Ռուս-թուրքական մերձեցումների ժամանակ, ինչը մեկ-մեկ տեղի է ունեցել այդ ժողովուրդների, երկրների ու կայսրությունների փոխհարաբերություններում, դրանց երկուստեք շահը պահանջել է երրորդ կողմի կամ գործոնի և կամ ուժերի չեզոքացում՝ առանց որևէ բացառության: Նշված մերձեցման պահերին ռուսի և թուրքի արանքում գտնվելը նույնիսկ, կասեմ ավելի, դառնում է վտանգավոր նրանց համեմատությամբ փոքր էթնիկ միավորների համար: Այս օրերին մենք ականատես ենք լինում հենց նման երևույթի և եթե շարունակենք նույն ուղին, որով ընթացել ենք մինչ այժմ, ապա մեզ կմնա ցավակցել ինքներս մեզ, որովհետև չի գտնվի որիշ մեկը, որ նման ցանկություն ունենա: Հենց նման պահերին է առանձնապես կարևորվում այն հանգամանքը, որ քո պետության սահմանները պետք է պահպանի քո և ոչ թե այլազգի զինվորը: Տվյալ դեպքում բացարձակ էական չէ՝ ինչ հարաբերություն ես դու ունեցել մեկի և կամ մյուսի նկատմամբ՝ նրանք կանեն այն, ինչ կպահանջի նրանց ազգային-պետական շահը: Ինչը նշանակում է, որ մենք պետք է վերացարկվենք «սիրել կամ ատել» հասկացություններից, որոնք երբեք չեն եղել քաղաքական կատեգորիաներ, այն էլ՝ միջպետական հարաբերություններում: Ընդսմին, ոչ քաղաքական այդ կատեգորիաներն են եղել երկար ժամանակ այլոց նկատմամբ մեր ժողովրդի վերաբերմունքի հիմքում և այդ պատճառով էլ կրել ենք բազմաթիվ դժբախտություններ: Կհասկանանք դա՝ մեր ուղին կընթանա այլ ուղղությամբ, չենք հասկանա՝ կվերանանք որպես էթնիկ միավոր՝ հանրություն, տարալուծվելով այլոց մեջ:

 

 

Վախթանգ Սիրադեղյան