Լոնդոնում տեղակայված Syrian Observatory for Human Rights (SOHR) սիրիական մարդասիրական կազմակերպության տվյալներով՝ սիրիական հակամարտությանը Ռուսաստանի ռազմական միջամտության 3 ամիսների ընթացքում (սկսած սեպտեմբերի 30-ից) ռուսական օդատիեզերական ուժերի գործողությունների հետևանքով զոհվել է 570 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 152 երեխա:
Միայն դեկտեմբեր ամսվա առաջին կեսի ընթացքում ռուսական օդուժի կողմից հասցված ավիահարվածներին զոհ է գնացել 353 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 94 երեխա և 60 կին, վիրավորվել է 950 մարդ:
SOHR-ի հաղորդմամբ՝ ռուսական ավիահարվածների միայն 10-15%-ն է ուղղված «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դիրքերի դեմ: Միևնույն ժամանակ, ռուսական օդուժի ռազմագործողությունների հետևանքով մեծապես տուժում են քաղաքացիական հաստատություններ և ենթակառուցվածքներ՝ շուկաներ, հիվանդանոցներ, բնակելի թաղամասեր:
Իրավապաշտպանները հավաստում են նաև, որ Թուրքական օդուժի միավորների կողմից ռուսական Су-24 ռազմական ինքնաթիռի խոցման միջադեպից հետո ռուսական կողմը փաստացի շրջափակման ռեժիմ է սահմանել ռուս-թուրքական սահմանի վրա՝ թիրախավորելով նաև մարդասիրական օգնություն տեղափոխող ավտոշարասյուներն, ինչը կտրուկ վատթարացրել է հումանիտար իրավիճակը Սիրիայի հյուսիսային որոշ շրջաններում:
Իսկ Թուրքիայի հարավում տեղակայված ՄԱԿ-ի առաքելության աղբյուրների համաձայն՝ ռուսական ավիհարվածները պատճառ են դարձել սիրիական փախստականների նոր ալիքի, որի թիվը գնահատվում է շուրջ 260 հազար:
Հաշվի առնելով այն իրողությունը, որ SOHR-ն առավելապես ընդդիմադիր դիրքորոշում ունեցող կառույց է, և նրա դոնորներն են հիմնականում հակաասադյան որոշ ուժեր՝ հատկապես Պարսից Ծոցի միապետություններից, պարզ է դառնում, որ որոշ տվյալներ մեծ հավանականությամբ կարող են ուռճացված լինել: Ամեն դեպքում, մի բան ակնհայտ է, որ ռուսական օդատիեզերական ուժերի գործունեության մարդասիրական հետևանքների մշտադիտարկման հարցում առկա է լուրջ բաց, և, թերևս, միակ համակողմանի դիտարկումներ իրականացնող կառույցը հանդիսանում է հենց վերոնշյալ կազմակերպությունը:
Արմեն Պետրոսյան