Վաղաժամ տաքուկ գարունը հույս ու վախով է լցնում սիրրտս:Չլինի վտանգվեն հուսախաբ բողբոջ ու ծիլերի արթնացումները:
Տանիքիս կայանած ջերմ արևշողը քաղցրություն ու սեր է ծավալում բազմահարկերի անիրական թվացող բնակարաններից ներս,ուր նրանք այլևս “տուն” բառի հոմանիշները չեն,այլ երանելի անցյալը հիշեցնող անձնական ու տխուր վերհուշեր:
Բամբակած ունկերս տնքում են այլազան կանչ ու ձայներից, և հոգնած գլուխս համակերպված վերուվարում է’ ի պատասխան դրացի-հարևանների ողջույններին’ կիսախարխուլ վերելակի հյուրընկալ դռան բացվելուն սպասելիս: Իսկ ներսում տարածված բույր ու հոտերը, անմաքուր բիծ ու հետքերը դեռ ուղեկցելու են ևս մի քանի հարկ…
…Մինչ ի լույս երկնածս “Բարի’ լույս, հայեր’”-ը կորան կոկորդիս ծալքերում և ձայնալարերս մնացին անարձագանք: Ում էի պատրաստվում այսպես ողջունել…
Մանկությանս անհամար հուշերում մշտարթուն է կայծակնահար փչակով մեր հսկա թթենին:
Հրաշքով կանգուն մնացած,միայն կեղևի կիսաշրջանով կպած հողին,չէր կորցրել իր կանաչ սաղարթը, անգամ քաղցր թութ էր կաթկթեցնում մեր խաղադաշտում, քանի որ հնարավոր չէր բարձրանալ ծառը:Մտնում էինք նրա երկմետրանոց փչակի մեջ, թաքնվում ու խաղում ողջ օրը:
Անցան տարիներ….ծառաբունը դանդաղակի վերականգնվեց և անգամ’ ամբողջացավ:Շողշողում էր թթենին գարնանը, մետաքսաթել ու քաղցրություն պարգևում բոլորիս,իսկ ամենակարևորը’ հովանի անում ծաղկազարդ պարտեզին: Ասես լիներ այգու նախապապը….
Հիշեցի ակամա…Թվաց’ մեր թթենին կայծակնային Եղեռնից էր մազապուրծ եղել,ինչպես իմ ժողովուրդը,սակայն անհավանական ու գերբնական ուժերուվ պայքարել, վերականգնվել ու հզորացել էր…ծերերը դեռևս հիշում էին նրա բոցավառվող մարմնի տեսիլը և զարմանում, թե նրա շողշողուն կատարը ինչպես է հաստատում հրաշքների իսկությունը’ կատարյալ դարձնելով նրա արհավրրքին դիմակայելու հաղթանակը:Մանկան անհասկանալի, բայց հպարտ մի մղումով փարվում էի նրան, շոյում, գգվում ու քաջալերում…
Տիեզերքում ամեն բան կատարյալ է, մենք ենք նրան խաթարողներս:Օրինաչափ են կյանքի բոլոր տարատեսակ վայրիվերումները և բնականոն’ նրանց ինքնամաքրման ու ինքնավերանորոգման միտումները, ինչպես նաև այս թթենին …
Միթե ծառը կարող է մարդուց ,ժողովրդից ուժեղ լինել …
Անտեր ու խրտնած գառնուկների պես մտքերս ցրվում են Հայաստան-Արցախ ափ մի տարածքով, ուր որոնում, գտնում ու գորովանքով փարվում եմ, սահմանապահ զինվոր զավակներիս …
-Գևորգ,Դավիթ, բոլորդ , իմ բաժան-բաժան սրտիկներ, պահեք, փայփայեք ու պահպանեք մեր այս փոքրիկ,սրտաչափ ու սրտի կարեվորութկուն ունեցող հողը:Ոչ’ մի ոտնաքայլ նահանջ,ոչ’ մի զիջում:Առանց այդ էլ իրենք իրենց տերեր կարգողները զիջում ու նվիրում,առնում ու ծախում են իրենք իրենց ինքնաշնորհած,բայց բոլորիս պատկանող հող-հայրենին:
Դարավոր դավ ու խարդավանքներից, մահ ու ցավերից դանդաղորեն’ մեր թթենու պես, արթնանում է նա’ հայ ժողովուրդը , նա ում սահմանները հսկում եք դուք’ իմ զավակները, նա, ում հարատևող թմբիրը բացում է իր զգոնության աչքերը և սթափեցնում’ համախմբման, կեղևից’ ծառի ամբողջացման, զարգացման…
Գարուն է … Դարձյալ հայոց խառնաշփոթ գարուններից մեկը, ուր մարդիկ զարմացած են ու շվար, ուրախ են և վախեցած,անկասելի և արթնացող… Ուզում եմ համբուրել նրանց, բայց չեն զանազանվում կեղծն ու անկեղծը, ում հավատամ ու վստահեմ… Ովքեր են հնարում կարգ ու օրենքները և անհամար սողանցքներ թողնում շրջանցումների համար:Ում, ինչ է կարելի,կամ’ չի կարելի …
Հերթական սովորական դարձած և մինչև ընտրությունների կայացումն արդեն որոշված քվեների տոկոսներ, խառնամբոխ, անհամար ծախու, քսու <<մարդիկ>>, օտարերկրյա վերահսկվող դիտորդներ …
Ազատ-անկախ Հայաստանը, ավելի ճիշտ’ տարածքը լցվել ու լցվում է այլազան ու այլադավան ազգ ու ժողովուրդներով, և շուտով, ցավոք, նրանք կարող են կազմել իմ զավակների երկրի դիմագիծը, քանի որ նրանք միտումնավոր գալիս են ու գալիս,իսկ հայերը’ ճարահատ, գնում են ու գնում, շատերը’ անվերադարձ:
Չմոռանանք համաշխարային գրականության գոհարներից մեկի’ <<Սասունցի Դավիթ>> էպոսի համամարդկայինն ու ամենամարդասիրականը համարվելու եզակի հատկանիշը, որով էլ նա հավերժացվեց և դասվեց ՅՈՒՆԵՍԿՈՕ –ի աննյութական արժեքների շարքում:Միթե Դավթի երազանքը թքագադրվելն էր, թե իր ազգին ազատ ու անպարտ տեսնելը:
Ինչ եղավ հայկական հզորագույն գենը, որ կարող է ողջ մարդկությանը փոխանցել իր ներուժը , կամքը և հաղթելու վճռականությունը:
Երևացեք, հայեր, ծավալվեք շուրջբոլորը, թողեք, որ ձեռք տամ, շոշափեմ, գուրգուրեմ ու զգամ ձեզ…
Ձեր մայրն եմ,քույրն ու դուստրը, ձեր մեջ եմ ու ձեր կողքին:Երկարեք ձեր ձեռքը, ձայնեք կանչերիս, թույլ տվեք վերջապես’ կարողանամ ու արտաբերեմ ողջույնս, որ հավատամ ու վստահեմ մեր մեծ ու առաջնորդներին և չդասադրեմ նրանց’ ըստ հայ լինելու կարգի …
Թող վերջապես հնարավոր լինի բոլորիդ ասել.
-Բարի լույս, հայեր …
01.04.2013
Բյուրեղիկ Պետրոսյան (բանաստեղծուհի)