1995թ.-ի նոյեմբերի 16-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ-երկրներն ընդունել են հանդուրժողականության սկզբունքների հռչակագիրը: 1996թ.-ին ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի առաջարկությամբ նոյեմբերի 16-ը նշվում է որպես Հանդուրժողականության միջազգային օր (International Day for Tolerance):

 

Վերջին տարիներին ամբողջ աշխարհում նկատվել է անհանդուրժողականության, ծայրահեղականության և բռնության դրսևորումների դեպքերի կտրուկ աճ: Այդ անհանգստություն առաջացնող միտումը մասամբ սնում է տարբերությունների սահմանման աճող միտումը ո′չ թե հասարակական կարծիքների և շահերի տեսանկյունից, այլ ինքնուրույնության: Արդյունքում. առանձին մարդիկ և համայնքներ դառնում են բռնության և դաժանության թիրախներ՝ ելնելով միայն նրանց էթնիկական, կրոնական, ազգային և այլ ինքնօրինակությունից: Նման սպառնալիքներ' լինեն դրանք լայնամասշտաբ ցեղասպանություն կամ ամենօրյա ստորացում՝ նախատրամադրվածության տեսքով, պետք է անհանգստություն առաջացնեն յուրաքանչյուր մարդու մեջ: Մեզանից յուրաքանչյուրը պետք է ձգտի աջակցել հանդուրժողականության, բազմակարծրության, փոխադարձ հարգանքի և խաղաղ գոյակցության սկզբունքներին: Մենք միշտ պետք է պատրաստ լինենք վերացնել կարծրատիպերը և խեղաթյուրված պատկերացումներն ու հանդես գանք խտրականության զոհերի պաշտպանության օգտին: Հանդուրժողականության միջազգային օրն անհրաժեշտ է ի հաստատումն այն գաղափարի, որ բազմազանությունը' մարմնավորված մտքերում, հավատքներում և գործողություններում, արժեքավոր նվեր է, այլ ոչ սպառնալիք: Անհրաժեշտ է ձգտել հանդուրժողական համայնքների ստեղծմանը, որոնց կյանքում կարմատավորվի հիմնական իդեալը:

 


Հանդուրժողականության մասին զրուցեցինք հոգեբան Հրաչյա Ամիրյանի հետ:
– Հանդուրժողականությունն այսօր ամենից շատ քարոզվող գաղափարներից է. կարող եմ ասել՝ նույնիսկ նորաձեւ: Որպես հոգեբան, ինչպե՞ս եք այն մեկնաբանում:
– Բնականաբար, կարեւոր խնդիր է, որն արդիական է նաեւ հայ հասարակությունում, պարզապես չմոռանանք, որ հարցը մի քանի ասպեկտներ ունի… Հանդուրժողականությունը մեկն է այն հասկացություններից, որոնց բովանդակությունը' կամա թե ակամա, հաճախ է նենգափոխվում: Այսինքն՝ այն մեկնաբանում են որպես համակերպվողություն, հնազանդություն, երբեմն ուզում են տարածել այնպիսի երեւույթների նկատմամբ, որոնք իրականում վնասակար են հասարակության համար: Ավելի կոնկրետ արտահայտվեմ: Օրինակ՝ կարող են հանդուրժողականության կոչեր հնչել հանցագործությունների հանդեպ, այնպիսի երեւույթների նկատմամբ, որոնք, ըստ էության, անբարո են, ախտաբանական: Եվ քանի որ լավ է հնչում «հանդուրժողականությունը», հեշտությամբ կարող է շահարկվել:

 


Ողջ խնդիրը նրանում է, թե ինչպես է տվյալ հասարակությունում, նրա առանձին շերտերի մեջ գնահատվում այս կամ այն երեւույթը: Հասարակությունը միատարր զանգված չէ. մեկի համար որեւէ երեւույթ կարող է հանդուրժելի լինել, մյուսի համար դառնալ անգամ բռնի պայքարի թիրախ: Այնպես որ, պետք է մանրամասն դիտարկել՝ ինչի նկատմամբ հանդուրժողականության մասին է խոսքը: Միգուցե այնպիսի երեւույթ է, որի հանդեպ, հակառակը, պետք չէ հանդուրժող լինել, օրինակ. կամայականությունը, որը բռնությունների է հանգեցնում: Սա՝ մեկ: Երկրորդը՝ ինչ ձեւերով արտահայտել այդ անհանդուրժողականությունը: Ես, օրինակ, կարող եմ դեմ լինել ինչ-որ երեւույթների, բայց իմ այդ անհանդուրժողականությունը չարտահայտվի բռնության կոչերով ու կոնկրետ գործողություններով:

 


– Անհանդուրժողականությունը, ինչպես նշեցիք, կարող է շատ տարբեր դրսեւորումներ ունենալ: Հայաստանում, ըստ Ձեզ, որո՞նք են ամենատարածվածները:
– Ես չունեմ լուրջ ուսումնասիրություն, բայց, օրինակ, ռասսայական նախապաշարումները մեզանում, իմ պատկերացմամբ, տարածված չեն: Հայ հասարակությունում չեմ տեսնում անհանդուրժողականություն այլ ազգերի նկատմամբ, ընդհակառակը, ե´ւ կարծրատիպի մակարդակում, ե´ւ ուսումնասիրություններն են ցույց տալիս՝ մենք շատ հյուրընկալ ազգ ենք: Նույնիսկ հարեւան երկրի հետ պատերազմական վիճակում գտնվելու պարագայում ականատես եմ լինում նրա բնակիչների նկատմամբ միանգամայն հանդուրժող վերաբերմունքի:
– Իսկ միջանձնային հարաբերություններո՞ւմ: Մեր առօրյայում, կարծում եմ, բազմաթիվ են անհանդուրժողականության դեպքերը: Ամեն օր նման դեպքեր կարելի է ականատես լինել, ասենք, քաղաքային տրանսպորտում:
– Անհանդուրժողականությունը մտածողության տիպ է, որոշակի հոգեբանություն, որը ձեւավորվում է դաստիարակության կամ ինչ-որ ազդեցությունների արդյունքում: Վերադառնանք հարցին, թե ի՞նչ անհադուրժողականություն նկատի ունենք, անհանդուրժողականություն ինչի՞ նկատմամբ: Մանր թերությունների նկատմամբ հանդուրժողականությունը ոչ միայն ցանկալի է, այլեւ պարտադիր նորմ: Բոլորը չեն կարող ունենալ իդեալական վարքագիծ, վերաբերմունք, եւ Ձեր նշած այդ կենցաղային ամենատարբեր կոնֆլիկտների ութսուն տոկոսը դիտավորյալ չի առաջանում, չկա միտումնավորություն: Եթե մարդն ինչ-որ բանում սխալվում է, պատճառը կարող է լինել փորձի պակասը, չիմանալըլ: Եվ երբ պարզ է դառնում, որ դա դիտավորյալություն չէ, հեշտ է լինել հանդուրժող: Խոսքը տարրական հանդուրժողականության մասին է, որին կարելի է հեշտությամբ հասնել՝ մարդկանց պարզապես լուսավորելով:

 


– Դալայ Լաման մի անգամ ասել է, որ մարդու մեջ հանդուրժողականություն դաստիարակող լավագույն ուսուցիչը սեփական թշնամին է: Համամի՞տ եք:
– Ես կարծում եմ, որ թշնամի հասկացությունն ինքնին տրամադրում է անհանդուրժողականության: Մենք պետք է ընդունենք, որ չար ուժերը, ինչպես ընդունված է ասել, կան նաեւ մեր ներսում: Եթե մենք հանդուրժող դառնանք առաջին հերթին մեր սխալների, բացթողումների նկատմամբ, կկարողանանք նաեւ ուրիշների հանդեպ լինել այդպիսին: Երբ մարդն ինքն իր հանդեպ չափից դուրս խիստ ու պահանջկոտ է, այդպես էլ նա վերաբերվում է նաեւ ուրիշներին: Ինքնակատարելագործումը հանգեցնում է հանդուրժողականության մշակույթի ձեւավորման: Այս դեպքում պետք չէ հույսը դնել միայն անհատների վրա, որոնք ինքնակրթությամբ իրենց մեջ ձեւավորում են այդ մշակույթը: Խնդիրը վերաբերում է ավելի մասշտաբային երևույթներին: Եթե զանգվածային լրատվամիջոցներով հասարակությանը քարոզվում է բռնության մշակույթ, ապա հույս ունենալ, թե մարդիկ կկարողանան ինքնուրույն դիմագրավել դրան, շատ միամիտ է:

 


– Հանդուրժողականությանը դեմ արտահայտվողները որպես փաստարկ նշում են, որ այն բացարձակացվում է եւ ծառայում գլոբալացման գործիք: Դուք տեսնո՞ւմ եք նման բան:
– Հանդուրժողականությունը, ինչպես արդեն ասացի, չի նշանակում համակերպվողականություն, այլ այն, որ անգամ համամիտ չլինելով՝ դիմացինի մեջ չես տեսնում թշնամի, բռնությունների չես դիմում: Եթե պայքարել, ապա ընդունելի ձեւերով:
– Որքան էլ պարադոքսալ է, խաղաղության երբեմն հասնում են պատերազմով, եւ հանուն հանդուրժողականության պայքարն էլ երբեմն վերակազմակերպվում է անհանդուրժողականությամբ…
– Բռնի մեթոդներով հանդուրժողականություն քարոզել չի ստացվի, որովհետեւ կլինի հակասություն խոսքի եւ գործի միջեւ: Դա նման է երեխայի դաստիարակելուն, որն իրականում անիմաստ է. երեխաները, միեւնույն է, նմանվում են իրենց ծնողներին…

 


Ամեն դեպքում կարծում եմ, որ նման խնդիրները պետական մոտեցում են պահանջում, չի կարելի դրանք թողնել անհատների ինքնագիտակցության հույսին: Ես տեսնում եմ' առաջին հերթին, լուսավորչական, քաղաքակրթվելու խնդիր: Միանշանակ բանաձեւեր առաջարկել չի կարելի. որ իրավիճակում լինել հանդուրժող, որում՝ անհանդուրժող, որովհետեւ կյանքը հարուստ է նրբերանգներով: Հումանիտար մտածելակերպը տալիս է ոչ թե պատրաստի բանաձեւ, այլ սկզբունք, որը պետք է կիրառել՝ ելնելով կոնկրետ իրավիճակից:
Օրվա կարգախոսի համաձայն՝ մեկ օրն աշխարհն ավելի հանդուրժող է դառնում։

 

Սևակ Գրիգորյան