1850-ականների վերջին Կ․ Պոլիսը դարձավ օսմանյան արհեստավարժ թատրոնի սաղմնավորման վայրը։ Դրանում բացառիկ դեր խաղացին պոլսահայերը։
1858 թ․ Պոլսում ստեղծվեց «Խասքյոյի թատրոն» սիրողական խումբը, որը հիմնադիրներն էին հայտնի դերասաններ Մարտիրոս Մինակյանն ու Թոմաս Ֆասուլջյանը։
Այնուհետեւ այս խմբի հիման վրա 1861 թ․ ստեղծվեց արհեստավարժ «Արեւելյան թատրոնը»՝ Պետրոս Մաղաքյանի ղեկավարությամբ, որը բեմադրում էր հայերեն ներկայացումներ։ Նա իր շուրջը համախմբեց բազմաթիվ շնորհաշատ դերասանների, այդ թվում՝ Պետրոս Ադամյանին (1849-1891 թթ․) ու Սիրանույշին (1857-1932 թթ․)։ Մաղաքյանի ջանքերով 1863-ին բեմադրվեցին թուրքերեն ներկայացումներ։
1868 թ․ բեմադրիչ ու դերասան Հակոբ Վարդովյանը (Գյուլլու Յակուբ էֆենդի) ստեղծեց «Գեդիկփաշայի թատրոնը», որտեղ բոլոր ներկայացումները բեմադրվում էին թուրքերեն։ Այս թատրոնի ստեղծումը դրեց թուրքական արհեստավարժ թատրոնի պատմության սկիզբը։ Այստեղ խաղում էին հայ եւ թուրք դերասաններ։ Բեմադրվեցին Գոլդոնիի, Մոլիերի, Հյուգոյի եւ Շեքսպիրի պիեսները։ «Գեդիկփաշայի թատրոնի» բեմում ներկայացվեց նաեւ առաջին թուրքերեն պիեսը՝ թուրքական նոր գրականության հիմնադիր Նամըք Քեմալի (1840-1888 թթ․) «Հայրենիք կամ Սիլիստրա» դրաման։
1870 թ․ Աբդուլ Ազիզ սուլթանի հրամանով, տասը տարի ժամկետով, Վարդովյանի թատրոնն ստացավ մայրաքաղաքում թուրքերեն ներկայացումներ բեմադրող միակ թատրոնի արտոնագիրը։ Գեդիկփաշայի կամ «Օսմանյան թատրոնը» գոյություն ունեցավ մինչեւ 1885 թ․ եւ փակվեց Աբդուլ Համիդ Բ-ի հրամանով, որը թատրոնի ներկայացումների մեջ նկատել էր «վտանգավոր գաղափարներ»։ Վարդովյանը (1840-1902 թթ․) մինչեւ կյանքի վերջն ապրեց Յըլդըզ սուլթանական պալատում։ Հայազգի թատերագետը թաղված է Պոլսում՝ Բեշիքթաշի «Յահյա էֆենդի» գերեզմանատանը։
ՀԳ - Թուրքերեն լեզվով առաջին պիեսը գրվել եւ բեմադրվել է 1750-ական թթ.՝ Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամների կողմից: Մխիթարյան վանականները հայատառ թուրքերենով գրել են երկու տասնյակից ավել պիեսներ, որոնք պահպանվում են միաբանության արխիվում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՈՒՄ՝
Դերասանուհի Արուսյակ Փափազյանը (1841-1907), Կ․ Պոլիս
Հայե՛ր, գիտե՞ք, որ