«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պարզվում է՝ նախորդ իշխանության ներկայացուցիչները չափազանց ծանր են տարել այն, որ Վճռաբեկ ու Սահմանադրական դատարանները միավորվելու են մեկ` Գերագույն դատարանի մեջ:
Ես չեմ անդրադառնա այդ որոշման տակ ընկած բազմաթիվ հետազոտություններին, ուսումնասիրություններին ու հիմնավորումներին, որոնք պատրաստվել են թե՛ մեր հանձնաժողովի իրավաբան-անդամների, թե՛ այլ իրավաբան-գիտնականների, և թե՛ միջազգային փորձագետների կողմից... Առաջիկայում իրենք` մասնագետները կներկայացնեն այդ ամենը (ու հաստատ ինձանից լավ կներկայացնեն):
Բայց մի բան հստակ է. ի տարբերություն նախորդ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի՝ մենք չենք ստեղծելու մի դատական համակարգ, որը ծառայի որևէ քաղաքական թիմի շահերին և մենք չենք ստեղծելու պաշտոններ, որ հետո ինքներս զբաղեցնենք դրանք:
Հ. Գ. Իսկ թե ինչու են իրենց շրջապատի թալանածը պաշտպանելու գործն ստանձնած «Արփինե Հովհաննիսյանները» այդքան ծանր տանում Սահմանադրական ու Վճռաբեկ դատարանների ապագայի մթագնումը, դատեք ինքներդ»: