Ընտրություններին որքան ավելի քիչ ժամանակ է մնում, այնքան ավելի է սաստկանում դեմագոգիայի ու պոպուլիզմի ալիքը մեր ներքաղաքական միջավայրում։ Ու ՀՕՊ ընդհանուր համակարգի թեմայի շուրջ ծավալված պոլեմիկան ևս պետք է դիտարկել այս հարցի շրջանակներում։
Սա հասկանալու համար բավական է հիշել միայն այն, որ ընդհանուր ՀՕՊ համակարգ ունենալու թեման բնավ էլնորություն չէ, ու դեռ մի քանի ամիս առաջ դրա մասին հայտարարվել էր։ Ուզում եմ ասել, ոչ մի գաղտնիություն չկար, լուրը բաց էր ու հանրամատչելի, բայց աղմուկ բարձրացավ միայն այն բանից հետո, երբ օրերս Նիկոլ Փաշինայնը հիշեց դրա մասին։
Նիկոլից հետո էստաֆետը շտապեցին վերցնել համապատասխան աշխարհաքաղաքական կողմնորոշում ունեցող այլ գործիչներ ու լրատվամիջոցներ, և այսօր արդեն կարելի է փաստել, որ մի լուր, որը գրեթե աննկատ էր մնացել մի քանի ամիս առաջ, հավակնում է դառնալ մոտակա օրերի ու շաբաթների գլխավոր թեմաներից մեկը հանրային օրակարգում։
Ընդ որում, զավեշտն ու մտահոգիչը այդ փաստը չէ՝ որպես այդպիսին, այլ հարցի շուրջ տիրող այն դիլետանտիզմն ու պրոֆանացիան, որը գերիշխում է հռետորաբանությունում։ Համաձայն իմ դիտարկումների, ընդհանուր ՀՕՊ համակարգին դեմ հանդես եկողների զգալի մասը հիմնական շեշտը դնում է էմոցիոնալ ու պոպուլիստական ճառերի վրա՝ հենվելով հայ հանրությունում բավականին դոմինանտ դարձած հակառուսական տրամադրությունների և ինքնիշխանության մասին մշտապես պոպուլյար ընդհանուր հայտարարությունների վրա։ Ընդ որում, ես դեռ չեմ հանդիպել որևէ ծանրակշիռ ու փաստարկված թեզիսի, թե իրականում ինչով է վնասում ընդհանուր ՀՕՊ համակարգը մեր ինքնիշխանությանն ու պաշտպանունակությանը։
Այո՛, կարելի է հարյուրավոր մեջբերումներ անել տարբեր մարդկանց խոսքից, որտեղ նրանք վստահորեն պնդում են, որ Հայաստանը կորցնում է իր օդը, հանձնում է իր երկինքը և այլն, բայց կրկնում եմ, այս ամենը չեն ամրագրվում համապատասխան պայմանագրի որևէ դրույթով, որը կփաստեր նման ռիսկերի իրական լինելը։
Գուցե ես սխալվում եմ ու չգիտեմ պայմանագրի բոլոր նրբերանգները, բայց ընդհանուր ՀՕՊ համակարգը չի նշանակում, որ Հայաստանի երկնքի պաշտպանությունն ամբողջավին անցնում է ռուսական կողմին, իսկ հայկական կողմը զրկվելու է ըստ անհրաժեշտության՝ օդային թիրախներ ոչնչացնելու հնարավորությունից։ Ընդհակառակը, որքանով հասկանում եմ, ընդհանոր ՀՕՊ համակարգը մեր պարագայում նշանակում է նաև այն, որ Ռուսաստանի գերհզոր ռադիոտեղորոշիչ կայանների ու միջոցների տվյալները բաց են լինելու մեր համար ու մենք տեսնելու ենք Ադրբեջանի ողջ երկինքը։ Մի բան, ինչից գանգատվում են նույն նրանք, ովքեր հիմա քննադատում են ՀՕՊ-ը․ ասում են Ռուսաստանը գիտեր Ադրբեջանի պլանների մասին, բայց մեզ հետ չէր կիսվում դրանցով։
Սա հարցի միայն մեկ ասպեկտներից է ու հարցը պարզաբանելու համար պետք է խոսեն նաև համապատասխան փորձագետներն ու պատկան մարմինները բայց առավել քան վստահ եմ, որ անգամ այս թեման փակելուց հետո, ինչ որ այլ թեմա են ընտրելու ու նույն որակի պոլեմիկա ծավալելու դրա շուրջ։ Ինչո՞ւ։ Քանի որ ընտրություններ են առջևում ու ամենքը փորձում է դիվիդենտներ շահել իրեն հասու եղանակներով։
Կոնստանտին Տեր-Նակալյան