Ըստ բրիտանական IHS Markit վերլուծական կենտրոնի փորձագիտական զեկույցի՝ «Իսլամական պետություն»(ԻՊ) ահաբեկչական կառույցը 2016թ. ընթացքում կորցրել է Իրաքում և Սիրիայում սեփական վերահսկողության ներքո գտնվող տարածքների գրեթե ¼ մասը, թվային տվյալներով՝ շուրջ 18հազ. ք/մ տարածք(23%). համեմատության համար՝ 2015թ. ահաբեկչական կառույցը զիջել է տարածքների 14%-ն, իսկ ներկայումս զբաղեցնում է մոտ 60,4 հազ. ք/մ տարածք:

Մարդկային կորուստների տեսանկյունից, ըստ Իրաքի ԶՈՒ տրամադրած տվյալների, միայն 2016թ. հոկտեմբերին մեկնարկած Մոսուլի ազատագրման ռազմագործողության ընթացքում սպանվել է ԻՊ-ի ավելի քան 3300 զինյալ:

Իսկ ԻՊ-ի իրականացրած ահաբեկչական հարձակումների և կառույցի դեմ իրականացվող հակաահաբեկչական պայքարի հետևանքով 2016թ. ընթացքում միայն Իրաքում զոհվել է թվով 16361 խաղաղ բնակիչ:

Վերոնշյալի համատեքստում, չնայած կառույցը հատկապես Իրաքում շարունակում է էական կորուստներ կրել, այդուհանդերձ շարունակում է լրջագույն ուղղակի սպառնալիք հանդիսանալ ինչպես մերձավորարևելյան տարածաշրջանի երկրների, այնպես էլ համայն մարդկության համար՝ աննախադեպ բարձր աստիճանի հասցնելով ահաբեկչական սպառնալիքն ամբողջ աշխարհում:

 

Արմեն Պետրոսյան