«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կեցցե՜ «անաչառ ու օբյեկտիվ» Հ1-ը (չոր թվերով ու փաստերով).
Հ1-ի «Լուրեր»-ի՝ իրար հաջորդող թողարկումներում ԱԺ-ի միջադեպը ներկայացվում է բառացի հետևյալ կերպ՝ «Մարուքյան-Թունյան լեզվակռվին խառնվեց նաև «Իմ Քայլ»-ից Սասուն Միքայելյանը ու հարցը պարզելու համար բռունցքներին անցան»՝ առանց հստակեցնելու, թե ով է առաջինը հարվածել:
Թեև կռվի կադրերը և ԱԺ ամբիոնից արված հետագա հայտարարությունները ներկայացվեցին բազմակողմանի, սակայն, ի լրումն դրա, բոլոր թողարկումներում միակողմանիորեն ներկայացվում էր միմիայն «Իմ քայլ»-ից Լիլիթ Մակունցի մեկնաբանությունը: Իսկ «Լուրեր»-ի գլխավոր թողարկումում, թեև տեղ գտավ Էդմոն Մարուքյանի 32 վայրկյանանոց մեկնաբանությունը, սակայն դրա հետ միասին ամբողջությամբ եթեր գնաց Նիկոլ Փաշինյանի՝ հարցին նվիրված 15-րոպեանոց ելույթը:
Միաժամանակ, այսօր Հ1-ում Պետրոս Ղազարյանի հյուրը «Իմ քայլից» Լիլիթ Մակունցն էր, ով 14 րոպե խոսում էր այս հարցից: Էդմոն Մարուքյանը մեզ հայտնեց, որ ո՛չ ինքը, ո՛չ ԼՀԿ-ից այլ մարդ Հ1-ից հրավեր չեն ստացել:
«Իրազեկ քաղաքացիների միավորման» մեդիա մոնիթորինգի թիմին խնդրել եմ երկուշաբթի օրը հրապարակային մանրամասն անրադառնալ Հ1-ով հարցի լուսաբանմանը: Հույս ունեմ, որ շաբաթ և կիրակի օրերին Հ1-ը առավել բազմակողմանի կլուսաբանի եղելությունը»: