Իսրայելական ՑԱԽԱԼ–ի ԳՇ–ի պետ, գեներալ–լեյտենանտ Գադի Այզենկոտը հայտարարել է, որ Իսրայելն ու Սաուդյան Արաբիան մոտ դիրքորոշումներ ունեն իրանական սպառնալիքի նկատմամբ և Իսրայելը պատրաստ է հետախուզական տվյալներով փոխանակվել Սաուդյան Արաբիայի հետ։
Նրա խոսքով, Իրանը ցանկանում է գերիշխել Մերձավոր Արևելքում'ուժեղացնելով իր ներկայությունն Իրաքում, Սիիայում, Լիբանանում, Բահրեյնում ու Եմենում'մինչև Կարմիր ծով, իսկ դա թույլ տալ չի կարելի։
Սաուդյան Արաբիա–Իսրայել դաշինքն ընդդեմ Իրանի կարող է ընդգրկել նաև Ծոցի միապետությունները, որոնք Էռ–Ռիյադի հետ կազմում են այսպես կոչված արաբական կոալիցիա, գործում են համատեղ Եմենում, ինչպես նաև միավորված զորախումբ ստեղծելու մտադրություններ ունեն։ Հատկանշական է, որ այդ բոլոր երկրներն ԱՄՆ–ի կարևորագույն տարածաշրջանային դաշնակիցներ են ու այդ կոալիցիա ստեղծվելու է ամերիկացիները համաձայնությամբ ու լոգիստիկ աջակցությամբ։ Ծոցի միապետություններում առկա են ամերիկյան ռազմաբազաներ, իրենց հետախուզական և այլ հնարավորություններով'ուղղված այդ թվում Իրանի դեմ։
Իսրայելը բազմաթիվ անգամ օդային հարվածներ է հասցրել Սիրիայի տարածքին'Հզբոլահի ուժերին և նրանց համար առաքվող զենքերի քարավաններին։ Իսրայելի ռազմա–քաղաքական ղեկավարությունը բազմաթիվ անգամ հայտարարել է, որ իրենց թույլ չեն տա Իսրայելի սահմանների երկայնքով'Սիրիայում իրանական ռազմաբազաների ստեղծում։ Հաշվի առնելով ընդհանուր մթնոլորտն' Իրան–Արևմուտք, Իրան–Սաուդյան Արաբիա, Իրան–Իսրայել հարաբերությունների սրությունը Թել–Ավիվը վճռական է տրամադրված'հարվածել այն ռազմական ենթակառուցվածքներին, որոնք կարող են սպառնալ հրեական պետության ազգային անվտանգությանը։
Եթե Իսրայելը հարվածի իրանական ուժերին, ապա դա կարող է саsus belli դառնալ'ուղիղ ռազմական բախման հանգեցնելով Սիրիայի և հնարավոր է նաև Լիբանանի տարածքում։ Օրերս շեյխ Նասրալան, ով ղեկավարում է Հզբոլահ լիբանանյան շարժումը կրկին անգամ սպառնացել է թե Ւսրայելին, թե Սաուդյան Արաբիան, որը կարող է հրեական պետության հետ դաշնակցած պատերազմել Իրանի դեմ'ուրիշի «ձեռքերով» Սիրիայի հողի վրա։
Սիրիան կարող է նմանվել Եմենին, որտեղ Իրան–Սաուդյան Արաբիա ռազմական բախումները տեղի են ունենում իրանամետ հոուսիտների և Էռ–Ռիյադի ղեկավարած արաբական կոալիցիայի միջև։
Իրան–Իսրայել ռազմական բախումը Սիրիայում էլ ավելի կսրի իրավիճակը Մերձավոր Արևելքում'ԻՊ–ի դեռևս կանգուն բջիջները կարող են օգտվել այդ բախումից և հակագրոհի անցել։ Բացի այդ, Ասադի ուժերը կօգնեն դաշնակից Իրանին, իսկ դա նշանակում է «թույլ օղակներ» կառաջանան սիրիական ռազմական թատերաբեմի տարբեր հատվածներում'դրանից կարող են օգտվել թե քրդերը, թե թուրքամետ ուժերը Իդլիբում և այլն։