Թախծի երգեր Հայրենիքի մասին չունեմ: Եվ այս օրվա համար նույնիսկ: Սիրտս չի համաձայնում, որ Հայրենիքս կարող է թախծի հովիտ լինել: Հայրենիքը լույսի ու հույսի հովիտ է...

***
Մի պահ լռիր, զավակ անգին,
Վեհության դեմ այս տաճարի,
Անխոս, անլույս է քո հոգին,
Անտեղյակ ես մեր հանճարին:

Մի թոթովիր թեկուզ մի պահ,
Նայիր այս վեհ խոյակներին,
Գմբեթներին այս ժամապահ,
Քարի շնչող խոյանքներին:

Այնպես ուզում եմ հասկանաս
Դու խորհուրդը ամեն քարի,
Ապրե'ս, զգա'ս, հարստանա՜ս
Լույսով անմահ մեր քանքարի:

Բայց չի լսում մանուկըս ինձ,
Շողերի մեջ խաղ է անում,
Այնքան անհոգ ու երջանիկ
Ժպտում է նա, ուրախանու՜մ:

Զանգակվում է երկինքն ի վեր
Ծիծաղը իմ պայծառ մանկան'
Լույս տաճարին' որպես նվեր
Եվ հաստատումն անմահության:

28.5.1981

Լեւոն Դռնոյան