
Հրանտ Մաթևոսյան
«Լա՛վը չես, խեղճ ես, լավը չես, զավա՛կս, որդիս, առաջնեկս, իմ հույսս, իմ թանկս, լա՛վը չես, մեջդ վրեժ չկա: Քո պապ ու իմ հեր Իշխանը արնագույն պուճուր մի ձի ուներ, էնքան պուճուր, որ բանակ չէին տարել ասում է, չարությունից պայթում էր՝ որ մի ձի իրենից առաջ էր ընկնում: Հևում էր, թոքերը շխկշխկում էին, քթերից կրակ էր թռչում - իր պուճուր տեղով տրաքում էր չարությունից: Քո պապի պահած շունն էլ պիտի էդպես լիներ, նրա զավակն էլ ու չափարի բանջարն էլ ու պատի օձն էլ պիտի էդպես լինեին: Դու լավը չես: Ինչ իմացողի հարցնում եմ՝ գովում ու ծիծաղում է - իբր թե լավն ես, խղճով ես, և էդ ծիծաղն իմ սրտին դանակ է դառնում, զավակս, զավակս..... ու ես ասում եմ. մարդ չպիտի էնքան քաղցր լինի՝ որ կուլ տան, չպիտի էնքան դառը լինի՝ որ թքեն: Քեզ կուլ են տվել ու գովում են, զավակս, քեզ կուլ են տալիս: Ասում ես խիղճ, բայց խիղճը գիտե՞ս երբ է գեղեցիկ - երբ գազանի մեջ է: Քոնը խիղճ չի, խեղճություն է..... Խիղճ, խղճի վրա խիղճ, խղճի վրա խիղճ, ներսից խիղճ, դրսից խիղճ - դա խի՞ղճ է թե փալասե տիկնիկ, զավակս, զավակս, իմ հոգսս, իմ տանջանքս, իմ անհանգստությունս, իմ տառապանքս, իմ բեռս: Աղջիկ եք տեսնում՝ կանգնում նայում եք ու աչքներդ լցվում է, տղա եք տեսնում՝ բերաններդ բա՜ց նայում եք, հիվանդ գառան համար լաց եք լինում, սիրուն հորթի համար լաց եք լինում - ձեր փորում տղամարդու սի՞րտ է թե սազը ձեռին աշուղ: Քո պապ Ավետիքի քնա՜ծ, դանդա՜ղ, բա՜րի, էն էլ ես ինչ իմանամ բարի՞ թե վախկոտ չեղած մի պուտ արյունը էդ ո՜նց կարողացավ կտրել մերանի պես քո մեջ Իշխանի տված էն կատաղի վարար արյունը, անդադար, խաբեբա, շողոմքոր, համարձակ, անքուն, վրիժառու, զնգուն-զվարթ-ավազակ առնաուտի արյունը քո մեջ էդ ո՜նց կտրվեց Ավետիքի քնած մի պուտ արյունից: Թե՞ էդքան դուրեկան է ծնկներն օջախին դեմ անել, ժպտալով ննջել ու հուսալ ու հավատալ, թե աշխարհը բարի է: Էծը թուփ - գելը էծ: Է՞ծն ես թե թուփը, գե՞լն ես թե էծը , ո՞րն ես: Կա՛մ - կա՛մ»: