Հայաստանի տնտեսական զարգացման բանաձևերից մեկը արտաքին գործընկերների հետ կապերի խորացումը և առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումն է: Ներկայումս Հայաստանը հարևանների հետ առևտրատնտեսական հարաբերություններում առկա հնարավորությունների միայն մի փոքր ծավալն է օգտագործում: Խոսքը մասնավորապես վերաբերում է Իրանի հետ հարաբերություններին:
Այսպես՝ չհաշված էներգետիկ ոլորտը՝ Հայաստանի առևտրաշրջանառությունը հարևան Իրանի հետ կազմում է 50-70 մլն դոլար, ինչն ուղղակի ծիծաղելի թիվ է՝ համեմատած այն նախադրյալների հետ, որոնք առկա են երկու երկրների առևտրատնտեսական հարաբերությունները խթանելու համար: Մինչդեռ Իրանի 80 մլն-անոց շուկան պետք է ողողված լիներ հայկական պրանքներով, իսկ Իրանը Հայաստանը որպես հարթակ օգտագործեր դեպի ԵՏՄ և Եվրոպական երկրներ իր ապրանքները դուրս հանելու համար:
Ստեղծված իրավիճակը փոխելու համար մի շարք քայլեր են նախատեսվում ձեռնարկել, որոնցից հիմնականը լինելու է Մեղրու ազատ տնտեսական գոտու ստեղծումը, որը ոչ միայն թույլ կտա խորացնել ՀՀ-Իրան-ԵՏՄ շրջանակներում առևտրատնտեսական հարաբերությունները, այլև ներգրավել նոր ներդրումներ, խթանել տնտեսվարողների ազատ գործունեությունը: Մոտ ժամանակներս հայտարարվելու է գոտու մեկնարկը, և պատահական չէ, որ վարչապետ Կարեն Կարապետյանը Ռուսաստանի, Վրաստանի, Բելառուսի և Ղազախստանի իր գործընկերներին առաջարկել է իրենց երկրների կապիտալը ներգրավել Մեղրիում բացվելիք ազատ տնտեսական գոտում։
ՀԳ. Չպետք է մոռանալ, որ ազատ տնտեսական գոտու գործարկումը կմեծացնի ԵՏՄ հարավային թևը հանդիսանող Հայաստանի տնտեսական կշիռը: