Իրան-Վեցնյակ համաձայնագրի կնքմանը և Իրան-Արևմուտք հարաբերություններում առկա լարվածության թուլացմանը զուգահեռ Իրանի դերը սկսել է կարևորվել տարբեր երկրների կողմից: Պատժամիջոցների աստիճանական վերացումը տնտեսական լուրջ հնարավորություններ է ստեղծում նաև Հայաստանի համար:

 


Արդեն իսկ տեսանելի են գործնական քայլեր՝ պատժամիջոցները հանելու ուղղությամբ՝ նախատեսվում է, որ աշխարհի վճարային խոշորագույն «SWIFT» համակարգից հանվելու են ԵՄ կողմից «սև ցուցակում» ընդգրկված Իրանի բանկերը: «SWIFT» համակարգը պաշտպանության բարձր մակարդակով ապահովված մասնավոր համակարգ է, որն օգտագործվում է աշխարհի գրեթե բոլոր բանկերի կողմից՝ մեկ երկրից մյուսը գումարներ փոխանցելու նպատակով: Համակարգից իրանական բանկերը հանելու միջոցով խաթարվում է աշխարհի այլ պետությունների հետ գործարքներ իրականացնելու Թեհրանի հնարավորությունը: Փաստորեն Իրանը սկսում է բացվել արտաքին աշխարհի համար:
Հայաստանը, որը Իրանի հետ տնտեսկան ոլորտում գործակցելու փորձ ունի, կարող է իր հնարավորությունների չափով լրացնել Իրանում տարիներ շարունակ պատժամիջոցների պատճառով առաջացած վակուումը, և միևնույն ժամանակ ներդրումներ ներգրավել ՀՀ տնտեսության մեջ: Մի կողմից Իրանը կարող է օգտվել այն հանգամաքնից, որ զրոյական մաքսատուրքով ապրանքներն Իրանը կարող է Հայաստանից արտահանել ԵՏՄ երկրներ:

 


Միևնույն ժամանակ Իրանին շահավետ կլինի ներդրումներ կատարել ՀՀ տնտեսության մեջ, քանի որ ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվող արտոնությունների ընդհանրացված համակարգի (GSP+) շնորհիվ հայկական բազմաթիվ ապրանքատեսակներ զրոյական կամ ցածր մաքսատուրքերով կարող են արտահանվել ԵՄ անդամ 28 երկրներ: Իրանական ընկերությունները, հումք կամ կիսապատրաստի ապրանքներ ներմուծելով Հայաստան, այն կարող են վերածել վերջնական արտադրանքի և արտահանել երրորդ երկրներ՝ օգտվելով Հայաստանի արտաքին առևտրի վերոնշյալ արտոնյալ տարբեր ռեժիմներից: Իրան-Հայստան տնտեսական գործակցության շրջանակներում անհրաժեշտ է ներառել նաև ՀՀ-ում գործող ազատ տնտեսական գոտիները՝ «Ալյանսը» և «Մերիդիանը»:

 


Թեհրանում՝ Իրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատում, ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ նոյեմբերի 9-ին տեղի ունեցած Հայաստան-Իրան գործարար համաժողովի ժամանակ քննարկվել են վերը նշված խնդիրների հետ կապված հարցեր: ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Մոհամմադռեզա Նեմաթզադեն իր ելույթի մեջ նշել է, որ Հայաստանի և Իրանի տնտեսական հարաբերությունների մակարդակը չի համապատասխանում քաղաքականին և մեծ ներուժ կա առևտրատնտեսական կապերի ընդլայնման համար: Իրանցի նախարարը ընդգծել է ԵԱՏՄ հետ արտոնյալ առևտրի պայմանագրի շուրջ բանակցությունների արագացման անհրաժեշտությունը, քանի որ ինչքան շուտ այդ պայմանագիրը կյանքի կոչվի, այնքան արագ տեմպերով տեղի կունենա երկողմ առևտրատնտեսական աճը:

 


Հարկ է նշել, որ նոր իրավիճակում առևտրաշրջանառության 300 մլն դոլար ներկա ծավալը լիովին անբավարար է և կարելի է այն հասցնել 1 մլրդ դոլարի և ավելիի: Ուստի անհհրաժեշտ է ակտիվացնել գործակցությունը իրանական կողմի հետ՝ որպես վստահելի գործընկերոջ, և առանց հապաղելու հետևողականորեն հասնել ցանկալի արդյունքի:

 

Նարեկ Պողոսյան