ԸՆՏԱՆԵԿԱՆ. Եթե որոշել եք երիտասարդ ծնող դառնալ…
Ծնողի դեր ստանձնելը չափազանց մեծ պատասխանատվություն է ցանկացած տարիքում, առավել ևս երբ երիտասարդ ես: Կյանքում հանդիպող բազմաթիվ օրինակներ վկայում են այն մասին, որ երիտասարդ ամուսիններից շատերը չունեն բավականաչափ կենսափորձ և հմտություններ երեխային դաստիարակելու համար. նորածնի հանդեպ հոգ տանելու կարողությունը ձեռք է բերվում ջանքերի շնորհիվ և ոչ միանգամից:
Մյուս կողմից' հանդիպում ենք նաև ամուսնական զույգերի, ովքեր շատ երիտասարդ տարիքում հայրիկ կամ մայրիկ են դարձել և այդ դերում իրենց լիովին ներդաշնակ ու բնական են զգում. նրանց մոտ գրեթե ամեն ինչ ստացվում է:Այսպիսով' ավելի շատ լա՞վ, թե՞ վատ կողմեր ունի երիտասարդ տարիքում ծնող դառնալը… Փորձենք որոշակիացնել:
Հստակ դատողություններ անելու համար նախ ճշգրտենք, թե ում կարելի է համարել երիտասարդ ծնող: Ներկայումս գործածության մեջ է «երիտասարդ ընտանիք» եզրույթը: Ըստ դրա' այդպիսին է համարվում այն ընտանիքը, որում երկու ծնողների տարիքն էլ չի գերազանցում 30-ը: Սակայն պետք է հաշվի առնել, որ մեծ տարբերություն կա, ասենք, 22-ամյա և 29-ամյա ծնողների միջև: Տվյալ դեպքում «երիտասարդ ծնող» ասելով մենք նկատի ունենք այն կանանց ու տղամարդկանց, ովքեր ծնող են դարձել 22-23 տարեկանից շուտ: Բոլորիս համար նվիրական այդ առաքելությունն իրականացնելուց և վաղ մայրանալուց /հայրանալուց/ առաջ չէր խանգարի սթափ գիտակցել մոտ ապագայի հեռանկարը:
Եվ այսպես…
Բացասական կողմեր
1. Ինչ-որ առումով դուք «կկորցնեք» ձեր երիտասարդությունը: Սկսած այն պահից, երբ լույս աշխարհ կգա երեխան, դուք չեք կարողանա, օրինակ, ժամերով նստել որևէ բարում կամ սրճարանում, վայելել ազատ ժամանակը պարասրահում, չեք կարողանա առաջվա նման բացակայել տնից 1 կամ 3 օրով, պահի տակ որոշել ու դուրս գալ քաղաքից որևէ հետաքրքիր տեղ այցելելու համար:
2. Ծնող դառնալուց հետո պետք է ամբողջովին փոխեք ձեր կենսակերպը և ձեր հայացքները կյանքին ընդհանրապես. չէ որ սկսած այդ պահից դուք պարտավոր եք մտածել ու հոգ տանել ոչ միայն ձեր, այլև ընտանիքի նոր ու փոքրիկ այն անդամի մասին, ով անբողջովին կախված է ձեզնից:
3. Ամենայն հավանականությամբ ձեր շփումների շրջանակը զգալիորեն կփոխվի, ավելի ճիշտ' առավելագույնս «կզտվի»: Ձեր ընկերներից շատերն ինքնըստինքյան ձեռք կբերեն ՙ«նախկինններ» պիտակը, քանի որ ձեր շոշափած թեմաների մեծ մասը, որոնք վերաբերում են երեխային ու ընտանիքին, հոգեհարազատ չեն լինի նրանց, մի մասի համար էլ կթվան բացարձակապես անհետաքրքիր:
4. Որոշ ժամանակ խիստ ծանրաբեռնված կլինեք: Համատեղել ուսումը, աշխատանքն ու երեխայի խնամքը աներևակայելի դժվար կլինի: Դուք բառացիորեն ժամանակ չեք ունենա անգամ նորմալ քուն առնելու համար, ուր մնաց մտածեք այլ զվարճանքների ու հաճույքների մասին:
5. Ձեր ծնողները, ովքեր պապիկ ու տատիկ են դարձել երեխայի ծննդյան օրը, թեև անչափ ուրախ են այդ առիթով, բայցևայնպես չեն կարող հուսալի հենարան լինել նորածնի խնամքի հարցում: Եվ դրա պատճառն այն է, որ նրանք էլ բավականաչափ երիտասարդ են ու հիմնականում զբաղված' աշխատանք, անձնական գործեր և այլն…
6. Եվ մի ոչ անկարևոր հանգամանք ևս. ինքներդ էլ այդքան շուտ ծնող դառնալու արդյունքում շատ հնարավոր է, որ մոտ քառասուն տարեկանում տատիկ կամ պապիկ դառնաք, ինչն, իհարկե, հաճելի է, բայց երբեմն' վաղաժամկետ:
Դրական կողմեր
1. Դառնալով ծնողներ վաղ հասակում' դուք միգուցե չկարողանաք «հույս դնել» երիտասարդ տատիկ-պապիկի վրա երեխային զբաղեցնելու կամ այգի տանելու հարցում, քանի որ նրանք աշխատում են: Բայց մյուս կողմից նրանք կարող են օգնել ձեզ նյութական առումով, ինչը շատ տեղին կլինի, որովհետև երեխա մեծացնելը խիստ ծախսատար է:
2. Վերջին շրջանում արդիական դարձած տարբեր կրթական բարեփոխումները հնարավորություն են տալիս բարձրագույն կրթություն ստանալ նաև երեխա մեծացնելուն զուգահեռ: Ընդ որում, երբ դուք ավարտեք հեռակա ուսուցումը, ձեր բալիկը մեծացած կլինի ու մանկապարտեզ կգնա: Իսկ դա նշանակում է, որ դուք էլ ցանկության դեպքում կարող եք աշխատանքի անցնել:
3. Որքան էլ տարօրինակ հնչի, փաստ է, որ այն աշխատողները, ովքեր երիտասարդ ծնող են, որոշակի առավելություններ ունեն: Բազմաթիվ գործատուներ նման ենթականերին համարում են հուսալի և պատասխանատու աշխատակիցներ, քանի որ նրանք պարտավոր են մշտապես հոգ տանել ընտանիքի մասին, ուստի կրկնակի շահագրգռված են իրենց հաստիքը պահպանելու համար: Բացի այդ' ձեր ղեկավարի մտահոգությունը մեծ չի լինի այն առիթով, թե որոշ ժամանակ աշխատելուց հետո ֆիզարձակուրդ կվերցնեք:
4. Հասցնել լինել այն հետաքրքիր վայրերում, որտեղ չեք եղել երեխային խնամելու տարիներին, կարող եք նաև 26-30 տարեկանում, երբ ձեր զավակը բավականաչափ մեծացած կլինի' հանգիստ նստած հարազատների կամ դայակի հետ:
5. Երեխայի լույս աշխարհ գալուն պես ձեր կենսակերպը խիստ կփոխվի, ինչը նշանակում է, որ կհայտնվի նոր շրջապատ, ձեռք կբերեք նոր ծանոթ-մտերիմներ… Հիմնականում' ձեր պես երիտասարդ ծնողներ, որոնց հետ կծանոթանաք մանկական խաղահրապարակներում, պոլիկլինիկայում կամ մանկապարտեզում: Հնարավոր է, որ նրանց հետ շփումը ձեզ համար ավելի հետաքրքիր լինի, քան զրույցները հին ընկերների հետ, ում ուշքն ու միտքը ժամանցն ու վայելքներն են: Ձեր բալիկներն էլ կարող են միմյանց հետ խաղալ և ընկերություն անել, իսկ նոր ծանոթությունները միշտ էլ հաճելի են:
6. Ձեր և զավակի միջև փոքր տարիքային տարբերությունը կօգնի, որ ձեր հարաբերություններն ավելի ներդաշնակ լինեն: Ամենայն հավանականությամբ ձեր հայացքները կյանքին ծայրահեղ տարբեր չեն լինի, նա չի «քաշվի» ձեզնից կամ «հետամնաց» չի համարի ձեզ: Արդյունքում դուք նաև ընկերներ կլինեք, ինչը հրաշալի է:
7. Երբ հաղթահարած կլինեք բոլոր դժվարությունները' կապված երեխայի դաստիարակության հետ, կգիտակցեք, որ բոլորովին այլ մարդ եք դարձել. կսովորեք ավելի պատասխանատու վերաբերվել ձեր մերձավորներին, կգնահատեք ձեր ժամանակը, ընտանիք հասկացությունը նորովի կարժեվորվի ձեզ համար: Իսկ այդ ամենը մարդուն հենց այնպես չի տրվում, այլ միայն այն յուրահատուկ կենսափորձի շնորհիվ, որը գալիս է երեխայի ծննդի հետ:
Համեմատել և լրացնել դրական ու բացասական կողմերի ցանկը կարող եք ինքներդ, բայց մի բան փաստ է. մասնակից լինել նոր արարածի, նոր կյանքի ծննդին և պատասխանատվություն կրել նրա համար մեծ առաքինություն ու երջանկություն է: Մի վախեցեք ծնող դառնալուց, բայց անպայման հաշվի առեք' պատրաստ եք դրան բոլոր առումներով, թե ոչ: Երջանկություն ձեր ընտանիքներին: