Վրաստանի ԱԳ նախարար Միխայիլ Ջանելիձեն հունվարի 9-ին պաշտոնական այցով կժամանի Թուրքիա: Այցի ընթացքում Ջանելիձեն հանդիպում կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, վարչապետ Բինալի Յըլդըրըմի և Թուրքիայի իր պաշտոնակից Մևլյութ Չավուշօղլուի հետ:


Կողմերը կքննարկեն ընթացիկ հարցեր, այդ թվում՝ Բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության վրաց-թուրքական խորհրդի աշխատանքը: Կարծարծվեն նաև երկու երկրների արտաքին քաղաքականության և անվտանգության ոլորտի գերակայությունները: Երկօրյա այցի շրջանակներում Վրաստանի արտաքին գործերի նախարարը կմասնակցի Թուրքիայի դիվանագիտական կորպուսի տարեկան հանդիպմանը, որտեղ ելույթ կունենա թուրք դիվանագետների առջև:

 

Անկարայի ու Թբիլիսիի համագործակցությունն ընդգրկում է բոլոր ոլորտներն ու 2017թ.–ը առանցքային է լինելու երկու պետությունների հարաբերությունների ամրապնդման տեսանկյունից։Ավարտին է հասցվելու Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթուղին`դա զբոսաշրջային, տարանցման, ապրանքաշրջանառության մեծացման համար նոր հնարավորություններ է ստեղծելու։ Բացի այդ, Հարավային գազային միջանցքի կյանքի կոչման շնորհիվ`կասպիական գազն ու նավթը Ադրբեջան–Վրաստան–Թուրքիա միջանցքով դուրս է գալու եվրոպական և այլ շուկաներ։

 

Դրան զուգահեռ, Ադրբեջանը, Վրաստանն ու Թուրքիան նպատակ ունեն ընդլայնեն համագործակցությունը նաև ռազմական ոլորտում։Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը նախորդ տարի Գաբալայում հայտարարել է, որ առաջիկայում Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն:

 

Էներգետիկայի, տրանսպորտի, լոգիստիկայի առումով Թուրքիան ու Վրաստանը զգում են միմյանց կարիքը`Վրաստանը Թուրքիայի «պատուհանն» է դեպի Կովկաս, Ադրբեջան ու թյուրքախոս Միջին Ասիա, իսկ ի դեմս Թուրքիայի Վրաստանն ունի հզոր տնտեսական գործընկեր, 80 միլիոնանոց շուկայով երկիր, որը ներդրումների առումով առաջատարն է`Ադրբեջանի հետ մեկտեղ, վրացական տնտեսության տարբեր ճյուղերում։

 

Թբիլիսին հաշվի է առնում նաև թյուրքական`Քվեմո–Քարթլիի տարածաշրջանը գրեթե ամբողջությամբ ադրբեջանաբնակ է, ինչպես նաև իսլամական գործոնը`Աջարիա, Պանկիսիի կիրճ և այլն Անկարայի հետ հարաբերություններ կառուցելիս։ Սակայն Ջավախքում թյուրքական գործոնի ուժեղացումը, ներդրումների, դեմոգրաֆիկ էքսպանսիան զուգահեռ պետք է անհանգստացնի Վրաստանին`այդ տարածաշրջանի կրոնական–էթնիկ դեմքի փոփոխությունը Վրաստանի հարավային սահմանների երկայնքով`Բաթումիից մինչև վրաց–ադրբեջանական սահման թյուրքական–մահմեդական միջանցք է ստեղծելու`դրանից բխող հետևանքներով։ Այդ թյուրքական միջանցքը ձգվելու է ՀՀ–ի հյուսիսային սահմանների երկայնքով և դա նույնպես պետք է մտահոգի Երևանին`դա սպառնալիք է ՀՀ ազգային անվտանգության ու կոմունիկացիաներին, որոնցից հիմնականներն անցնում են ադրբեջանաբնակ Քվեմո–Քարթլիով, իսկ մյուսը`Ջավախքով, որտեղ աստիճանաբար թյուրքական գործոնը վճռորոշ է դառնում։

 

Հավելենք, որ Թուրքիան Վրաստանի առևտրային գործընկերների թվում զբաղեցնում է երկրորդ տեղը։Ապրանքաշրջանառությունն անցնում է մեկ միլիարդի սահմանը։ Վրաստանի ՆԱՏՕ–ական, եվրաատլանտյան ուղենիշը նույնպես ազդելու է`տնտեսական տրամաբանությունից բացի, Թուրքիա–Վրաստան հարաբերությունների ամրապնդման վրա։

 

 Արտյոմ Բալասանով