Սովորաբար նման դեպքերում այսպիսի քայլերը պայմանավորված են լինում կամ բավական ընդգծված կոնֆլիկտով կամ եթե նախանշվում է ինչ-որ որոշումներ, առաջարկներ տվյալ երկրին, որոնք էական որակական փոփոխություն կարող են բերել քաղաքական հարաբերություններում, կամ քաղաքական մթնոլորտում և հիմա այս դեպքում թե ինչի հետ հատկապես գործ ունենք, բավական բարդ է ասել։

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը' անդրադառնալով Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին խորհդակցությունների համար Մոսկվա կանչելու տեղեկությանը.

«Հատկանշական է որ դա տեղի է ունենում անսպասելի, այսինքն, հայտարարությունը հնչում է անսպասելի։ Կարող է զուգահեռ լինել Կովկասի անվտանգության համակարգի վերաբերյալ Լուկաշենկոյի հայտարարության հետ։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Պուտինի հետ հանդիպմանն ասել էր, որ շատ հետաքրքիր առաջարկներ ունի Կովկասի անվտանգության առումով և ահա դրան զուգահեռ մենք ստանում ենք տեղեկություն, որ դեսպանին կանչել են։

Հարց է, բնականաբար, առաջանում՝ արդյո՞ք դեսպանին կանչելը կարող է պայմանավորված լինել այդ առաջարկների հետ կապված և արդյո՞ք դրա հիման վրա ինչ-որ առաջարկ է մշակվում Հայաստանին։ Պետք է սպասել, թե ինչ բացատրություն կտա Մոսկվան և, իհարկե, ինչ արձագանք կունենա պաշտոնական Երևանը»,- ասաց նա։

Բադալյանը քիչ հավանական է համարում, որ դեսպանին կանչելը կարող է պայմանավորված լինել Նիկոլ Փաշինյանի՝ խորհրդարանում հնչեցրած հայտարարություններով, թե ՀԱՊԿ-ի առնվազն 2 երկիր գիտի, որ մասնակցել է մեր դեմ պատերազմի նախապատրաստությանը․

«Իհարկե, ցանակացած բանի հետ կարող է կապված լինել, առավել ևս, որ չի ներկայացվել պատճառ, բայց նախ նկատենք, որ այդօրինակ հայտարարություններ մեծ հաշվով նոր չէ որ հնչեցնում է պաշտոնական Երևանը։ Բացի դրանից, Զախարովան, կարծես թե, անդրադարձել էր դրան և նշել՝ թող Փաշինյանը հստակ ասի, թե որ պետություններին նկատի ունի և ոչ թե մենք զբաղվենք կռահումներով։ Այդպիսի արձագանքից հետո դժվար է պատկերացնել, որ հենց այդ հայտարարության համար է կանչվել խորհդակցության։ Ես կարծում եմ՝ պատճառը շատ ավելի խորքային է, քան ինչ-որ հայտարարություներին արձագանքելը»,- նշեց նա։

Բադալյանի խոսքով՝ ընդհանուր առմամբ կարող ենք ամենատարբեր առիթներ դիտարկել, տեսնում ենք, թե աշխարհաքաղաքական զարգացումները ինչպիսի ինտեսիվություն են ստանում Կովկասում և Կովկասից դուրս։ Այս պայմաններում այդ քայլն ունի ավելի խորքային պատճառներ, քան այս կամ այն հայտարարությունը։