Հայկական առողջապահական ազգային խորհրդի նախագահ Գևորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պետականամետ (չխառնել իշխանամետի հետ) դիրքորոշումը ինձ թույլ չի տալիս ասել շատ բան, քանի որ այս օրերին մեր երկիրը գտնվում է առողջապահական «պատերազմական» իրավիճակում` մենք բոլորս պայքար ենք մղում համաշխարհային խնդրի` #կորոնավիրուսի դեմ: Այս իրավիճակում, ես բազմիցս կոչ եմ արել համախմբվել առողջապահական պետական լիազոր մարմնի շուրջ, որպեսզի կարողանանք դիմակայել «թշնամուն», բայց ցավով պետք է նշեմ, որ առողջապահական պետական լիազոր մարմնի ղեկավարն այլ կարծիք ունի, քան համախմբումը: Այդ մասին է վկայում ԱԺ ամբիոնից իր ունեցած ելույթը:
     Կարծում եմ, որ նման ապակառուցողական մոտեցումը չի նպաստում առողջապահական համակարգի «դիմադրողականության» բարձրացմանը:
     Նշեմ նաև, որ բժիշկների համբերությունն անսահման չէ և պետք չէ ցինիզմ դրսևորել բժիշկների հետ շփվելիս կամ նրանց մասին խոսելիս:

Հավատացե՛ք, որ պաշտոնից հետո էլ կյանք կա և պետք է այդ կյանքն արժանապատիվ ապրել, այլ ոչ թե ոմանց ուսանողական սովորությանը համաձայն` պատերի տակ թաքնվելով ման գալ»: