«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը սոցկայքի իր էջում գրել է. «Ստամբուլյան կոնվենցիան չի վավերացվելու, բայց ոչ թե այն պատճառով, որ իշխանությունները գիտակցում են դրա անհրաժեշտության բացակայությունը կամ դրա վտանգավորությունը ներհասարակական համերաշխության համար, այլ Սահմանադրական դատարանն այն ճանաչելու է հակասահմանադրական։ Սա պարզամիտ հնարք է, որ Փաշինյանը կիրառելու է մեկ կրակոցով երկու նապաստակ սպանելու նպատակով.

1. Ցույց տալ իր արտաքին հովանավորների և կոնվենցիայի վավերացման կողմնակիցներին, որ ինքը ցանկանում էր վավերացնել, սակայն ՍԴ հակահեղափոխական էր և տապալեց այդ «կարևոր» նախաձեռնությունը:

2. Հերթական ատելության և անհանդուրժողականության ալիքը բարձրացնել ՍԴ, մասնավորապես, Հրայր Թովմասյանի դեմ հասարակության ծայրահեղ աջ տրամադրված աղմկոտ փոքրամասնության կողմից և լուծել Վահե Գրիգորյանին ՍԴ նախագահ կարգելու գերակա խնդիրը։

Սակայն Նիկոլ Փաշինյանը պետք է գիտակցի, որ եթե կառավարությունն ընդունեց որոշում Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման գործընթաց նախաձեռնելու վերաբերյալ, ապա, անկախ դրա արդյունքից, Փաշինյանն անձամբ է կրելու այս գործընթացի ողջ քաղաքական պատասխանատվությունը»։