Վերջին երկու շաբաթների ընթացքում գրեթե ամենօրյա մարտական գործողությունները հայ-ադրբեջանական սահմանին և Արցախի ու Ադրբեջանի ռազմաճակատային գծի երկայնքով, որոշակի լարվածություն մտցրեցին հակամարտության հետ կապված քաղաքական անցուդարձի մեջ, ծնեցին մոտալուտ պատերազմի սպասումներ: Թերևս զինված միջադեպերը հրահրած ադրբեջանական կողմի նպատակն էլ հենց դա էր, սակայն այստեղ չեմ ուզում քննարկել ադրբեջանական իշխանությունների գործողությունների թաքնված դրդապատճառները՝ այժմ ավելի կարևոր է վերլուծել մեր պահվածքը մի իրավիճակում, երբ հակառակորդը, դիմելով ակտիվ դիվերսիոն գործողությունների, փորձության է ենթարկում մեր դիրքապահների նյարդերն ու ռազմարվեստին տիրապետելու մակարդակը: Մեծ հաշվով, ասելիքս վերաբերում է կատարվածին՝ հայկական քարոզչական արձագանքի դրսևորումներին: Դրա հետ կապված հետևյալ դիտարկումներս թվացին մտահոգիչ՝ նկատվում է, որ մեր լրատվամիջոցները փորձում են տալ կատարվածի թվաբանական գնահատականն ասելով, որ հակառակորդին պատճառված մարդկային կորուստները չորս, հինգ կամ տասն անգամ ավելին են, քան մեր սեփական կորուստները: Երկուստեք կորուստների խնդիրը զուտ թվաբանական հաշվեկշռի տեսքով ներկայանելն անընդունելի է շատ առումներով՝ մեր սեփական կորուստները ցավալի ու անդառնալի են յուրաքանչյուր զոհված ռազմիկի պարագայում, մինչդեռ հակառակորդի կորուստները պետք է դիտարկվեն որպես պատերազմական վիճակագրական տվյալ, որը թեև չպետք է ցնծություն առաջացնի, սակայն դրա օրինաչափությունն ու անհրաժեշտությունը քննարկման առարկա ևս չեն կարող հանդիսանալ հակառակորդի որդեգրած քաղաքական ու ռազմական մոտեցումների համատեքստում: Կարծում եմ, որ առաջնայինն այստեղ այն է, որ մեր զինված ուժերը կատարել են իրենց առջև դրված խնդիրն ու կասեցրել են հակառակորդի գործողություններն և չարժե սա ստորադասել ինչ-ինչ թվաբանական հաշվարկների, հատկապես որ տեղի ունեցած միջադեպերն իրական լայնածավալ պատերազմի համեմատ թույլ կսմիթներ են ու այս մակարդակում տեղի ունեցածը պետք չէ անմիջապես ու անվերապահորեն ներկայացնել, որպես մեր ապագա անխուսափելի հաղթանակի անժխտելի վկայություն: Մեր յուրաքանչյուր մեծ կամ փոքր հաղթանակը պետք է պարզապես մեզ ավելի զգոն ու շրջահայաց դարձնի՝ անհրաժեշտ է անվանապես մեծարել հերոս ռազմիկներին ու նրանց սխրանքը , սակայն բոլորս միասին չպետք է ընկնենք անհամարժեք ցնծության լարած թակարդը: Չարժե նաև նսեմացնել ու ստորացնել հակառակորդին, թեկուզ այն պատճառով, որ որքան մեր քարոզչությունն անսանձ գտնվի այդ գործում, այնքան կնվազի մեր իսկ հաղթանակի արժեքը: Հակառակորդի պարտությունը պետք է բացատրվի ոչ թե նրա թույլ, վախկոտ ու տգետ լինելով, այլ մեր ուժեղ, անձնուրաց պահվածքով ու ռազմարվեստին տիրապետելու բարձր մակարդակով: Վաղ թե ուշ խաղաղությունը հաստատվելու է ու որքան մենք արժանապատիվ գտնվենք պատերազմի ժամանակ, այնքան ավելի արժանապատիվ պայմաններով կհասնենք խաղաղության հաստատմանը:

 

 

Արման Մելիքյան