Հեշտ է, արդյոք, հասկանալ, սերն իրակա ն է, թե ոչ: Չէ որ երբեմն զգացմունքների այնպիսի հորձանուտում ես հայտնվում, որ թվում է սիրուց գլուխդ կորցրել ես: Դա իսկապես սեր է, թե ուղղակի կարճատև հրապուրանք, որն ինչ արագությամբ բռնկվել էր, նույն արագությամբ էլ մարում է: Իսկ ինչպես կարելի է իրական սերը տարբերակել անիրականից:
Ժամանակակից կյանքի թոհուբոհում, ուր թագավորում է անտարբերությունը, և մարդիկ տառապում են միայնակությունից, շատ աղջիկներ միայն սերն են համարում այն պատյանը, որն իրենց կարող է պաշտպանել համատարած ու անտանելի դարձած խնդիրներից: Թվում է, եթե գտնես այդ միակ հարազատ, ջերմ ու մտերիմ մարդուն, բոլոր դժվարությունները հօդս կցնդեն: Միայն թե գտնես և վերջ…
Ինչ¬որ մեկի հետ միություն կազմելու այդ բուռն ցանկությունը քեզ դրդում է, որ առանց երկար¬բարակ մտածելու ընտրություն կատարես: Եվ շտապելուց այլևս մանրուքներին ուշադրություն չես դարձնում ու որոշում ես, որ քեզ առաջին պատահածը հենց նա է, ում փնտրում էիր: Դա էլ բավական չէ, դեռ մի բան էլ քեզ համար սիրո գեղեցիկ պատմություն ես հորինում գործի դնելով երևակայությունդ ու սպասումներդ: Իսկ գուցե այդ սիրո պատմությունը հորինել ես, որ դրա հետևում թաքնվես, որպեսզի պաշտպանվես անիմաստ գոյատևման մասին տխուր մտքերից:
Կինոնկարի և իրականության սահմանում
Մենք շատ ենք ցանկանում, որ մեր սերը նման լինի որևէ գեղեցիկ ֆիլմից վերցված սիրո պատմության: Եվ սկսում ենք հետևողականորեն ամեն ինչ իրագործել այնպես, ինչպես կարգն է' ընդունված ավանդույթներով ու ծեսերով, ճշգրտորեն անում ենք այն ամենը, ինչ կաներ խենթ սիրահարը և ուրախանում, որ մեր կյանքում էլ ամեն ինչ նույնքան գեղեցիկ է ստացվում, ինչպես կինոնկարում:
Թվում է, թե առանց իրար ապրել չենք կարող, իրար գրկած քայլում ենք փողոցով, մեր կյանքի յուրաքանչյուր վայրկյանը ստուգում նրա ժամացույցով և նրա հետ դառնում մեկ ամբողջություն, որում մեկն առանց մյուսի գոյություն ունենալ չի կարող:
Այդ ժամանակ թվում է, թե առանց նրա ոչ կարող ես շնչել, ոչ ապրել: Ու մեկ էլ հանկարծ…
Շատ անսպասելիորեն այդ միասնությունն անհետ կորչում է այնպիսի հիմար ու դատարկ մանրուքների պատճառով, որոնց նախկինում ուշադրություն չէինք դարձնում: Ինչ¬որ մի բառ, շարժում, հայացք, պատահաբար թույլ տրված որևէ սխալ արարք և… սիրո փայլփլուն կառքը վերածվում է հին ու ջարդոտված սայլակի, որը ճռճռում է հիասթափությունների, վիրավորանքների, մտքում պահած առարկությունների, չիրականացած սպասումների բեռան տակ…
Իսկ մեզ թվում էր, թե մեր սերն իսկակա¯ն էր, այնպիսին, ինչպիսին ֆիլմերում է լինում: Այդ որտեղ ենք սխալվել, ինչու այդպես եղավ: Նախկին սիրահարներից ոչինչ չի մնում: Անհուն տխրություն ու հիասթափություն:
Վիրավորանքը հաղթահարելու համար նրանք սկսում են իրենց անհաջող ընտրության պատճառները փնտրել, իրար պիտակներ կպցնել, ճակատագրից բողոքել ու ասել. "Ուղղակի բախտս չբերեց, այն մարդուն չհանդիպեցի, ում պետք էր”: Այսինքն, ամեն ինչ շատ հեշտ է, ուղղակի պետք է "սխալն ուղղել”, այդ մարդուն փոխարինել մեկ ուրիշով, և ամեն ինչ իր տեղը կընկնի. սե¯րն էլ կվերադառնա, լուսնկա գիշերնե¯րն էլ, երբ երկնքից աստղեր են ընկնում, ու կրկին սիրո թրթիռներով լի մի նոր հեքիաթ կսկսվի:
"Սիրո” զոհերից յուրաքանչյուրը տենդագին սկսում է իր "ջղագրգիռ սիրո” համար նոր զոհ փնտրել: Եվ նրանցից ոչ մեկի մտքով չի էլ անցնում, որ իրենց սերը հենց այդպես էլ կոչվում է, քանի որ իրականին նման է միայն իր ցուցանակով, իսկ դա ընդամենը քողի դեր է կատարում: Այդ քողի տակ թաքնվածը մեկ այլ զգացմունք է, հապճեպ բավարարման ձգտող մեկ ուրիշ այրող պահանջ: Դա ընդամենը սեփական հանգստության ու անվտանգության համար վախն ու տագնապը հեռու վանելու պահանջն է, որը կարելի է բավարարել միայն այն ժամանակ, երբ "իսկապես սիրված ես”:
Ու քանի որ հոգեբանորեն դժվար է պատկերացնել ու գործնականում հնարավոր չէ հավատալ, որ իսկական սիրո արժանանալու ընտրյալը ոչ թե մեկ ուրիշը, այլ հենց դու ես, ապա անընդհատ այդ սերն ապացուցող փաստեր ես սկսում փնտրել: Քեզ դրա համար համոզիչ բառեր, տպավորիչ քայլեր, քո առջև խոնարհումներ են պետք:
Այդ ամենը դու ագահաբար որսում ու արձանագրում ես քո գիտակցության մեջ, որպեսզի կատարյալի հետ համեմատես:
"Ջղագրգիռ սիրո” դեպքում անպայման լիակատար ու կատարյալ հաջողության երազանք ես ունենում, որին սկզբունքորեն անհնար է հասնել: Ու քանի որ պատկերացրածիդ չես հասնում, թվում է, թե սերը ձախողվում, երբեմն նույնիսկ ողբերգական է ավարտվում: Բայց պետք է հասկանաս, որ կյանքն անկանխատեսելի է և շատ հեռու է կատարյալ լինելուց: Եթե կատարյալ հարաբերությունների մասին մեր երազանքները զուգընկերոջ կողմից չեն իրագործվում, ով բնականաբար, չի կարող համապատասխանել մեր սպասումներին, ապա վրա է հասնում այն պահը, երբ սպասելիքները պարտության են մատնվում, և սերը ողբերգական ավարտ է ունենում: Հետո սկսվում է "կատարյալ զուգընկերոջ” որոնման մի նոր փուլ, քանի որ երջանկություն որոնողի կարծիքով հենց զուգընկերոջ անհաջողությունն է իր դժբախտության պատճառը:
"Ջղագրգիռ” սիրո 5 հատկանիշները
Ինչպես կարելի է տարբերակել իրական սերն անիրականից
Անիրական սիրո առաջին դրսևորումը կատարյալ զուգընկերոջ որոնումն է, ում գտնելու դեպքում էլ, կեղծ սիրահարի կարծիքով, ինքը երջանկության կհասնի: Հենց նրա հետ են կապվում բոլոր հույսերը, իսկ եթե ինչ¬որ բան այնպես չի ստացվում, հենց նրա գլխին են թափվում բոլոր մեղադրանքները:
Անիրական սիրո երկրորդ նշանը սեփական կյանքի համար և հարաբերությունների զարգացման մեջ պատասխանատվություն ստանձնելու անկարողությունն է. "Իրար չհասկանալու հարցում նա է մեղավոր, անկողնում ամեն ինչ հարթ չէ հենց նրա մեղքով, համատեղ կյանքը չի ստացվում նրա ծնողների պատճառով, ժամանակը ձանձրալի է անցնում, որովհետև նա զվարճություններ չի սիրում, փողը չի բավականացնում, որովհետև նա է քիչ վաստակում, զգացմունքներն աստիճանաբար բթանում են, որովհետև նրա կողմից նվերներ և ուշադրության նշաններ չկան”: Եվ այսպես շարունակ: Չբավարարված սպասումների ցուցակն օրեցօր աճում է ու…
Երրորդ նշանը չափից ավելի պահանջկոտությունն է, սիրո չափի ու որակի մասին տեղի¬անտեղի անդադար հավաստիացումներ ստանալու սպասումը: Թվում է, թե սերն անընդհատ քիչ է և, պարզվում է, բոլորովին էլ այնպիսին չէ, ինչպես գրքերում է լինում: Այստեղից էլ սկսվում են մշտական կշտամբանքները, ստուգումները, համեմատությունները, սիրո ամրության և հավատարմության փորձարկումները:
Չորրորդ նշանը ցանկացած խնդրի դեպքում չափից ավելի հիվանդագին արձագանքելն է: Եթե նա ձեզ քննադատում է, ուրեմն չի սիրում, եթե համաձայն է ձեզ հետ, նշանակում է չի հարգում, չի զանգահարել, որովհետև արհամարհում է, եթե մոռացել է շնորհավորել, ուրեմն ցանկանում է ձեզ վիրավորել, շնորհակալություն չի հայտնել, քանի որ ձեզ չի գնահատում: Եվ այսպես կարելի է անվերջ շարունակել: Ջղագրգիռ մարդիկ ամենաաննշան մանրուքներից կարող են լուրջ եզրահանգումներ անել: Նրանց հնարավոր չէ համոզել: Նրանք նույնիսկ պատահմամբ ասված բառից ու թռուցիկ հայացքից կարող են իրենց տառապյալի, մերժվածի դերում դնել և սիրո համար մահվան դատավճիռ կայացնել:
Անիրական սիրո հինգերորդ նշանը անցյալից կառչելն ու ապագայի համար անհանգստանալն է:
Անիրական սիրով տառապող մարդիկ չեն կարողանում ապրել ներկայով և ուրախանալ այն ամեն լավով, ինչը գոյություն ունի: Նրանք հակված են եղածի կամ դեռ չեղածի համար անհանգստանալ: Նրանց դուր է գալիս հին վիրավորանքները, սխալները և վեճերը պահել իրենց հիշողության մեծ սնդուկում, որպեսզի մի գեղեցիկ օր ներկայացնեն որպես բաժանության գլխավոր փաստարկ: Իրենց "մեծ” սիրո նոր զոհի որոնումներին անցնելուց առաջ նրանք չեն մոռանում ոչինչ չկասկածող "սիրելիի” գլխին աղբի մի ամբողջ ցիստեռն թափել:
Ինչպես կարելի է խուսափել կրկին անիրական սիրո ցանցն ընկնելուց
Այնուամենայնիվ սկական սեր փնտրողը եսասեր չէ:
Համենայն դեպս, նա իր մասին այդպես չի մտածում, որովհետև հոգու խորքում նրա մտադրությունները բարի են, նա ըմբռնողություն, աջակցություն է փնտրում շրջապատի մարդկանց կողմից: Նրա մտադրությունները մարդասիրական և բարի են: Սակայն նրա խանդոտ, հիվանդագին զգացմունքայնությունը և չափից ավելի պահանջկոտությունը փչացնում են իրական զգացմունքները փոխհարաբերությունները վերածելով սիրո ապացույցների համար սարքված հիստերիայի: Եվ ապացույցների մրցավազքում պարզվում է, որ արդեն ապացուցելու ոչինչ էլ չի մնացել: Եթե կարողանաք ձեր հպարտությունից մի փոքր վեր կանգնել և ավելի օբյեկտիվորեն նայել իրավիճակին, ապա կտեսնեք, որ ձեր վարքագծում թաքնված կատաղություն, չարություն և նախանձ կա: Իսկ այդ ամենն իսկական սիրո հետ ոչ մի կերպ չեն համատեղվում: Իհարկե, կարելի է մարդուն շատ սիրել, բայց նաև երբեմն զայրանալ նրա վրա, ինչ¬որ հարցում նրան մերժել կամ մենակ մնալու ցանկություն ունենալ: Սակայն զայրանալը և երբեմն մենակ մնալու ցանկությունն այլ բան է, իսկ անիրական սիրով հիվանդ մարդու պահվածքը' բոլորովին այլ բան: Նա անընդհատ մյուսներին հակառակվում է, գտնում, որ երրորդ անձի նկատմամբ ցանկացած հետաքրքրություն նշանակում է, որ ինքն անտեսված է:
Երբ սիրած մարդու ցանկացած պահանջ ընկալվում է որպես դավաճանություն, իսկ ցանկացած քննադատություն' որպես նվաստացում, այդ սերն իրականում շատ հեռու է սեր կոչվելուց:
Մեր կյանքը հեռու է իդեալական լինելուց, բայց միևնույն ժամանակ կատարյալ է իր ոչ իդեալականությամբ: Որովհետև մեզ ամեն օր կյանքն ամենատարբեր երանգների ու տպավորությունների մի փունջ է նվիրում: Սերն էլ այդ գունախաղի ամենամեծ պարգևն է: Եվ եթե մեզ բախտ է վիճակվում այստեղ և այժմ ստանալ այդ ընծան, պետք է այն ընդունել իր խորհրդավոր անկանխատեսելիությամբ և, անտեղի կասկածների փոխարեն, շնորհակալ լինել ճակատագրին: