջ»
Իշխանությունը քրեական վարույթ է նախաձեռնել ու դրա շրջանակներում հարցաքննության հրավիրել մեր գործընկեր Հայկ Մամիջանյանին (իբր բռնության կոչ անելու համար), բայց նույն իշխանությունը շատ հանգիստ բռնություն գործադրելու հրաման է տալիս խաղաղ ակցիաներ կամ հավաքներ իրականացնող մեր հայրենակիցների նկատմամբ: Ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱԺ Պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը․

«Տասնյակներով մարդիկ այս պահին էլ անազատության մեջ են և եթե Արմեն Աշոտյանին, Գրիգորի Խաչատուրովին, Նարեկ Մալյանին, Մամիկոն Ասլանյանին շատերը ճանաչում են, ապա քիչ չի այն մարդկանց թիվը, ովքեր որպես քաղաքական ընդդիմախոսներ անազատության մեջ են և շատերի մասին հասարակությունն առանձնապես տեղեկություններ չունի:

Իշխանությունն ինքն իրեն արտոնել է բռնության կոչեր հնչեցնել, այն հանրայնորեն արդարացնել, քարոզել, կոնկրետ դեպքերում' բռնություն կիրառել, միաժամանակ իրեն դուրս համարելով օրենքի դաշտից' երկիրը վերածել է «բեզպրեդելի»:

Կոնկրետ Հայկի դեպքում իրավիճակը զավեշտալի է նաև նրանով, որ նա տեսնելով իշխանության տարբեր դեմքերի ու նրանց ծառայող թափթփուկների արձագանքները, ժամանակին բացել էր փակագծերը և հստակեցրել, թե ինչ նկատի ունի:

Հայկի' պարզ հայերենով հնչեցրած պարզաբանումներից հետո, նման վարույթ նախաձեռնելն ակնհայտ ապօրինի է և ունի ընդգծված քաղաքական ենթատեքստ»,- գրել է պատգամավորը։