1920ի ապրիլին Մուստաֆա Քեմալ-Լենին համաձայնության արդյունքում Ադրբեջանը խաղաղ ՛՛խորհրդայնացավ՛՛, նույն տարվա դեկտեմբերին ՛՛խորհրդային մնալու՛՛ համար Նարիմանովը պահանջեց Նախիջևանը և Լեռնային Ղարաբաղը: Մինչ այդ Քեմալ-Լենին համաձայնությամբ տեղի էր ունեցել հայ-թուրքական պատերազմը, որի արդյունքում կոտորվել էր Նախիջևանի, Կարսի, Շիրակի, Ջավախքի խաղաղ, պատերազմին չմասնակցող հայ բնակչությունը, իսկ նոյեմբերի վերջին ՛՛խորհրդայնացավ՛՛ Հայաստանի Հանրապետությունը: Ադրբեջանը խորհրդայնացավ ատևտրի արդյունքում, Հայաստանը՝ ռազմական ճնշման:

 


Զուգահեռները
Թվում է՝ հարյուր տարի անց Հայաստանը ՛՛ԵՏՄ-ացավ՛՛ առևտրի արդյունքում, բայց ՛՛առևտրի՛՛ արդյունքն առայժմ չի նյութականացել,
Հարյուր տարի առաջ Ադրբեջանի խորհրդայնացմանը հաջորդել է հայ-թուրքական պատերազմը, Կարսի, Արդահանի կորուստը, Նախիջևանի, Շիրակի, Ջավախքի, Կարսի հայ բնակչության կոտորածները, Զանգեզուրում հայ բնակչության՝ ադրբեջանաթուրքերի և ռուս բոլշևիկների միացյալ բանակների ջարդերը,
Այսօր՝ Հայաստանի ԵՏՄ-ացմանը հաջորդել է հայ-ադրբեջանական պատերազմը /ապրիլյանը/, որի արդյունքում Արցախը կորուստներ է ունեցել,

 


Հարյուր տարի առաջ որպես խորհրդայնացման գին Ադրբեջանը ձեռք է բերել Նախիջևանը, Լեռնային և հարթավայրային Ղարաբաղը և փաստացի ՛՛իրավունք՛՛՝ Ադրբեջանի տարածքում մնացած հայ բնակչությանը արտամղելու /արդարության համար ասենք՝ խորհրդայնացումից զատ վճարել է նաև Բաքվի նավթով/,
Հարյուր տարի առաջ որպես ՛՛խորհրդայնացման գին՛՛ Հայաստանը տվել է մոտ 200.000 սպանված, Հայաստանի ունեցվածը տարվել է Թուրքիա, գյուղացիներ են տարվել Թուրքական աշխատանքային համակենտրոնացման ճամբարներ, կորցրել է Կարսը, Նախիջևանը և Ղարաբաղը, կորցրել է Ցեղասպանությունից փախստական հայերի՝ հայրենիք վերադառնալու իրավունքը /Մոսկվայի և Կարսի պայմանագրերով Թուրքիան չհամաձայնվեց ետ ընդունել նրանց/ և Մոսկվայի պաշտպանությունը Թուրքիան ազատագրելու Անտանտի երկրներից ու Լոզանի կոնֆերանսին,

 


Այսօր Հայաստանի ԵՏՄ-ացման արժեքը դեռևս Հայաստանի տնտեսության ռուսականացման շարունակականությունն է, միջազգային ատյաններում Ռուսաստանի շահերին ծառայելու Հայաստանի պարտավորությունը, Ռուսաստանի դաշնակցության կասկածելի ընթացքը, ԵՏՄ պետություններ Բելոռուսի և Ղազախստանի կասկածելի /եթե ոչ թշնամական/ վերաբերմունքը, պատերազմի շարունակման վտանգը, թերևս նաև՝ թուրքական ագրեսիայի զսպումը (թերևս՝ որովհետև թուրքական ագրեսիայի զսպումը Ռուսաստանի ՛՛մենաշնորհը՛՛ չի) և Թուրքիա/Ադրբեջանի հետ անդրկուլիսյան համաձայնության գալու մշտական սպառնալիքը...

 

Հրանուշ Խառատյան