Հազարավոր զոհեր, նյութական և բարոյական ահավոր մեծ չափերի կորուստ, սնանակացած, քայքայված, ավերված ձեռնարկություններ, գործազրկություն, աղքատություն և արդեն գրեթե անելանելի վիճակ: Ահա այն գինը, որ վճարեց Ուկրաինան, ուկրաինական ժողովուրդը, որի ղեկավարները, քաղաքական, ազգայնական գործիչները սկսեցին կուրորեն ենթարկվել Արևմտյան տերությունների անհեռատես, անմտածված ծրագրերին: Այդ ավերածությունները և զոհերը հավանաբար պետք էին, որպեսզի վերջնականապես ֆրաու Մերկելը, մսյո Օլանդը հասկանային և վերջապես բարեհաճեին բանակցությունների սեղանին նստել Պուտինի հետ, որպեսզի ինքնագոհ ժպիտի փոխարեն Պարաշենկոյի դեմքին տեսնեինք մտահոգ ու շփոթված հայացք:
Շատ թանկ գնով է ձեռք բերվում այն ինչ կարելի էր գուշակել և ինչից կարելի էր խուսափել: Ինչևէ, վերջապես Եվրոպայում կարծես սկսում են ավելի սթափ և իրատեսական մտածել և հակադրվել ԱՄՆ-ին: Նրանք կարծես զգում են իրենց «քցված» լինելու կարգավիճակը և արդեն դեմ են Ուկրաինային զինելու ամերիկյան մտադրությանը, ու գիտակցում են, որ դա կտանի միայն պատերազմի ու հակամարտության նոր լարվածության:
Շուտ էր պետք այս կարգավիճակով բանակցությունների սեղանին նստել, Ռուսաստանն այն երկիրը չէ, որին պետք է արհամարեին, անտեսեին ու փորձեին «անկյուն կանգնեցնել»…Եվ վերջապես Ռուսաստնն այն երկիրը չէ, որի հետ պետք է զենքի ուժով և սպառնալիքներով խոսել…
Հուսանք առաջիկայում Մինսկում տեղի ունեցող նոր հանդիպման ընթացքում որոշակի դրական տեղաշարժեր կլինեն: Հուսանք և սպասենք…
Ռոբերտ Մելքոնյան