Մարտունու շրջան, վարչատարածքային միավոր Արցախում։ Արցախի Հանրապետության 8 շրջաններից մեկն է։ Կագմավորվել է 1991 թվականին՝ ԼՂԻՄ նույնանուն շրջանի (ստեղծվել էր 1930 թվականին) հիմքի վրա։ Շրջանի մակերեսը կազմում է 951 կմ², բնակչությունը՝ 23.157 մարդ (2005 թ.)։ Շրջկենտրոնը համանուն Մարտունի քաղաքն է։ Վարանդան հյուսիսից սահմանակցում է Խաչենին, արևելքից Շուշիին և հարավարևմուտքից՝ Դիզակին։
Արցախի հարավարևելյան մասում է 400 մ բարձրության վրա։ Ունի 36 համայնք, 40 բնակավայր։ Խոշոր բնակավայրերից են Մարտունի քաղաքը, Ճարտար, Ղուզե Ճարտար, Բերդաշեն, Գիշի, Թաղավարդ, Մոս գյուղերը։ Շրջանի արեմտյան կեսն ունի նախալեռնային, թույլ թեքության մակերեույթ։ Համեմատաբար բարձր են Ննգի, Կաղարծի, Աշան, Ճարտար, Խերխան, Թաղավարդ գյուղերի մոտակայքով ձգվող լեռնաճյուղերի գագաթները (բարձրությունը՝ 1200-1500 մ)։ Լանդշաֆտը նախալեռնային, տափաստանային և անտառային է։


Բնակչությունը զբաղվում է հողագործությամբ (գլխավորապես հացահատիկային բույսերի մշակությամբ), խաղողագործությամբ և անասնապահությամբ։ Գործում է Մարտունիի գինու գործարանը, թռչնաբուծական ֆաբրիկան, վերականգնվել է Կարմիր Շուկայի գինու կետը։2003 թվականին շրջանում գործել են 36 ակումբ, կենտրոնական և 35 գյուղական գրադարաններ, Մարտունիի պատմաերկրագիտական թանգարանը, 25 միջնակարգ, 8 ութամյա, 6 տարրական, 1 երաժշտական, 1 արհեստագործական դպրոցներ, շրջանային կենտրոնական և Ղուզե Ճարտարի գյուղական հիվանդանոցները, 5 ամբուլատորիա և 31 բուժակամանկաբարձական կետեր, 1 հակահամաճարակային կայան։


Մարտունու շրջանի տարածքով հոսող գետերից ջրառատը Վարանդան է՝ իր Ամարաս վտակով։ Այն թափվում է Արաքս գետը։ Նշանավորը Խոնաշենն է, որը, սկիզբ առնելով Բովուրխանի լեռնալանջերից, անցնում է Մարտունի քաղաքով և կորչում Արցախի հարթավայրում։


Շրջանի արևմտյան նախալեռնային հատվածը գեղատեսիլ է, հարուստ պտղատու ծառատեսակներով, անտառներով, զուլալ վտակներով ու սառնորակ աղբյուրներով։


Մարտունու ընդերքը հարուստ է կրաքարի, բազալտի, մարմարի, գրանիտի, կավի պաշարներով։ Մարմարի պաշարներով հարուստ է Նորշեն, գրանիտի պաշարներով՝ Ննգի, կավի պաշարներով՝ Ննգի ու Ղավախան գյուղերի շրջակայքը։


Արևմտյան մասում շրջանը սահմանակից է Ասկերանին, հարավային մասում՝ Հադրութի շրջաններին, արևելյան ու հարավարևելյան մասերում Ֆիզուլուն, իսկ հյուսիսային մասում Աղդամի շրջաններին։
Գյուղերից առավել խոշորներն են Ճարտարը, Բերդաշենը, Գիշին, Թաղավարդը, Մաճկալաշենը, Խնուշինակը, Հերհերը, Աշանը, Քերթը։

 

Աշոտ Ասատրյան