ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան գրառումներից մեկի մեկնաբանությունում անդրադարձել է  Հոկտեմբերի 27-ի ահաբեկչական խմբի պարագլուխ Նաիրի Հունանյանին՝ բնութագրելով նրան  որպես «ավելի քան ադեկվատ»:

«Իսկ ինչի ա Ձեզ թվում, որ էդ շուխուրները տենց վերջին ճշմարտությունն են: Նաիրին ավելի քան ադեկվատ է: Շատերիցդ ադեկվատ»,- գրել է Բաբաջանյանը:

Հիշեցնենք, որ այսօր՝ հեկտեմբերի 24-ին, Արման Բաբաջանյանը «Երևան Կենտրոն» ՔԿՀ-ում շուրջ երկու ժամ առանձնազրույց է ունեցել Հոկտեմբերի 27-ի ահաբեկչական խմբի պարագլուխ Նաիրի Հունանյանի հետ:

«Բազմաթիվ պատասխանների հետ առաջ եկան բազմաթիվ հարցականներ, որոնք պետք է երկար վերլուծել, հասկանալ, բայց Հոկտեմբերի 27-ի գլխավոր շահառուները՝ հակահեղափոխական ճամբարներից հանդես եկող ռևանշիստական ուժերի պարագլուխները պետք է միշտ հիշեն՝ Վազգեն Սարգսյանի, Կարեն Դեմիրճյանի, Յուրա Բախշյանի, Ռուբեն Միրոյանի, Հենրիկ Աբրահամյանի, Արմենակ Արմենակյանի, Լեոնարդ Պետրոսյանի, Միքայել Քոթանյանի դաժան սպանությամբ Հայաստանի պետությանն ու պետականությանը հասցված այս ահաբեկչական սպանդը չի ներվելու և որևէ մեկն անպատիժ չի մնալու»,- ֆեյսբուքյան գրառման մեջ նշել էր նա: