Իրանի հոգևոր առաջնորդի արտաքին քաղաքականության հարցերով գլխավոր խորհրդական Ալի Աքբար Վելայեթին հայտարարել է, ԻՊ–ը կորցնում է Իրաքում իր վերջին հենակետ Մոսուլը, իսկ Սիրիայում կորցրել է Հալեպը։ Նա հավելել է, որ Իրանը պաշտպանում է Իրաքի տարածքային ամբողջականությունը։

Վելայեթիի հայտարարությունը շատ ուշագրավ է`Իրանը չի ցանկանում տեսնել էթնո–կրոնական սահմաններով կազմաքանդված Իրաք, չնայած այնտեղ բնակչության մեծամասնությունը շիա են, ոչ էլ նույն սկզբունքներով կազմաքանդված Սիրիա։
Թեհրանը չի ցանկանում տեսնել անկախ, միացյալ Սիրիա, Թուրքիա, Իրաք, հզոր Քրդստան, քանի որ այդ պարագայում քրդական գործոնն ու փոքրամասնությունը բուն Իրանում նույնպես կակտիվանա, ու «դոմինոյի սկզբունքով» Իրանի հյուսիսում կակտիվանա քրդական անջատողականությունը, որը կհենվի Իրանի հետ սահմանկից Թուրքիայի ու Իրաքի քուրդ եղբայրների ռազմա–քաղաքական ու տնտեսական աջակցության վրա։ Իրաքում ու Սիրիայում անկախ սունիական պետության` Սուննիստանի ստեղծումը կարող է հանգեցնել նաև Իրանի ներսում արաբական Խուզիստան, անջատողականությանը։

Բացի այդ՝ Իրաք–Սիրիա հատվածում քրդական ու սուննիական անկախ կամ կիսանկախ միավորումների առաջացումը (ԻՊ–ը դրա վառ օրինակ է) ճեղքում է «շիական կիսալուսինը» Իրան–Իրաք–Սիրիա–Լիբանան ուղղությամբ։

Էթնիկ–կրոնական սահմաններով «բալկանիզացված», մասնատված Իրաքում ու Սիրիայում առանց ուժեղ կենտրոնական իշխանությունների ու իրանամետ ռեժիմների մեծանալու է Թեհրանի աշխարհաքաղաքական հակառակորդներ Սաուդյան Արաբիայի (կհենվեն տեղի սունիների վրա), ինչպես նաև Իսրայելի ազդեցությունը. Թել–Ավիվը վաղուց է սերտ ռազմա–տնտեսական կապեր հաստատել Մերձավոր Արևելքի քրդերի հետ։

 

Սիրիայի, Իրաքի կազմաքանդումը հանգեցնելու է շիա–սուննի հակամարտությանն, այդ թվում՝ զինված, ու Իրանն այդ պարագայում չի կարող անմասն մնալ ու կօգնի շիա եղբայրներին, ինչն էլ կհանգեցնի սունիական` հիմնականում Ծոցի երկրների ռազմական, ֆինանսական աջակցության ցուցաբերմանը Սիրիայի ու Իրաքի սունիներին։ Իրանի շուրջ ստեղծվելու են «թեժ կետեր» ու պարբերաբար կրկնվող քաոս, որը կարող է «կառավարվել» ու ուղղվել Իրանի ու նրա ազդեցության դեմ ԱՄՆ–ի, Իսրայելի ու Ծոցի արաբական պետությունների կողմից։