Տարեսկզբին արձանագրված տնտեսական արդյունքները գործադիրին թույլ են տալիս ակնկալել սպասվածից բարձր տնտեսական ցուցանիշներ։ Հինգ ամիսների տվյալներով, տնտեսական ակտիվությունը Հայաստանում կազմեց 5,5 տոկոս, ինչը 2,5 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Իսկ 2017-2019թթ. միջինժամկետ ծախսերի ծրագրով գործադիրը կանխատեսել է, որ տարեվերջին Հայաստանի համախառն ներքին արդյունքը կավելանա 3,7 տոկոսով։
Հրապարակված պաշտոնական տվյալների համաձայն առաջին եռամսյակում տնտեսական աճը կազմել է 4,4 տոկոս, ինչը կրկնակի գերազանցում է նախատեսված ցուցանիշը։ Հատկանշական է, որ տնտեսական աճի ապահովման մեջ ամենամեծ դերը տրված է արդյունաբերության ու ծառայությունների ոլորտներին և եթե առաջինում ակնկալվում է 6, ապա երկրորդում՝ 5,6 տոկոս աճ։ Ինչպես նաև գյուղատնտեսության դերը համախառն ներքին արդյունքի աճի գործում գնահատված է 3,3 տոկոսի սահմաններում։
Հարկ է նշել նաև, որ գործադիրը աճի լուրջ սպասելիքներ ունի արտահանման ոլորտում։ Կանխատեսվում է, որ իրական արտահայտությամբ այն նախորդ տարվա մակարդակը կգերազանցի 15 տոկոսը։
Արմեն Վարդանյան