Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հարցազրույց է տվել BBC-ի ռուսական ծառայությանը` նշելով, որ իր գլխավոր նպատակն է հասնել այն բանին, որ Վրաստանը անդամակցի ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին:
Վրաստանի համար ՆԱՏՕ-ն ու ԵՄ շարունակում են մնան գերակայություններ, ինչը Հարավային Կովկասում նոր բաժանարար գծեր է առաջացնելու, քանի որ ՀՀ-ն գտնվում է ՀԱՊԿ-ի կազմում, ունի ռազմավարական կապեր ՌԴ-ի հետ, ռուսական ռազմաբազան գտնվում է Գյումրիում:
Չնայած դրան, ՀՀ-ն պետք է ակտիվացնի իր կապերը Վրաստանի հետ`հատկապես տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային ոլորտներում`փոխադարձ ներդրումներ խրախուսի, որպեսզի կարողանա բալանսավորել թուրք-ադրբեջանանական տանդեմի էքսպանսիան Վրաստանում:
Հայ-վրացական համագործակցության կարևոր բաղկացուցիչն է էներգետիկ-կոմունիկացիոն համագործակցությունը: Հայաստանի համար Վրաստանը կարևոր տարանցման երկիր է, յուրօրինակ պատուհան դեպի արտաքին աշխարհ և այդ երկրի տարածքով են անցնում հայկական տնտեսության համար կենսական նշանակության կոմունիկացիաները՝ երկաթգիծ, որը Հայաստանը կապում է սևծովյան Բաթում և Փոթի նավահանգիստների հետ, Ռուսաստանի հետ կապող ավտոմայրուղին՝դեպի Վերին Լարս, ինչպես նաև Ռուսաստան-Հայաստան գազամուղի մի հատվածը:
Հայաստանի համար կարևոր է Վրաստանի կայունությունը, տնտեսական վերելքն ու երկու երկրների միջև կապող կարևորագույն գործոն հանդիսացող վիրահայոց համայնքի հզորացումը: Երևանի համար կարևոր է տեղի հայության ակտիվ ներգրավումը վրացական հասարակական կյանքի բոլոր ոլորտներ՝շեշտը դնելով նաև հայապահպանության վրա:
Իսկ Վրաստանի համար Հայաստանի հետ հարաբերությունների խորացումը կարևորվում է նաև տարածաշրջանային ուժերի բալանսը պահպանելու և բոլոր հարևանների հետ բարիդրացիական հարաբերությունների խորացման առումով:
Հայ-վրացական տնտեսական հարաբերություններում առկա է չօգտագործված մեծ պոտենցիալ և տնտեսական փոխհարաբերությունների մակարդակը պետք է հասցնել քաղաքական բարձր մակարդակի հարաբերություններին, ինչն առավել ևս կարևորվում է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից վրացական ուղղությամբ տարվող ակտիվ աշխատանքով: