Մինչ հայկական լրատվական և փորձագիտական դաշտը ուշի ուշով հետևում է Իրանում մեկնարկած նախագահական ընտրությունների թեկնածուների առաջադրման մասին տեղեկատվությանը, մեր հարավային հարևան և բարեկամ երկրում ընթանում են այլ գործընթացներ ևս, որոնք պակաս կարևոր չեն մեզ համար:


Մասնավորապես, բոլորովին վերջերս տեղի է ունեցել էթնիկ խմբերի և կրոնադավանական փոքրամասնությունների հարցերով Իրանի նախագահի հատուկ օգնական Ալի Յունեսիի հանդիպումը թեհրանաբնակ թաթերի և թալիշների ներկայացուցիչների հետ, որի ընթացքում բարձրաստիճան պաշտոնյան հատուկ ընդգծել է իրանալեզու այս երկու ժողովուրդների ինքնության պահպանման կարևորությունը:


Ակնհայտ է, որ հանդիպման նպատակով հենց թաթերին և թալիշներին ընտրելը կողմնակի ցուցիչ է առ այն, որ Իրանի քաղաքական վերնախավը նպատակլ ունի հատուկ ուշադրություն դարձնել հատկապես երկրի հյուսիսարևմտյան շրջաններում բնակվող իրանական ինքնության կրող ժողովուրդների՝ տարածաշրջան, որտեղ թյուրքալեզվության պայմաններում նկատելի է «թյուրքական ինքնագիտակցության» որոշակի աճի միտում՝ պայմանավորված նաև ադրբեջանական քարոզչական ազդեցությամբ:


Այս առումով թաթերը և թալիշները կարծես թե սկսում են ստանձնել «թյուրքականության» դեմ պատվարի դերակատարություն, ինչը չի կարող չազդել նաև Ադրբեջանական Հանրապետության ներսում ընթացող էթնիկական գործընթացների վրա՝ հաշվի առնելով հատկապես այն հանգամանքը, որ թալիշները փաստացիորեն կիսված են հենց իրանա-ադրբեջանական սահմանով, իսկ այդ սահմանի երկու կողմերում ընթացող գործընթացները շատ դեպքերում աննշամարելի թելերով կապված են միմյանց հետ:

 

Վարդան Ոսկանյան