Այն հանգամանքը, որ Իրանի դեմ ամերիկա-իսրայելական լուրջ դավադրություն է նախապատրաստվում, գիտակցվում է նաև Իրանի ներսում:
Հստակ հակաիրանական գործողություններ են նախաձեռնվում ոչ միայն Իսլամական Հանրապետության ներսում (սադրանքներ) կամ ուղղակիորեն նրա դեմ, այլև բոլոր հիմնական ճակատներում, որտեղ ակտիվ է և գործում է Թեհրանը:

 


Վերոնշյալի առնչությամբ ամենահանգուցայինը սիրիական հակամարտությունն է, որի հետ կապված՝ վերջին կուլիսային գործընթացներում նկատվում են Իրանին Սիրիայից դուրս թողնելու նպատակային միտումներ: Ընդ որում, ինչն է հետաքրքիր, որ այդ հարցում, կարծես, որոշակիորեն ձևավորվում է նաև Պուտին-Ասադ համաձայնությունը: Եվ Սիրիայից ռուս զինծառայողների ու սպառազինության որոշ հատվածի դուրսբերումը կարելի է դիտարկել որպես առաջանցիկ քայլ Մոսկվայի կողմից և հստակ ուղերձ՝ ուղղված Թեհրանին, որով վերջինից ևս համարժեք քայլ է ակնկալվում:

 


Իսկ Իրանում Սիրիայում ծավալվող գործընթացները, պատկերավոր, բայց բավականին դիպուկ կերպով բնութագրել է խորհրդարանի՝ Խորասանից ընտրված պատգամավոր Բեհրուզ Բոնյադին՝«Ասադն ու Պուտինը քաղաքական «պեշկաներ» են, որոնք «մատաղ են անում» մեզ Թրամփին և Նեթանյահուին»: