Ցավոք, հայկական իրականության մեջ մեր ուսանողության շրջանակներում այս օրը ասոցացվում է հանրապետականացված ուսխորհուրդների կազմակերպած փարթիների, կամ անմակարդակ համերգների հետ: Իրականում այս օրը իր մեջ հսկայական խորհուրդ ունի: 1939թ. այս օրը նացիստները Չեխոսլովակիայում Պրահայի, Բռնոյի և մի շարք այլ ուսանողական քաղաքների հանրակացարաններում հատուկ գործողություն սկսեցին: Նոյեմբերի 17-ի առավոտյան նացիստները շրջապափակեցին ուսանողական հանրակացարանները և ձերբակալեցին հազարավոր ուսանողների: Բանն այն է, որ այդ օրերին ուսանողները դուրս էին եկել փողոցների պայքարելու իրենց երկրի անկախության համար, որը գտնվում էր նացիստական օկուպացիայի ներքո: Նոյեմբերի 17-ի գործողության արդյունքում մոտ 1200 ուսանող տեղափոխվում է Զաքսենհաուզենի համակենտրոնացման ճամբար, իսկ ուսանողական ընդվզումների կազմակերպիչներից շուրջ 12 ուսանող մահապատժի է ենթարկվում: Հետագայում 1941թ. նացիզմի դեմ կռվող ուսանողները Լոնդոնում ի հիշատակ սպանված չեխ ուսանողների նոյեմբերի 17-ը հռչակում են ուսանողության միջազգային օր:
Դավիթ Ֆիդանյան