Երեկ գործող վարչախումբը միացրեց իր ռեպրեսիվ մեքենան, և վերսկսեց բռնաճնշումները շարժման մասնակիցների նկատմամբ, արդյունքում մեր պայքարի ընկերներից երկուսը անհիմն և ապօրինի որոշումներով ազատազրկվել են։ Այս մասին գրում է հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը։

«ա) Մեսրոպ Եսայանը երեկ ենթարկվել է երկու ամսով տնային կալանքի (ընդ որում կալանքը տնայինով է փոխարինվել միայն այն պատճառով, որ նույն օրը Մեսրոպի երրորդ զավակն էր լույս աշխարհ եկել):

բ) Գնել Պետրոսյանը ենթարկվել է մեկ ամսով կալանքի և տեղափոխվել «Արմավիր»քրեակատարողական հիմնարկ:

Իմ զորակցությունն եմ հայտնում Մեսրոպին և Գնելին, որոնց հետ պատիվ եմ ունեցել մասնակցել շարժմանը նրա առաջին օրերից, և որոնք ողջ այս ընթացքում աննկուն շարունակել են պայքարը: Այսուհետև մեր պայքարը նաև նրանց ազատության համար է, ինչպես և բոլոր քաղբանտարկյալների նկատմամբ արդարության վերականգման: Մինչ այդ, կամք ու կորով եմ ցանկանում մեր ընկերներին՝ անցնելու այս փորձության միջով, և նոր ուժով վերադառնալու շարժման շարքերը»: