«Հռոմը գնում է կործանման, որովհետև
երգիչները դադարել են դաստիարակելուց
և միայն զվարճացնում են»: Լուկիավոս

Այս երգչուհին և նրա նման' անդրեները, հասիկոները, բոլորը, կարծում և սրտանց էլ հավատում են, թե իրենք ժամանակակից'21-րդ դարի հայ էստրադային մշակույթն են կերտում և զարգացնում, նրա առաջամարտիկներն ու նվիրյալներն են: Վերջապես ինչ է եղել. երգի խոսքերը հայերեն են, գոմեշը կա, Կոմիտասի ձայնի պատառիկը հետն է, աղջկա հագուկապը ընդգծված ժամանակակից-տարազի բնույթ ունի, պարող մաճկալները լրացնում, ամբողջացնում են գոմեշին, առավել տպավորիչ են դարձնում պատկերը և այլն, և այլն, և ո՞վ կասի, թե երգը ազգայինի հետ կապ չունի, թող առաջինը ինքը քարը նետի երգը ստեղծողների, երգչուհու, պարող մաճկալ տղերքի, այս ամենը հովանավորողների, հավանողների վրա: Սակայն այստեղ, դժբախտաբար, մի փոքրիկ ԲԱՅՑ կա. այս ամենը միայն ՁԵՎԻ հարթություններում է իրական, և խորքային որևէ կերպ չի առնչվում ազգայինի բովանդակայնության, նրա բուն ԷՈՒԹՅԱՆ հետ, նրա էռզացը, շինծուն ու սուռոգատն է: Արդեն շատ վաղուց, մեզանում զուտ ձևի և ձևականության, այսինքն՝ կեղծիքի ու ստի մթնոլորտն է տիրում մշակույթի ոլորտում, ինչն աներկբայորեն լծորդվում և իր ազդեցությունն է թողնում նաև մեր հասարակական գործունեության, մարդկային հարաբերությունների բոլոր ասպարեզների վրա: Մենք վաղուց արդեն գիտակցված կամ ոչ, ապրում ենք մի հնարովի'մեզ համար սովորական, դժբախտաբար արդեն մեր էության մասը դարձած, ձևի ու ձևականությունների աշխարհում:

Մարդ մարդու էությանը համապատասխանող բոլոր ճշմարիտ արժեքները, մեր ազգային ինքնությունից բխող բոլոր գաղափարները մեզանում մոռացված, արհամարհված են և շատ շատերիս մոտ վաղուց արդեն իրենց իրական բովանդակությունից զրկված, գոյություն ունենալով միայն խեղաթյուրված ձևական հարթություններում, լոկ նրանց նմանակեղծիքներն են հանդիսանում: Այսօրվա մեր ընթացքը մի զավեշտախաղ է հիշեցնում, որտեղ բոլորս անխտիր, ԱՅՍ ՀՈԼՈՎԱԿԻ ՆՄԱՆ, իսկական, ճշմարիտ արժեքները կրողի դերեր ենք ստանձնել ու ինքնամոռաց ճամարտակություն ենք անում՝ ներքուստ զգալով կամ չզգալով անգամ վիճակի ողբերգայնությունը: Դերին համապատասխան կոկորդ ենք պատռում, թե հայ ենք, իրականում չիմանալով անգամ, թե դա ինչ է' ձև ենք անում, քրիստոնյա ենք, բայց' չենք, ազգային կամ քաղաքական գործիչ ենք, ազգասեր ու հայրենասեր ենք, մտավորական ենք, պատգամավոր ենք, մեծ բարերար ենք, չգիտեմ էլ ինչ … ենք, սակայն իրականում' չենք, չենք ու չենք: «Ախպեր, ձև արա թող գնա, գլխի չեն ընկնի, ով ա հասկանալու, մոմ ա' վառում ենք էլի…»,-ասում է ներքին ձայնը: Եվ ահա այսօր մենք, ազգովի, մեզ համար ստեղծել ենք մի իրականություն, որը մի խոսքով կարելի է բնութագրել որպես ԿԱՌՆԱՎԱԼ, ՈՐԻ ՄԱՍՆ ԵՆ ԿԱԶՄՈՒՄ ՆԱԵՎ ԱՅՍ ԵՎ ՆՄԱՆ ԲՈԼՈՐ ՀՈԼՈՎԱԿՆԵՐԸ, ՈՐՈՆՑ ԹՎՈՒՄ ԵՎ ԱՅԴ ‘ՌԵՔՎԻԵՄԸ’..

Կից նյութն` այստեղ: