Նիկոլ Փաշինյանը կորցնում է իշխանության գործողությունների նկատմամբ հսկողությունը, նոր ձևավորված իշխանության մեջ նեո-լիբերալները վարում են անկախ քաղաքականություն և քայլ առ քայլ կյանքի են կոչում իրենց ծրագրերը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր, քաղաքագետ Արթուր Ղազինյանը՝ կոչ անելով Փաշինյանին վերահսկել իր իշխանության մեջ տեղ գտած լիբերալներին։
Նրա գրառման մեջ, մասնավորապես, ասված է․
«Փաշինյանը կորցնում է իշխանության գործողությունների նկատմամբ հսկողությունը։
Նոր ձևավորված իշխանության մեջ 50% բաժնեմաս ունեցող նեո-լիբերալները, ստանալով գործադիր իշխանության մեջ լծակներ, վարում են անկախ քաղաքականություն և քայլ առ քայլ կյանքի են կոչում իրենց ծրագրերը։
Շատ դեպքերում նրանք օգտագործում են Փաշինյանի վրա ունեցած իրենց ազդեցությունը և նրա ձեռքերով իրագործում իրենց առաքելությունը։
Մասնավորապես, քաղաքացու օրը որպես տոն նշելը կարելի է դիտարկել որպես լիբերալ գաղափարաբանության դրսևորում, քանի որ նպատակ է հետապնդում հանրային շահի ընկալման փոխարինել հաստատել անձնական շահի՝ խիստ սուբյեկտիվ ընկալում, դրանով իսկ թուլացնելով հասարակական դիմադրողականությունը օտար բարքերը և արժեքները մեր դեռևս կոնսերվատիվ հասարակության մեջ ներդնելու գործընթացում։
Ազատական արժեքները դեռևս խորթ են մեր ավանդապաշտ հասարակության և քաղաքացիների լայն շրջանում և ցանկացած փորձ արհեստականորեն պարտադրել դրանք մեր հասարակությանը հղի է անկանխատեսելի հետևանքներով։
Կոչ եմ անում Փաշինյանին վերահսկել իր իշխանության մեջ տեղ գտած լիբերալներին և ձեռնպահ մնալ Հայկական ավանդական և ընտանեկան արժեքների դեմ ցանկացած բնույթի ոտնձգությունից»։