Վերջին օրերին մամուլում, հասարակական-քաղաքական լայն շրջանակներում քննարկման հիմնական թեման նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանն է և Կառավարության նոր ծրագիրը, որը օրերս հաստատվեց Ազգային Ժողովի կողմից: Չնայած կարծիքները միանշանակ նույնը չեն, սակայն մեծամասամբ բնակչությունը Կարեն Կարապետյանի մեջ փնտրում է երկիրը <<շառից ու փորձանքից>> ազատող փրկարարի ու համընդհանուր ոգևորությամբ սպասում փրկության, ազատության օրվա գալուստին: Իհարկե հասկանալի է, որ համընդհանուր հիասթափության ֆոնին ՀՀ քաղաքացին յուրաքանչյուր այլընտրանքի մեջ հույս ու նոր կյանքի սկիզբ է տեսնում,սակայն, հետևելով քաղաքական զարգացումներին, ակնհայտ է դառնում, որ քաղաքականությունում հերոսներ ու հակահերոսներ փնտրելը մեր երկրում դառնում է քաղաքական մշակույթ:

Դեռևս Սասնա ծռերի իրադարձությունները ցույց տվեցին, որ մեզ անհրաժեշտ են ոչ թե իրենց գործառույթները բարեխղճորեն կատարող, ազգային ու պետական շահը կարևորող քաղաքական գործիչներ, այլ այնպիսիք, ովքեր կգան ու իրենց ուսերին վերցնելով պետության բեռը՝ կազատեն երկիրը տիրապետության ու անարդարության ծանր լծից: Թվում է, թե իրական այս աշխարհում երևակայական կերպարներ փնտրելը դառնում է օրինաչափություն: Մեզ բոլորիս անհրաժեշտ են Բեթմեններ ու Սուպերմեններ, ովքեր պատից պատ մագլցելով, պատուհաններից թաքուն այս կամ այն պաշտոնյայի տուն ներխուժելով՝ կստիպեն հարգել մեր սեփական իրավունքներն ու ազատությունները:

Արդյունքում, երբ հերթական պաշտոնյայի կամ քաղաքական գործչի <<Բեթմեն >> ու <<Սուպերմեն>> հռչակելուց հետո, պարզվում է, որ այդ անձը հասարակ մահկանացու է ու գերբնական որևէ կարողությամբ օժտված չէ՝ <<երկիրը երկիր չէ>> աղաղակողների թիվն ավելի է շատանում:
Հերթական հոչակված <<ԲեթմենաՍուպերմենային>> թիրախում է հայտնվել Դրայվ-Մենը (Կարեն Կարապետյանը), ով պարզվում է նաև լավ երաժիշտ է ու տեխնոկրատ քաղաքական լիդերի վառ օրինակ: Սակայն հեռու չեն այն ժամանակները, երբ երաժշտական ու տեխնոկրատական հատկանիշներով փայլում էր նաև Տիգրան Սարգսյանը, ում այդ ժամանակ վերապահված էր քաղաքական <<Զորոյի>> դերը: Իհարկե Տիգրան Սարգսյանը շատ արագ ապացուցեց, որ իրեն սխալ դեր էր վերապահված ու գուցե նույն բանն անի նաև Կարեն Կարապետյանը, սակայն խնդիրն բնավ էլ այդ չէ, այլ այն, որ քաղաքական գործիչների մեջ փրկարարներ ու սուպերհերոսներ փնտրելը՝ թույլ չի տա առաջիկա հնարավոր ձախողումները տանել առանց հոգեբանական լուրջ վայրիվերումների: Ի վերջո քաղաքականությունն իրական քայլերի ու հստակ գործողությունների շղթա է ու երևակայական կարողություններով օժտված կերպարների ստեղծումն էլ ավելի է բարդացնում հնարավոր առաջընթացների ձեռքբերումը:

 

Անիկ Մարգարյան