Անկախ Հայաստանի պատմագրության մեջ Առաջին հանրապետության անկումը, հոկտեմբերյան հեղափոխությունը և բոլշևիկա-քեմալական հարաբերությունները ընդունված է ներկայացնել շատ պրիմիտիվ երանգներով ու շեշտադրումներով։ Եթե ընդհանրացնենք, ապա ստացվում է այսպիսի մի բան․ Հայաստանն անձնուրաց պայքարում էր, իսկ ստոր ու անուղեղ բոլշևիկները հավատացին Քեմալին, որ Թուրքիան կարող է ևս կոմունիստական երկիր դառնալ և հողերը հանձնեցին թուրքերին։

 


Մի կողմ դնենք Առաջին Հանրապետության պատմությունն ու ճակատագրի վայրիվերումները։ Ուշագրավն այն է, որ Լենինին ու նրա թիմին, ովքեր կարողացան երկու 2 տարում հաղթող դուրս գալ խիստ արյունահեղ քաղաքացիական պատերազմում, դուրս մղել օտարերկրյա ինտերվենտներին, իսկ ևս 4 տարում վերջնականապես ստեղծել ու կայունացնել մի պետություն, որը գրեթե նույն սահմաններն ուներ, ինչ Ցարական Ռուսաստանը (չհաշված Ֆինլանդիան ու Լեհաստանը), վերագրվում է պարզապես պաթոլոգիական կրետինիզմ, որովհետև ստացվում է, որ Քեմալի ազնիվ խոսքին ու թուրք զինվորների կարմիր աստղով կոկարդներին հավատալով, ապաշքյարա հողեր, փող ու զենք հանձնեցին։

 


Ռուս-թուրքական հարաբերությունները երբեք այդքան պրիմիտիվ չեն եղել։ Ռուս-թուրքական հարաբերություններում հայակական շահերը երբեք գերակա չեն եղել՝ ո՛չ ռուսների, ո՛չ էլ առավել ևս թուրքերի համար։ Հայերն ու հայկական շահեը միշտ էլ եղել են այդ բարդ ու կոմպլեքս հարաբերությունների միայն մի մասնիկ, որը պարբերաբար օգտագործելիս են եղել երկու կողմերն էլ։ Բոլշևիկների ու քեմալիստների գործարքը մի դրվագ էր, երբ նման օգտագործումը հօգուտ մեզ չէր։ Մեր շահերը, քեմալիստներին տրված ոսկին ու զենքը զոհեցին ու զոհեցին ոչ թե նրա համար, որ հավատում էին, որ Թուրքիան կդառնա Խորհրդային Միության անդամ, այլ պարզապես ընտրում էին ռուսական շահի համար երկու չարիքներից փոքրագույնը՝ աշխարհիկ ու էքսպանսիոնիստական նկրտումներ չունեցող Թուրքիա։
Օսմանյան Կայսրության ոչնչացումից հետ գոյացել էր վակուում, որը վաղ թե ուշ լցվելու էր։ Ռուսների դիլեման պարզ էր ու պրոզայիկ․ կա՛մ ունենում են պանթուրքիստական գաղափարախոսությամբ նոր հարևան, որը հավակնություններ ունի Ռուսական Կայսրության ողջ թյուրքալեզու տարածքների նկատմամբ, կամ էլ նպաստում են աշխարհիկ Թուրքիայի մոդելին, որը ցանկություն ունի ինտեգրվելու Արևմտյան աշխարհի հետ։ Ընտրեցին ու կյանքի կոչեցին երկրորդը, իսկ հետո չկարողացան իրենց տիրույթ բերել այն, կամ էլ գոնե վերադրաձնել տված հողերը, որովհետև ԱՄՆ-ի ատոմային ռումբերը փոխեցին աշխարհաքաղաքական խաղի կանոնները։

 


Նման մի իրավիճակում էլ հիմա են գտնվում։ Ամբողջ Արևմտյան աշխարհի հետ առճակատման մեջ գտնվող Ռուսաստանը, որը այդպես էլ չկարողացավ ստանալ Չինաստանի ու Պարսկաստանի համապարփակ աջակցությունը, փորձում է նվազեցնել ճնշումը իր սահմանների երկայնքով ու ամենայն հավանականությամբ ցանկանում է գոնե ժամանակավորապես մեղմել Թուրքիայի հետ առճակատումից բխող ռիսկերը։ Ողջ հարցը նրանում է, թե որքանով կհաջողվի դա անել և ինչ կորուստների դիմաց։
Ի վերջո, Պուտինը Լենին չէ՝ ո՛չ իր մտածողության մասշտաբներով, ո՛չ ռազմավարական զարգացման տեսլականով, Էրդողանն էլ Աթաթուրք չէ, այլ նրա անտիպոդը՝ իր ամբիցիաներով և Թուրքիայի տեսլականի մասին ունեցած պատկերացումներով։ Ռուսաստանը հիմա խիստ վտանգավոր խաղի մեջ է մտնում ու ի տարբերություն դարասկզբի գործարքի՝ ոչ թե աշխարհիկ մոդելով Թուրքիայի հետ, որը ձգտում է ինտեգրվել Եվրոպայի հետ, այլ էքսպանսիոնիստական նեոօսմանյան գոյացության հետ, և դեռ հարց է, թե նման նահանջից ակնկալվող արդյունքները վերջում կկարողանա՞ն գերակայել այն ռիսկերի ու վնասների նկատմամաբ, որոնց ենթարկվում է Ռուսաստանն այս որոշմամբ։

 

Կոնստանտին Տեր-Նակալյան