Արամ Աբրահամյանի խմբագրական
Երբ լրագրողը կամ հրապարակախոսը հոդված է գրում, ցանկալի է, իհարկե, որ նա ամեն բան իր գլխից չբստրի, եւ այն, ինչ խելքին փչի, նույն պահին չշարադրի: Լավ կլինի, ինչպես ասում են, իրականության հետ հաշվի նստել, նաեւ ճշտել փաստերը մասնագետների հետ: Բայց, ի վերջո, իմ՝ որպես լրագրողի, պատասխանատվությունը սահմանափակ է: Ով ուզում է, իմ գրածները կարդում է, ով չի ուզում, չի կարդում, մեկը հավանում է մյուսը՝ ոչ:
Պետական գործչի պարագան այլ է՝ նա պատասխան է տալիս իր երկրի քաղաքացիների անվտանգության եւ բարեկեցության համար: Եթե, օրինակ, Ջո Բայդենը ցանկանա իր կարծիքն ասել կրոնի եւ հավատի մասին, նա կխորհրդակցի փորձագետների հետ, որպեսզի չվտանգի միլիոնավոր մարդկանց շահերը, չվիրավորի նրանց զգացմունքները, ավելորդ կրքեր չբորբոքի:
Եթե Մակրոնը որոշի խոսել, ասենք, Նապոլեոնի մասին, նրա անձնակազմը հաստատ տեղեկանք կխնդրի պատմաբաններից: Իսկ եթե առանց որեւէ տեղեկանքի Ազգային ժողովում հայտարարի, որ ինքը՝ Մակրոնը եւ Նապոլեոնը հանճարեղ զորավարներ էին, ապա Ֆրանսիայի հասարակությունը լրջորեն կմտահոգվի իր նախագահի հոգեկան առողջությամբ:
…Հայ եպիսկոպոսները (Գրիգոր Լուսավորչից սկսած), պարզվում է, Կեսարիայում օծվելու հետեւանքով դառնում էին «5-րդ շարասյուն» եւ պայքարում էին հայոց ինքնիշխանության դեմ: Հասկանում եմ, որ Հայաստանում չկան այն լուրջ վերլուծական կենտրոնները, որոնք ծավալուն տեղեկանք կտրամադրեն առաջին դեմքին: Բայց լավ պատմաբաններ մեր երկրում կան, եւ նրանք կբացատրեին, որ ոչ միայն հայ, այլեւ բոլոր քրիստոնյա եպիսկոպոսներն օծվել են, այսպես կոչված, «նվիրապետական աթոռներում»: Եվ, որը, կարծում եմ, ավելի կարեւոր է՝ հնարավոր չէ 21-րդ դարի՝ ազգային պետության եւ ինքնիշխանության մասին պատկերացումներով գնահատել 4-6-րդ դարի իրադարձությունները: