Իրանի նախագահ Հասան Ռոհանիի այցը Հայաստան կարևորագույն իրադարձություն է հայ–իրանական հարաբերությունների զարգացման ուղենիշները պարզելու համար։ Այցի ընթացքում կոնկրետ տնտեսական համաձայնագրեր չեն ստորագրվել, սակայն խոսվել է մեծ ներուժի մասին`էկոնոմիկայի ոլորտում, որը դեռ լիարժեք չի օգտագործվում։
Ռոհանիի այցն իրոք ուղենիշներ որոշելու և Թեհրան–Երևան հարաբերություններում միջնաժամկետ հեռանկարում տեսլականը գծելուն էր ուղղված։
Առաջին`խոսվեց Սև ծով–Պարսից ծոց տրանսպորտային միջանցքի և Իրան–Հայաստան–Վրաստան–ՌԴ էներգետիկ միջանցքների մասին, ինչը շատ կարևոր է թե տնտեսական, թե աշխարհաքաղաքական առումներով։ Այդ ծրագիրը պետք է արագ կյանքի կոչվի`դինամիկան, կարևոր հանգամանք է, որ պակասում է հայ–իրանական տնտեսական հարաբերություններում։ Այդ դինամիկայի բացակայությունը գալիս է առաջին հերթին հայկական կողմից`տնտեսությունը գտնվում է վատթարագույն վիճակում, արտաքին պարտք, մեծ արտագաղթ, փոքր շուկա և տնտեսական օլիգարխիկ համակարգ։ Վերոնշյալ գործոնները միշտ էլ խոչընդոտելու են հայ–իրանական հարաբերություններում դինամիկան ապահովելու ճանապարհին`Իրանը Հայաստանը կարող է դիտարկել, գոնե տնտեսական մասով, միայն տարածաշրջանային կոնտեքստում`Հայաստան–Վրաստան–Սև ծովի երկրներ և ՀՀ–Վրաստան–ՌԴ միջանցքների ենթատեքստում։
Երկրորդ`Իրանը ղարաբաղյան հարցի լուծումը տեսնում է միայն խաղաղ ճանապարհով`Ռոհանին ևս մեկ անգամ հաստատեց Թեհրանի պաշտոնական տեսակետը`հարցը չունի ռազմական լուծում։ Ինչու է կարևոր Թեհրանի այդ դիրքորոշումը հայկական կողմի համար`Բաքուն ղարաբաղյան հակամարտությանը փորձում է տալ կրոնական երանգ`շիա Իրանը ընդգծում է, որ խնդիրը պետք է լուծվի առանց պատերազմի, ինչի մասին ամեն օր հայտարարում է շիա Ադրբեջանի իշխանությունները։ Այսինքն, շիական համերաշխություն Թեհրանի ու Բաքվի միջև այս հարցում չկա։ Հայաստանը կարողացել է ապահովել Իրանի չեզոքությունն այդ հարցում։
Բացի այդ, Իրանի և ՀՀ–ի միջև տնտեսական դինամիկային նոր խթան տալու համար պետք է ներգրավվել իրանական ներդրումները հայկական տնտեսության մեջ`իրանակացնել խոշոր ծրագրեր`աշխատատեղերի ստեղծում, գործարաններ, համատեղ ձեռնարկություններ, այդպիսի ծրագրեր դեռևս չկան և այսօրվա այցի ընթացքում բացի բարի ցանկություններից ազատ տնտեսական գոտիներում գործունեություն ծավալելու մասին այլ կոնկրետ ծրագիր`տնտեսական չի ներկայացվել։ ՀՀ–ը կրկին Իրանին չի ներկայացրել տնտեսական, ներդրումային լուրջ փաթեթ`կրկին բաց թողնելով շանսը, մինչև Իրանի նախագահի`Իրանում գարնանը ընտրություններն են, հաջորդ այցը Երևան։
Ռազմա–տեխնիկական համագործակցության մասին ևս ոչ մի նորություն`անգամ հայտարարությունների մակարդակով `չի եղել։ Իսրայել–Ադրբեջան ռազմական դաշինքի սերտացման և Երկաթե գմբեթը Բաքվին վաճառելուց հետո գոնե Երևանը պետք է հայտարարեր, որ կցանկանար նոր էջ բացել Իրանի հետ հարաբերություններում և սկսել ռազմա–տեխնիկական համագործակցությունը։
Այցից կոնկրետ դիվիդենտներ կարելի է շահել միայն մի պարագայում`Թեհրանը ՀՀ–ին շարունակում է դիտարկել, որպես բարեկամ, ռազմավարական դաշնակից և Կովկասում գործոն, սակայն այդ ուղենիշը պետք է հարստացնել կոնկրետ տնտեսական, էներգետիկ–տրանսպորտային ծրագրերն ավելի օպերատիվ կյանքի կոչելով`Հյուսիս–Հարավի ավարտը չի երևում, Իրան–Հայաստան երկաթգիծը`Ադրբեջան–Իրան երկաթգծի առկայության պարագայում պատմության գիրկը կանցնի կամ կմնա նախարարությունների պաշտոնական կայքէջերում, որպես ռազմավարություն և գերակա ծրագիր։
Իրանն ունի բազմամիլիոնանոց շուկա`այդ շուկայում հայկական արտադրանքի ներկայությունը սակավ է, շուկան`հայկական բիզնեսի համար մշուշոտ, անծանոթ և կոնկրետ քայլեր չկան Իրանում հայկական արտադրանքը ներկայացնելու համար։
Իրանին սահմանակցում է Սյունիքի մարզը և այդ տարածաշրջանը կարող էր իր արտադրանքը պետության աջակցությամբ և արտոնյալ պայմաններում դուրս բերեր իրանական շուկա`թե կոնկրետ, որ արտադրանքը, ինչ ծավալներով և որ քաղաքներ`դա արդեն պետք է պարզեին մասնագետները և երկկողմ հանձնաժողովներն ու բիզնես շրջանակները։ Սյունիքը սահմանակցելով Իրանին լոգիստիկ առումով ամենահարմարավետ դիրքում է գտնվում Իրանի հետ առևտուրը զարգացնելու համար։
Զբոսաշրջությունն էլ պետք է լինի ոչ թե սեզոնային`կապված կրոնական և այլ տոների հետ, այլ Իրանից պետք է ներգրավել մեծ թվով զբոսաշրջիկներ տարվա բոլոր եղանակներին`Թեհրանում ՀՀ դեսպանատունը պետք է ավելի ակտիվ ներկայացնի հայկական զբոսաշրջության ներուժն Իրանում, իսկ տուրիստական ընկերություններն ու բիզնեսը բարենպաստ սպասարկման և գնային պայմաններ առաջարկեն`հակառակ պարագայում իրանցի զբոսաշրջիկները նախընտրելու են այլ ուղղություններ`Թբիլիսին, իսկ ամառային սեզոնին`վրացական սևծովյան ափը։
Արտեմ Բալասանով