Քաղաքագետ Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Չնայած իր կողմից հնչեցված բազմաբնույթ քննադատություններին, ուղղված դեպի Սերժ Սարգսյանի ձևավորած այս համամարգը, Փաշինյանը 9 ամսվա ընթացքում ոչինչ չարեց սուպերվարչապետական համակարգը թուլացնելու և իրական զսպումների և հակակշիռների համակարգ ձևավորելու համար։
Իսկ ինչի համար է Փաշինյանին անհրաժեշտ պահպանել այս համակարգը?
Սերժ Սարգսյանը, ունենալով խիստ ցածր վարկանիշ, ձևավորեց այս գրեթե միապետական կառավարման համակարգը իշխանության և պետության կառավարման բոլոր օղակների վրա ամբողջական հսկողություն հաստատելու, այն պահելու և առավելագույնս կառավարելի դարձնելու համար։
Փաշինյանի վարկանիշն առայժմ բարձր է և այդ համակարգի կարիքը նա առայժմ չի զգում։
Սակայն դատելով նրա և իր թիմի ինտելեկտուալ և կազմակերպչական կարողություններից, այս բարձր վարկանիշը երկար դիմանալ չի կարող։ Անկումը կլինի շատ ավելի արագ, քան դրա ձևավորումն էր։
Փաշինյանից ավելի լավ որևէ մեկը չի պատկերացնում իր և իր թիմի հնարավորությունները և իրենից լավ որևէ մեկը չգիտի, թե ինչ վարկանիշ կունենան իրենք 4 կամ 6 ամիս հետո։
Իսկ եթե դրված է խնդիր ամեն գնով պահել իշխանությունը, ապա գնալ ուրիշի ձեռքով ստեղծված և ուրիշի համար կարված սուպերվարչապետական համակարգի վերացման, կլինի առնվազն միամտություն, նույնիսկ եթե այդ համակարգի իրական տերը Սերժ Սարգսյանն է։
Այնպես մի ակնկալեք, թե Փաշինյանը երբևէ կգնա սեփական իշխանության թուլացման և կվերացնի Սերժ Սարգսյանի ստեղծած սուպերվարչապետական կառավարման բուրգը։
Մնում է հասկանալ ամենակարևորը. կունենա Փաշինյանը բավարար հմտություններ և կարողություններ՝ այդ համակարգն օգտագործել իր իշխանությունը երկարաձգելու համար։
Արդեն սկսում եմ կասկածել...»: