Ստեփանակերտ: Արցախի Հանրապետության մայրաքաղաք։
Բնակչությունը 54,5 հազար (2013) մարդ է։ Երկրի վարչական, մշակութային և տնտեսական կենտրոնն է։ Վերանվանվել է կոմունիստական կուսակցության, աշխատավորների միջազգային շարժման գործիչ Ստեփան Շահումյանի պատվին։


Որպես բնակավայր ձևավորվել է 19-րդ դարի սկզբին՝ Վարարակն գյուղի տեղում, որը գտնվում է քաղաքի ներկայիս տարածքում։ Ստեփանակերտը գտնվում է Արցախյան լեռնաշղթայի արևելյան լանջին, Կարկառ գետի վտակ Վարարակնի ձախ ափին, 850 մետր բարձրության վրա։
Ստեփանակերտի նախագծային և կառուցման առաջին պլանը մշակել է Ալեքսանդր Թամանյանը (1926 թ.), երկրորդը՝ Ն. Սլոբոտյանիկը (1938 թ.), երրորդը՝ Բ. Դադաշյանը (1968 թ.)։ Բայց բոլոր այդ նախագծերում պահպանվել է Թամանյանի նախագծած կառուցվածքը։


Որպես քաղաքատիպ բնակավայր հայտնի է 1847 թվականից։ Իսկ մինչև այդ հին հայկական բնակավայր էր՝ Վարարակն անվամբ, որն ունի ավելի քան երկուհազարամյա պատմություն։ Հենց այս գյուղում 1840-ական թվականներին ստեղծվել է ռուսական բանակի զորակայան՝ ռազմական, վարչական, բնակելի շինություններով, որոնք էլ հիմք են հանդիսացել այժմյան քաղաքի ձևավորման համար։ Արցախում խորհրդային կարգեր հաստատվելուց և երկրամասը ինքնավար մարզ հռչակվելուց հետո, 1923 թվականին 26 կոմիսարների առաջնորդ, Բաքվի կոմունայի ղեկավար Ստեփան Շահումյանի հիշատակը հավերժացնելու համար այս բնակավայրը վերանվում է Ստեփանակերտ։ Այսինքն Ստեփանակերտը պաշտոնական ձևով քաղաքի կարգավիճակ ունի 1923 թվականից։ Մինչև 1978 թ. Ստեփանակերտը մարզային վարչական կենտրոն լինելուց բացի, նաև համանուն շրջանի կենտրոն էր։ 1978 թ. հետո Ստեփանակերտի շրջանը վերանվանվում է Ասկերանի շրջան, իսկ շրջանի կենտրոնը դառնում է Ասկերան ավանը (այժմ քաղաք)։ Ստեփանակերտը այժմ ունի 25,6 կմք տարածք, գտնվում է Արցախի լեռնաշղթայի արևելյան նախալեռնային մասի ոչ մեծ հարթության վրա, Կարկառ գետի ձախափնյա գեղատեսիլ վայրում։


Ստեփանակերտը Արցախի արդյունաբերական խոշոր կենտրոնն է։
2008 թ. տվյալներով մայրաքաղաքում գործում են արդյունաբերական 148, շինարարական՝ 126, ծառայություններ մատուցող՝ 324, առևտուր իրականացնող՝ 882 տնտեսավարող սուբյեկտներ։ Այդ տարվա տվյալներով Ստեփանակերտին բաժին է ընկնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդյունաբերական արտադրանքի ավելի քան 49,9, շինարարական աշխա տանքների 43,4, առևտրի շուրջ 57, ծառայությունների ավելի քան 72, գյուղատնտեսական արտադրանքի 1,9 %-ը։

 


Ունի օդանավակայան, որը խորհրդային տարիներին օդային գծերով կապված էր Երևանի, Թբիլիսիի, Գյումրիի և Հյուսիսային Կովկասի մի շարք քաղաքների հետ։ Օդանավակայանը 1988-1994 թթ. Ադրբեջանի բարբարոսների կողմից հիմնահատակ ավերվել է։ Հետպատերազմյան ողջ շրջանում օդանավակայնը գործել է ուղղաթիռով թռիչքների համար։ Վերջին տարիներին Ստեփանակերտի օդանավակայանը վերակառուցվել է և այժմ ունի միջազգային ստանդարտներին համապատասխանող բոլոր պայմանները, սակայն ինքնաթիռով թռիչքներ դեռևս չեն իրականացվում։
Ստեփանակերտին քույր քաղաքներ.


Մոնթեբելլո, ԱՄՆ
Սուխում, Աբխազիա
Երևան, Հայաստան
Սան Սեբաստիան, Իսպանիա

 

Աշոտ Ասատրյան